Աբդիուի մարգարեության մեկնություն 1:18

Ա․ Լոպուխին

«Հակոբի տունը կրակ է լինելու, իսկ Հովսեփինը` հուր, իսկ Եսավի տունը կլինի ինչպես հարդը. կայրեն նրան ու կոչնչացնեն, ու որևէ մեկը չի մնա Եսավի տնից, քանի որ այսպես է ասում Տերը»:(Սինոդական թարգ․) [18]
   
   18−րդ համարում մարգարեն Հուդան և Հովսեփի տունը կամ Իսրայելը կրակի և հրի հետ է համեմատում (Ես. 10:17, 33:14), իսկ Եսավին էլ հարդի է նմանեցնում, քանզի ցանկանում է Աստծո ժողովրդի զորության և թշնամիների նկատմամբ նրա գերազանցության մասին միտք արտահայտել: Ըստ 18−րդ համարի մտքի՝ Տիրոջ ժողովրդի ժառանգությունը (17−րդ համար) այնպիսին է լինելու, որ ուրիշ ազգերը կաʹմ պետք է միաձուլվեն նրան, կաʹմ էլ պետք է բնաջնջվեն: Մարգարեն դա Եսավի օրինակով է մատնանշում: «Ու որևէ մեկը չի մնա (sarid) Եսավի տնից» ընթերցման փոխարեն  սլավոներենում «Եսավի տանը կրակ անող չի մնա» տարբերակն է։ Եբրայերեն «sarid» արտահայտությունը Յոթանասնիցի որոշ ձեռագրերում (Վատիկանյան կանոն) «puroforoj» բառի միջոցով է թարգմանվում, որն էլ Հիերոնիմոսը «frumentarius−հացի մատակարար» տարբերակով է փոխանցում։ Ուրիշների մոտ վերոհիշյալ արտահայտությունը «purforoj−կրակակիր» տարբերակով է թարգմանվում (Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, երանելի Հիերոնիմոս): Երկու ընթերցումներն էլ այն միտքն են փոխանցում, որ Եդոմում կործանվելու են նույնիսկ նրանք, ովքեր բանակի հետ են եղել, սակայն անմիջականորեն մարտին չեն մասնակցել: Յոթանասնիցի որոշ ձեռագրերում եբրայերեն «sarid» արտահայտությունը «ekfugwn» բառի միջոցով է թարգմանվում։ Այստեղից էլ սլավոներեն տեքստում ի հայտ է եկել «և Եսավի տնից ոչ մի փախչող չի լինի» տարբերակը:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Յակոբի տունը կրակ կը դառնայ, Յովսէփի տունը՝ բոց, իսկ Եսաւի տունը՝ եղէգ. նրանք կը վառուեն նրա շուրջը եւ կ՚ուտեն այն, եւ Եսաւի տանը կրակ անող չի մնայ, քանի որ Տէրը խօսեց:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբի տունը կրակ պիտի լինի, Հովսեփի տունը՝ բոց, Եսավի տունը՝ հարդ, և պիտի վառվեն նրանց մեջ և լափեն նրանց։ Եսավի տունը մնացորդ չի ունենալու, որովհետև Տերը խոսեց։
(Գրաբար) Եւ եղիցի տունն Յակովբու հո՛ւր, և տունն Յովսեփու բո՛ց, և տունն Եսաւայ եղէգն. վառեսցի՛ն զնովաւ և կերիցեն զնա. և մի՛ մնասցէ կրակաբեր տանն Եսաւայ. Զի Տէր խօսեցաւ։