Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1։23

Մաղաքիա արք. Օրմանյան

23-28. Արդ, նրանց ժողովարանում մի մարդ կար՝ պիղծ ոգուց բռնուած, որն աղաղակեց եւ ասաց. «Թո՛յլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Յիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թէ ով ես դու, Աստծու Սուրբն ես»: Յիսուս սաստեց նրան ու ասաց. «Ձայնդ կտրի՛ր եւ դո՛ւրս ել դրանից»: Եւ պիղծ ոգին սաստիկ ցնցեց դիւահարին եւ բարձրաձայն աղաղակելով՝ դուրս ելաւ նրանից: Եւ ամէնքը զարմացան, այնպէս որ հարցնում էին իրար եւ ասում. «Այս ի՞նչ նոր վարդապետութիւն է, որ իշխանութեամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, եւ նրանք հնազանդւում են նրան»: Եւ նրա համբաւը տարածուեց Գալիլիայի բոլոր կողմերում:
   
   Այդ շաբաթական քարոզներից առաջինում կամ առաջիններից մեկում ուշադրություն գրավող մի դիպված եղավ, որ մեծ ուշադրության արժանացավ և այդ մասին խոսվեց հրապարակայնորեն։ Հիսուս Իր խոսքն էր շարունակում և Սուրբ Գրոց մեկնություններում զարմանալի կետեր բացահայտում, երբ ժողովարանի մի անկյունից բարձրաձայն ճիչ լսվեց, նեղված և զսպված մեկի ձայնը, որ աշխատում էր ազատվել․ «Թույլ տուր, բաց թող Հիսուս Նազովրեցի, ի՞նչ ես ուզում մեզնից, եկել ես, որ մեզ բոլորովին ընկճես ու ջնջե՞ս, մի՛ պնդիր այլևս, արդեն իմացել ենք, թե դու ո՛վ ես, խոստովանում ենք, որ դու ես Սուրբն Աստուծո, խոստացյալ Մեսիան»։ Բանախոսությունն ընդհատվեց։ Բոլորի աչքերն այն կողմը շուռ եկան։ Հիսուս ևս շրջվեց և իշխանական ձայնով սաստեց և հրամայեց․ «Պապանձվի՛ր, ձայնդ կտրի՛ր, դրանից դուրս ե՛կ, այդ մարդուն մի՛ տանջիր»։ Սատանան, որ խոսում էր դիվահարի բերանով, չկարողացավ հրամանին դեմ գնալ, մեջտեղ նետվեց, զարկվեց գետնին, տապալեց ձայն հանող մարդուն, մի բարձր ձայն էլ արձակեց և ահա, խեղճ մարդն ամբողջովին հանգստացավ, ուշքի եկավ, մոլեգնությունից ազատվեց, որովհետև չար դևը, այսն պիղծ, դուրս էր եկել, մարդն իր անբնական վիճակից ազատված՝ դարձել էր բնական կացությանը։
   Անշուշտ, այդ խեղճի զարմանքը մեծ եղավ, երբ հանկարծ ուշքի եկավ, սակայն առավել մեծ եղավ ժողովարանում խմբված բազմության զարմանքը՝ տեսած հրաշքի պատճառով։ Քիչ չէին զարմացել նաև ժողովարանից դուրս գտնվողները, որոնք առաջիններից լսում էին եղելության հրաշալի մանրամասները։ Բոլորի մտքերը զբաղեցնում էր զարմանքի առարկա դարձած երկու կետ՝ վարդապետությունն ու հրաշագործությունը։ Եթե հրաշագործությունը զարմանք էր պատճառում իր անակնկալներով, ապա ավելի մեծ զարմանք էր պատճառում վարդապետությունն իր նորանոր տեսություններով և մեսիական հարաբերություններով։ Դժվար չէր վարդապետությունը մերժելն ու խոսողին անարգելը տարօրինակ ոճի համար, բայց մյուս կողմից հրաշագործությունն էր գալիս՝ զորացնելու վարդապետությունը։ Այսպիսի հայտնի հրաշագործը չէր կարող մոլար վարդապետող լիներ։ Ավետարանիչը շատ հստակ կերպով էր ունկնդիր և ականատես ժողովրդին հայտնում այդ մտավոր տագնապը, երբ միմյանց է խառնում Հիսուսի ասածն ու արածը և միացնում՝ իբրև զարմանքի միակ կամ միավորյալ պատճառ ու մեջբերում է ժողովրդի մեջ պտտվող բամբասանքի ու փսփսուքի խոսքերը․ «Զի՞նչ է նոր վարդապետութիւնս, զի իշխանութեամբ այսոց պղծոց սաստէ, եւ հնազանդին սմա» (Մարկ․ 1։27): Այս ամենի մասին խոսվում կամ պատմվում էր ոչ միայն Կաառնայումում, այլ շրջակա բոլոր գավառներում, ուր գնում էին այդտեղից անցնողները։
   Դիվահարների բժշկության անդրանիկ դեպքն է սա, որ հանդիպում ենք Ավետարանի պատմության մեջ։ Առաջիկայում նման բժշկությունների նորաներ օրինակների պիտի հանդիպենք, թեպետև Հովհաննեսի Ավետարանում բնավ չի հիշատակվում դիվահարի որևէ բժշկություն։ Սուրբ Գրոց մնացյալ մասերից էլ միայն Գործք Առաքելոցը մի քանի հիշատակություններ ունի։ Դիվահարների որպիսության վերաբերյալ բավականին հետազոտություններ և վիճաբանություններ են տեղի ունեցել, նույնիսկ Սուրբ Գրոց լավագույն մեկնիչների միջև։ Նրանք, ովքեր Սուրբ Գիրքը կեղծելու դիտավորություն ունեն, դիվահարությունը բոլորովին անընդունելի են համարում և փորձ են անում դիվահարներին համարել ջղագրգռության հիվանդության տեսակներից մեկով տառապողներ։ Վերջիններիս կարծիքը հիմնվում է անտեսանելի հոգիների գոյությունը մերժելու վրա։ Մենք անհրաժեշտ չենք համարում նրանց մասին խոսել, քանի որ հների էպիկուրյան փիլիսոփայությունը, հրեական սադուկեցիների աղանդը և նորերի նյութապաշտությունը հավսարապես ընդունելի կարծիքներ չեն։ Բայց մենք ընդունում ենք, որ ուղիղ վարդապետության համաձայն կան բարի և չար ոգիներ, որոնք կարող են մարդկանց հետ հարաբերության մեջ մտնել։ Բայց եթե անգամ բնական հիվանդությունները, ավելորդապաշտ կարծիքներով դիվական ազդեցություններ էլ համարվեն, ապա երբեք չեն կարող եղծել ուղիղ վարդապետությունը։ Ինչպես նաև սուտ երդմնեցուցչությունը, կախարդության, դյութության և հուռութներով հմայության խաբեությունները, չեն կարող հերքել դիվահարների ճշմարիտ բժշկության գոյությունը, այլ մանավանդ հաստատում են, որովհետև եթե մի բանի իսկականը գոյություն չունի, ապա կեղծն էլ չի ստեղծվի։ Իսկ եթե Ավետարանում պատմված Հիսուսի կատարած բժշկությունները կասկածից և բոլոր տեսակի քննադատությունից վեր են, ուստի Ավետարանին հետևողների համար խնդրո առարկա լինել չեն կարող։
   

Ա. Լոպուխին

Ժողովարանում պիղծ ոգով բռնված մի մարդ կար. նա աղաղակեց, որն աղաղակեց եւ ասաց. (Սինոդական թարգ․)[23]
   
   «Չար ոգուց բռնված». նույնն է, ինչ դիվահարը (այս մասին ընթերցի՛ր Մատթ․ 4:24 համարի մեկնաբանության մեջ):
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Արդ, նրանց ժողովարանում մի մարդ կար՝ պիղծ ոգուց բռնուած, որն աղաղակեց եւ ասաց.
(Արարատ թարգ․) Ժողովարանում պիղծ ոգով բռնված մի մարդ կար. նա աղաղակեց
(Գրաբար) Էր ի ժողովրդեանն նոցա այր մի, յորում ա՛յս պիղծ գոյր ի նմա. աղաղակեա՛ց ՝ եւ ասէ: