Որք հաղորդեցան չարչարանաց Քոց Քրիստոս սուրբ հայրապետքն.
եւ վերաբերեալ պայծառացան ընդ անմարմին բազմութիւնսն.
սոցին աղաչանօք խնայեա՜ ի մեզ Աստուած հարցն մերոց:
(Շարակնոց)
Քրիստոսի սքանչելագործ վկայ սուրբ Վլասիոս հայրապետը ծնուել է Գ դարի վերջում Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքում կամ էլ նրա սահմանամերձ շրջաններում: Ոմանք ասում են, թէ նրա ծնողները հեթանոսներ էին, ինքը յետագայում է հաւատացել Քրիստոսին ու ջերմեռանդ եղել աստուածպաշտութեան մէջ, իսկ շատերն էլ անորոշաբար ասում են, թէ նա մանկուց մեծացել է աստուածպաշտութեամբ: Ասում են նաեւ, թէ նախկինում նա մասնագիտութեամբ բժիշկ է եղել, իսկ յետոյ Աստուած նրան Քրիստոսի անուամբ հրաշագործ է դարձրել, ինչպէս սուրբ Ղուկասին, Կոզմային եւ Դամիանոսին:
Նա առաջադէմ գտնուեց իր առաքինի ու գովելի ընթացքով: Իր կեանքի բոլոր օրերն ապրեց ինչպէս երկնաքաղաքացի եւ Յոբի նմանութեամբ եղաւ արդար այր, ճշմարիտ աստուածապաշտ ու հեռու բոլոր չար գործերից: Այդ պատճառով Սեբաստիայի եպիսկոպոսի մահից յետոյ Եկեղեցու միաբանութիւնը եւ ողջ ժողովուրդը, ճանաչելով նրա անբիծ վարքագիծն ու իմաստութիւնը, միաձայն հաւանութեամբ որոշեցին եպիսկոպոս ընտրել երանելի Վլասիոսին: Նա յանձն չառաւ եւ իրեն անարժան խոստովանեց այդ պատուին, սակայն տեսնելով բնակչութեան անտերունչ վիճակը ու բազմութեան պահանջը համարելով որպէս Աստուծոյ տնօրինութիւն՝ ակամայ հնազանդուեց եւ տեղի տուեց նրանց կամքին: Եւ այդպէս հաւաքուեցին բոլոր եպիսկոպոսները, քահանաներն ու Եկեղեցու ժառանգաւորները եւ նրան նստեցրին Սեբաստիա քաղաքի քահանայապետութեան Աթոռին:
Ապա տիրապէս սկսեց խօսքերով եւ գործով հնչեցնել Ճշմարտութիւնը, սուրբ Աւետարանի Կեանքի խօսքերով լուսաւորել բոլորին ու շատերին կռապաշտութեան մոլորութիւնից դարձնել դէպի ճշմարիտ աստուածգիտութիւնը: Եւ ինչպէս որ նախքան եպիսկոպոսութիւնը զօրացնում էր Դիոկղետիանոսի կողմից հալածուող քաջ նահատակներին ու բոլորին յորդորում հաստատուն մնալ ճշմարիտ հաւատի մէջ, նոյնը եւ աւելին անում էր եպիսկոպոսութիւնից յետոյ: Ըստ աւանդութեան՝ երբ Եւստրաթէոսեան հինգ քաջ նահատակները Քրիստոսի անուան համար մատնուեցին բանտերի եւ կապանքների, ինքը՝ երանելի Վլասիոս սուրբ հայրապետը, սկսեց յաճախ այցելել նրանց, բաշխել Տիրոջ Մարմնի ու Արեան կենարար Խորհուրդը եւ քաջալերել ու յորդորել Արարչի սիրոյ համար աներկիւղ յարատեւել բոլոր նեղութիւնների մէջ: Այդ ժամանակ սուրբ Եւստրաթէոսը գրութեամբ նրան է յանձնում իր տան գործերի կտակը, որը կարելի է տեսնել հին նկարերում, ուր հինգ վկաների հետ սուրբ Եւստրաթէոսի կողքին պատկերուած է սուրբ Վլասիոսը, ով նրա ձեռքից վերցնում է կտակի թուղթը:
Թւում էր, թէ Կոստանդիանոսի թագաւորելու ժամանակ արդէն մարում էր հալածանքների հրդեհը, սակայն վերստին հուր բորբոքուեց անօրէն Լիկիանոսի երեսից, ով Կոստանդիանոսի քրոջորդին էր: Սա Տիրոջ 308 թուականին Արեւելքում կայսր դարձաւ: Մի այր էր՝ մոլորուած կռապաշտութեան մէջ, որի համար քրիստոնեաների դէմ սոսկալի հալածանքներ սկսեց: Եւ քանի որ լսել էր, թէ Սեբաստիայի կողմերում ծաղկում է աստուածպաշտութիւնը, իսկ Փոքր Հայքում ու Կապադովկիայում օրէցօր մեծ թիւ են կազմում հաւատացեալները, որոշեց այդ շրջաններից իսպառ վերացնել քրիստոնէութեան անունը: Այս անօրէն գործն իրականացնելու համար ընտրեց ազգութեամբ յոյն, չարիքներ գործելուց հիւծուած, անսանձ եւ յանդուգն Ագրիկողայոսին, ում դատաւոր ու իշխան կարգեց Սեբաստիայում եւ նրա մերձակայքում ու նրան օգնական տուեց ոմն Լիւսիաս անունով դիւակերպ մէկին՝ որպէս այդ տարածքի վերակացու եւ տեսուչ:
Երբ Սեբաստիայի հաւատացեալները լսեցին Ագրիկողայոսի՝ ահազդու սպառնալիքներով գալստեան մասին, նրանցից շատերը ցրուեցին, շատերն էլ թաքնուեցին անյայտ վայրերում: Նրանց հետ երանելի Վլասիոս եպիսկոպոսը եւս հաւատացեալների ստիպելով որոշեց միառժամանակ ծածկուած մնալ: Եւ յիշելով աւետարանական «քաղաքից քաղաք հալածուած լինել» խօսքը եւ յատկապէս ունենալով Փրկչի՝ Եփրայիմի անապատ խոյս տալու օրինակը՝ ելաւ Սեբաստիայից ու գնաց բնակուելու Արգիասէս լեռան վրայ գտնուող մի այրում, ուր չէր երեւում որեւէ մարդու հետք, այլ տարածքում շրջում էին միայն գազաններ եւ անասուններ: Այնտեղ առանձնութեան մէջ սկսեց հանդարտել ու խստակրօնութեամբ տրուել աղօթքների, յարատեւ պահեցողութեան եւ տքնութիւնների: Վայրի անասունները, ընտելանալով նրան, հաւաքւում էին նրա մօտ ու ասես թէ օրհնութիւն խնդրում Աստուծոյ ծառայից, իսկ սուրբը, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնում էր նրանց: Երբ նրանցից մէկը տկարանում էր, գալիս էր սուրբի մօտ եւ ինչպէս բանական մէկը՝ նշանացի հասկացնելով ցոյց էր տալիս իր ցաւող տեղն ու չէր հեռանում այդտեղից, մինչեւ չէր շարժում երանելու գութը՝ իրեն ողորմութիւն անելու համար: Սուրբն էլ իր ձեռքը դնում էր նրա վրայ եւ Քրիստոսի անուամբ առողջացնում նրան:
Այդ օրերին Ագրիկողայոսի սպասաւորներից ոմանք դուրս եկան որսի: Այս ու այն կողմ շրջելով՝ նրանցից մի քանիսը հասան այն լեռանը, ուր թաքնուած էր Վլասիոսը, եւ տեսնելով նրա այրի առջեւ հաւաքուած վայրի գազաններին՝ ընկան նրանց յետեւից: Երբ որսորդների ահից կենդանիները ցրուեցին, նրանք տեսան սուրբ եպիսկոպոսին աղօթելիս: Քաղաք դառնալուն պէս այս մասին տեղեկացրին դատաւորին, ով հրաման տուեց, որ իբր որս անելու նպատակով որսորդների հետ որոնողներ գնան դէպի լեռներն ու ամայի վայրերը եւ որտեղ թաքնուած քրիստոնեաներ գտնեն, բերեն իր մօտ:
Որոնողները եկան ու գտան Վլասիոսին աղօթելիս: Նրան ասացին. «Պատրաստուի՛ր գալ մեզ հետ, դատաւորը կանչում է քեզ»: Սուրբն ուրախանալով, զուարթ սրտով եւ հեզութեամբ պատասխանեց. «Հիմա, որդեակնե՛ր, անյապաղ գնանք միասին, քանզի այս գիշեր Տէրը երեք անգամ երեւաց ինձ ու ասաց. «Վե՛ր կաց եւ պատարագ մատուցիր Ինձ՝ ըստ քո քահանայապետութեան կարգի»:
Նրանք ճանապարհ ընկան ու երբ տեղ-տեղ հանգստանում էին, երանելի հայրապետը հոգելից վարդապետութեամբ խօսում էր հեթանոսնե՝ թէ՛ մեծերի եւ թէ՛ փոքրերի հետ: Նա լուսաւորեց շատերի միտքը, ցոյց տուեց ճշմարիտ աստուածպաշտութեան ճանապարհն ու տեսակ-տեսակ հրաշագործութիւններով հաստատեց նրանց հաւատի մէջ: Այդպէս նրա համբաւը տարածուեց բոլոր այն վայրերում, որտեղով անցնում էր: Աւաններից եւ գիւղերից նրա մօտ էին բերում շատ հիւանդներ ու ցաւագարներ, իսկ նա, ձեռքը դնելով նրանց վրայ, առողջացած արձակում էր իրենց տները: Ոչ միայն մարդկանց, այլեւ անասուններին էր բժշկում, որից յոյժ զարմանում էին դատաւորի սպասաւորները եւ սկսում ակնածել նրանից:
Մի կին մինուճար որդի ունէր: Պատահեց, որ այդ մանուկը ձուկ ուտելիս կուլ տուեց փուշը, որը, կանգ առնելով շնչափողում, խեղդեց երեխային, ու նա չէր կարողանում խօսել: Իսկ մանկան մայրը, լսած լինելով սուրբի մասին, գիրկն առաւ որդուն եւ շտապեց գտնել Աստուծոյ մարդուն: Մօտեցաւ նրան, մանկանը դրեց նրա ոտքերի առջեւ, աղաղակեց արտասուքներով ու ասաց. «Ողորմի՜ր իմ որդուն, Յիսուս Քրիստոսի ծառա՛յ, քանզի նա իմ մինուճար զաւակն է»: Այնժամ սուրբն իր ձեռքը դրեց մանկան շնչափողին, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Տէ՜ր, Դու, որ Բժիշկ ես նրանց համար, ովքեր ճշմարտապէս կանչում են Քեզ, լսի՛ր Քո ծառայի աղաչանքները ու Քո անտեսանելի զօրութեամբ այս երեխայից հեռացրու վնասակար փուշը: Եւ սրանից յետոյ եթէ որեւէ մէկի հետ նման բան լինի ու յիշատակի Քո ծառայի անունը, յանուն Քո մեծ անուան փառքի՝ բժշկութիւն պարգեւիր նրան»: Երբ վերջացրեց աղօթքը, սուրբն առողջացած մանկանը յանձնեց մօրը:
Երբ մտաւ մի այլ գիւղ, որն ըստ ոմանց կոչում են Նիկոպոլիս, սուրբ Վլասին մօտեցաւ մի աղքատ եւ այրի կին, ով ոչինչ չունէր, բացի մի փոքր խոզից, որին պահ առաջ յափշտակել էր գայլը: Նա արտասուքներով աղաչում էր եպիսկոպոսին՝ փրկել անասունին գայլի երախից, իսկ սուրբը ժպտալով ասաց նրան. «Մի՛ տրտմիր, ո՛վ կին, քո անասունը քեզ կը հասնի», ու այս ասելով՝ սաստեց գազանին, որը չէր երեւում աչքի առաջ: Երբ կինը շրջուեց, տեսաւ, որ գայլն իրեն ընդառաջ է գալիս՝ անվնաս բերելով իր անասունին, որին թողեց կնոջ մօտ եւ հեռացաւ իր տեղը:
Արդ, երբ սուրբ Վլասիոսը մտաւ Սեբաստիա, Ագրիկողայոսը հրամայեց բանտարկել նրան ու յաջորդ օրն ատեան նստելով՝ հրամայեց իր առջեւ բերել եպիսկոպոսին: Դատաւորը նախ սկսեց մեղմօրէն խօսել նրա հետ եւ ասել. «Տեսնում եմ քեզ ողջ ու առողջ, աստուածների բարեկամ Վլա՛սիոս, ուրա՛խ եղիր»: Երանելին պատասխանեց. «Ուրա՛խ եղիր եւ դու, հզ՛օր դատաւոր, սակայն դու նրանց աստուածներ մի՛ կոչիր, որովհետեւ նրանք դեւեր են եւ ո՛չ աստուածներ, որոնք իրենց պաշտօնեաներով հանդերձ պիտի մատնուեն յաւիտենական հրին»: Դատաւորը, բարկանալով նրա համարձակ խօսքերից, հրամայեց դալար ճիպոտներով հարուածել նրան, որպէսզի սթափուի իր անմտութիւնից ու սովորի անարգելու փոխարէն մեծարել աստուածներին: Երկար ժամեր բաւական գանահարուելուց յետոյ սուրբն առաւել համարձակ ասաց բռնաւորին. «Ո՛վ լիրբ եւ անպատկառ կուռքերի պաշտօնեայ, եթէ կարծում ես, թէ տանջանքների մատնելով կարող ես ինձ յետ դարձնել ճշմարիտ Աստծուն դաւանելուց, չես կարող, որովհետեւ ես հաւատում եմ Յիսուս Քրիստոսին, կենդանի Աստուծոյ Որդուն, Ով ինձ զօրութիւն է տալիս»: Այնժամ դատաւորը հրամայեց նրան բանտ նետել:
Երեք օր անց, երբ դատաւորը դարձեալ ատեան նստեց, իր առջեւ բերել տուեց Աստուծոյ սուրբին եւ ասաց. «Վլասիէ՛, եթէ չզոհես աստուածներին, կը կորչե՛ս չարաչար մահուամբ»: Վլասիոսը պատասխանեց. «Թող կորչե՛ն քո աստուածները, որոնք չեն արարել երկինքն ու երկիրը, իսկ մահը, որով ինձ սպառնում ես, ինձ առիթ կը լինի մտնել յաւիտենական Կեանք»: Բռնաւորը, տեսնելով նրա անսասան հաւատը, հրամայեց երանելուն կախել փայտից եւ երկաթէ քերիչներով անխնայ քերել նրա մարմինը: Գետի պէս սկսեցին հոսել նրա արեան վտակները ու ներկել գետինը, սակայն նա իր տանջանքերի մէջ նոյն խօսքերն էր կրկնում եւ ասում դատաւորին. «Դու հարուածներ ես հասցնում ինձ, սակայն ինձ հետ է իմ Զօրացուցիչը՝ Քրիստոս: Ես յուսալով սպասում եմ անանց Բարիքներին, որոնք Նա պատրաստել է Իր սիրելիների համար»:
Դատաւորը հրամայեց իջեցնել նրան փայտից ու տանել բանտ: Եւ մինչ տանում էին սուրբին, ով ոտքից մինչեւ գլուխ շաղախուած էր արեամբ, Աստծուց երկիւղած եօթ կանայք գնում էին նրա յետեւից ու իրենց օծում սուրբից հեղուած արեամբ: Այս տեսնելով՝ դահիճները նրանց բերեցին դատաւորի առջեւ եւ ասացին. «Ո՛վ դատաւոր, ահա սրանք եւս քրիստոնեաներ են», ու պատմեցին, ինչ որ նրանք արել էին: Դատաւորն ասաց նրանց. «Հնազանդուէ՛ք աստուածներին եւ նրանց զոհեր մատուցէ՛ք»: Կանայք խաբէութեամբ ասացին. «Եթէ կամենում ես, որ զոհենք քո աստուածներին, հրամայիր նրանց բերել ծովափ, որպէսզի այնտեղ լուանալով մեր երեսները՝ պատրաստ լինենք կատարելու քո հրամանը»: Յոյժ ուրախացաւ բռնաւորը ու կարծեց, թէ նրանք կը խոստանան կատարել իր կամքը: Իսկ կանայք, վերցնելով գարշելի կուռքերին, նետեցին ծովը:
Երբ այս լուրը հասաւ բռնաւորին, նա այնքան բարկացաւ, որ սրտմտութիւնից փոխեց երեսի գոյնը: Կրճտացրեց իր ատամները եւ մեղքը գցելով զինուորների վրայ՝ ասաց. «Ինչո՞ւ նրանց թոյլ տուեցիք աստուածներին ծովը նետել»: Զինուորները պատասխանեցին. «Ինչպէս որ քեզ հետ խօսեցին նենգութեամբ, նոյն պատրանքներով մեզ մոլորեցրին, քանզի մինչ կարծում էինք, թէ նրանք մօտենում են, որ սիրով երկրպագեն, սակայն վերցնելով կուռքերին՝ խորտակեցին ծովում»:
Երանելի կանանց բերեցին բարկացած դատաւորի առջեւ, եւ երբ սաստիկ նախատուեցին իրենց արարքի համար, նրանք ասացին. «Այն աստուածը, որը պահպանութեան համար գտնւում է զօրականների հսկողութեան տակ, նա աստուած չէ, քանզի Աստուած անվնասելի է ու անչարչարելի: Իսկ նրանք, որոնց դուք աստուածներ էք կոչում, մարդկանց ձեռքի գործեր են՝ քանդակուած փայտից, ոսկուց, քարից, պղնձից, զուրկ մտքից ու զօրութիւնից եւ նման նրանց, ովքեր արարեցին իրենց: Եւ արդ, տեսէ՛ք ձեր աստուածների անզօրութիւնը, արդեօք կարո՞ղ են նրանք ելնել ծովի խորքերից»:
Դատաւորը մոլեգնելով հրամայեց կապար հալեցնել ու լցնել մեծ կաթսայի մէջ: Կաթսայի մի կողմում հրամայեց դնել սուսեր, երկաթէ ճանկեր եւ տանջանքի այլ գործիքներ, իսկ միւս կողմում՝ փափուկ կտաւներ, կանացի զարդեր, ոսկեղէն ու արծաթեղէն: Ապա ասաց կանանց. «Ձեզ համար ընտրէ՛ք այս երկուսից մէկը. կա՛մ երկրպագէք աստուածներին եւ փրկէք ձեր անձերը` այսպիսի փափուկ կտաւներով ու զարդեղէնով, կա՛մ էլ այժմ պիտի այրուէք՝ նախապէս ընդունելով ձեզ համար պատրաստուած այս տանջանքներով խոշտանգումները»: Սուրբ կանայք ընտրեցին տանջանքները, նրանցից մէկն էլ թքեց զարդեղէնի վրայ, իսկ կտաւները գցեց հնոցի հրի մէջ: Սրա երկու երեխաները եկել էին իրենց մօր յետեւից եւ տեսնելով տանջանքներով նահատակութեան պատրաստուող իրենց մօրը՝ սկսեցին աղաչել ու ասել նրան. «Մեզ էլ վերցրու քեզ հետ եւ մի՛ թող, որ կորչենք այստեղ: Եւ ինչպէս որ սնեցիր եւ յագեցրիր մեզ քո քաղցր կաթով, այժմ էլ յագեցրու մեզ Աստուծոյ Արքայութեամբ»:
Այս լսելով՝ դատաւորը, սաստիկ բարկացաւ եւ հրամայեց տղաներին հեռացնել մօրից: Հրամայեց նրանց բանտ տանել, ուր գտնւում էր Վլասիոսը, իսկ դահիճներին հրամայեց կանանց շտապ կախաղան հանել ու քերել մարմինները: Եւ հրաշք եղաւ. նրանց մարմինները դարձան ձիւնից առաւել սպիտակ ու նրանցից սաստիկ լոյս փայլատակեց, որը կուրացրեց նրանց նայող զինուորների աչքերը: Անգամ նրանց արիւնն էր երեւում սպիտակ կաթի նման: Այնժամ երկնքից մի հրեշտակ իջաւ, բժշկեց նրանց բոլոր վէրքերը եւ ասաց. «Մի՛ երկնչէք, քանզի երբ բարի մշակն սկսում է հնձել, ոչ թէ սկզբից է առնում վարձքը, այլ երբ կատարում է իր գործը՝ ըստ տիրոջ կամքի, ով իրեն կանչեց հունձ անելու: Այնժամ լի օրհնութեամբ ստանում է իր ամբողջ վարձքը եւ ուրախութեամբ գնում իր տուն: Այսպէս եւ դուք, որ սկսեցիք քաջութեամբ, համբերէ՛ք մինչեւ մրցութեան վերջը, որպէսզի ամէնքի Փրկչից ընդունէք յաւիտենական Կեանքը»:
Ապա դատաւորը հրամայեց երանելի կանանց գցել բորբոքուած հնոցի մէջ, սակայն մտնելուն պէս անմիջապէս հուրը մարեց, եւ նրանք անվնաս դուրս եկան հնոցից: Այս բանից յիմարացած դատաւորն ասաց. «Թողէ՛ք ձեր այդ կախարդութիւնը եւ մօտեցէ՛ք զոհելու աստուածներին»: Իսկ սուրբ կանայք միաբան ասացին. «Փա՜ռք Քեզ, ո՜վ մեր Թագաւոր` Յիսո՛ւս Քրիստոս, որ հրաւիրեցիր մեզ գալ Քո Արքայութեան ճանապարհով»: Ապա դառնալով դատաւորին՝ ասացին. «Շտապի՛ր կատարել, ինչ որ մտադիր ես, քանզի մենք երկնքի Արքայութեան հրաւէրն ունենք»: Այնժամ բռնաւորը զայրանալով հրամայեց սրով վերջ տալ նրանց:
Դահիճները նրանց տարան նահատակութեան վայրը: Սուրբերը խնդրեցին նրանց թոյլ տալ փոքր-ինչ աղօթել: Ապա ծունկի իջան ու ասացին. «Ո՞վ է նման մեր Տէր Աստծուն, Ով դուրս բերեց մեզ խաւարից եւ կանչեց Իր փառքի լոյսի մէջ: Աղաչում ենք Քեզ, ո՜վ Աստուա՛ծ, համադասիր մեզ Քո առաջին վկայ սուրբ Թեկղիի հետ ու ընդունի՛ր Քո սուրբ քահանայապետի եւ վկայի՝ Վլասի աղօթքները, ով առաջնորդեց մեզ դէպի այս նահատակութիւնը»: Ու դարձեալ տարածելով իրենց ձեռքերը՝ աչքերը երկինք բարձրացրին եւ ասացին. «Փա՜ռք Քեզ, ո՜վ մեր Քրիստոս Աստուած, որ մեզ արժանացրիր կանգնել զոհասեղանին` իբրեւ մորթուելու տարուող ոչխարներ: Եւ արդ, Քո սուրբ Սեղանի վրայ ընդունիր մեր հոգիները` իբրեւ պատարագ»: Եւ դեռ խօսքը չաւարտած՝ դահիճները սրով կտրեցին երանելիների գլուխները, ովքեր յօժարակամ մատնեցին իրենց անձերը Քրիստոսի սիրոյ եւ ունեցած յոյսի համար:
Իսկ դատաւորն օրուայ երրորդ ժամին նստեց ատեան ու հրամայեց բանտից Վլասին իր առջեւ բերել: Երբ Վլասը կանգնեց ատեանի առջեւ, դատաւորն սկսեց խօսել նրա հետ եւ ասել. «Վլասիէ՛, այժմ կը զոհե՞ս կուռքերին»: Սուրբը պատասխանեց. «Ո՞վ է այն մարդը, ով Աստծուն որպէս ճշմարիտ Արարիչ ճանաչելուց յետոյ, կÿերկրպագի անշունչ կուռքերին: Դու, որ խարխափում ես խաւարում, երկրպագում ես քարերին ու փայտին, իսկ ես՝ երկնքի եւ երկրի Արարչին: Եւ այս էլ իմացիր, ես չեմ վախենում քո սպառնալիքներից, տանջի՛ր ինձ, ինչպէս կամենում ես, որովհետեւ դու միայն մարմինս կարող ես տանջել, իսկ հոգուս վրայ իշխանութիւն ունի միայն Արարիչը»: Դատաւորն ասաց. «Ա՛յ թշուառական, եթէ քեզ գցեմ ծովի խորքերը, քեզ ինչպէ՞ս կը փրկի Նա, Ում դու երկրպագում եւ պաշտում ես»: Հայհոյիչի այս արհամարհական խօսքերից սուրբ եպիսկոպոսը, վառուելով աստուածային նախանձախնդրութեամբ, պատասխանեց խստագոյն խօսքերով ու ասաց. «Ո՛վ անմիտ, եթէ դու կարծում ես, թէ երկրպագելով գարշելի կուռքերին` կարող ես փրկուել, ապա վա՛յ քեզ, երի՛ցս թշուառական եւ արիւնարբու գազան, դու յաւիտենական հուրն ես ժառանգելու: Իսկ այժմ ջրերի վրայ ես քեզ ցոյց կը տամ իմ Տիրոջ զօրութիւնը, Ում պաշտում եմ»: Այնժամ իշխանը հրամայեց նրա պարանոցից քար կապել ու ընկղմել ծովի մէջ (որը Սեբաստիայի լիճն է): Նա, առաջ գնալով, Խաչի նշանով կնքեց ջուրը, եւ ահա այն փոխեց իր լոյծ բնութիւնը, կարծրացաւ, եւ սուրբը քայլեց ծովի՝ ինչպէս ցամաքի վրայով: Ապա դառնալով դահիճներին եւ հեթանոսների բազմութեանը՝ ասաց. «Եթէ դուք աստուածներ ունէք, ապա եկէք այստեղ ու ցոյց տուէք նրանց զօրութիւնը»: Այս խօսքերի վրայ նրանք համարձակ մտան ծովը, սակայն վաթսունութ մարդ ընկղմուեց ծովի խորքերում: Այնժամ Աստուծոյ հրեշտակն իջաւ սուրբի մօտ եւ ասաց. «Ուրա՛խ եղիր, Աստուծո՛յ քահանայապետ, ելի՛ր այս երկրից, ե՛կ եւ ընդունի՛ր Աստծուց քեզ համար պատրաստուած պսակը»: Սուրբը, քայլելով ծովի վրայով, դուրս եկաւ ցամաք, եւ ողջ ժողովուրդը տեսաւ, որ լոյս էր ճառագում նրա երեսից, ու սքանչելի տեսք ունէր: Բայց բռնաւոր Ագրիկողայոսը, սուրբի բոլոր գործերը կախարդութիւն համարելով, ասաց նրան. «Ինչո՞ւ ես այդքան յամառում: Մեռնելն աստուածներին զոհաբերելուց լա՞ւ ես համարում»: Սուրբն ասաց. «Իմացի՛ր, ո՛վ դատաւոր, որ ես Սուրբ Աստուծոյ ծառան եմ եւ գարշելի կուռքերին չեմ զոհի»: Դատաւորը բարկացաւ ու անմիջապէս գլխատման այսպիսի մահավճիռ արձակեց. «Վլասիոսը, ով արհամարհեց ինքնակալ թագաւորի հրամանը եւ անարգեց աստուածներին, մահապարտ է: Հրամայում եմ սրով կտրել նրա գլուխը եւ այս վճիռը տարածել նաեւ այն երկու մանուկների վրայ, ովքեր մոլորուեցին՝ հետեւելով նրա մոգութեանը»:
Նրանց տարան նահատակութեան վայրը: Մինչ դահիճը պատրաստում էր իր սուրը, սուրբ հայրապետն սկսեց աղօթել՝ ասելով. «Գոհանում եմ Քեզանից, Տէ՜ր Աստուած իմ, Դու փրկեցիր ինձ կռապաշտութիւնից ու բերեցիր խաւարից դէպի լոյս, անգիտութիւնից դէպի ճշմարիտ գիտութեան: Զօրութիւնների Տէր, որ նստում ես քերովբէների վրայ եւ բացում երկնքի սահանքները, որ ձգեցիր Քո աղեղը ամպերի մէջ, պարտութեան մատնեցիր սատանային ու ոչնչացրիր վիշապի զօրութիւնը, լսի՛ր ծառայիդ աղաչանքները եւ օգնութեան հասիր Քո հաւատացեալների հոգու ու մարմնի բոլոր կարիքներին: Եւ եթէ մէկը պատահմամբ կուլ տայ փուշ կամ ոսկոր կամ նման ինչ-որ նեղութեան հանդիպի, ու եթէ Քո աստուածութեան առջեւ կանչեն իմ անունը, կատարի՛ր նրանց իւրաքանչիւր խնդրանքը»:
Աղօթելուց յետոյ երկնքից ամպ իջաւ եւ ծածկեց նրան: Ամպի միջից Փրկիչը խօսեց նրա հետ ու ասաց. «Իմ քա՛ջ նահատակ, կը կատարե՛մ քո բոլոր խնդրանքները եւ աւելին կÿանեմ: Յանուն Ինձ քո բարի նահատակութեան՝ կÿօրհնեմ բոլոր նրանց տները, ովքեր կը կատարեն քո յիշատակը, ու նրանց շտեմարանները բարիքներով կը լցնեմ: Իսկ դու ե՛կ եւ հանգստացի՛ր անճառելի փառքի մէջ, որ քեզ համար պատրաստեցիր քո ճգնութիւններով»: Այս ասելով՝ Փրկիչը երկինք վերացաւ:
Իսկ դահիճները քաղաքից դուրս՝ պարիսպների մօտ, գլխատեցին սուրբ Վլասիոսին ու երկու մանուկներին: Եւ մի բարեպաշտ կին, ում անունը Եղիսեա էր, վերցրեց նրանց նշխարներն ու ամփոփեց նրանց նահատակութեան վայրում: Այդ տեղը նշանաւոր դարձաւ` սուրբ Վլասի բարեխօսութեամբ կատարուած բազում հրաշքների եւ բժշկութիւնների պատճառով: Նրա նահատակութիւնը եղաւ Լիկիանոսի թագաւորութեան օրօք՝ Տիրոջ 315 թուականի փետրուարի 10-ին կամ 11-ին:
Սուրբի անունը փառաւորուեց ողջ աշխարհի բոլոր քրիստոնէական եկեղեցիներում: Բոլոր տեղերում նրա անուամբ կառուցուեցին շատ եկեղեցիներ՝ նախ Սեբաստիայում, ապա Ասիայի այլ քաղաքներում:
 
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 70:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: