Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1։34

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա տեսակ-տեսակ հիւանդութիւններից բազում հիւանդներ բժշկեց եւ բազում դեւեր հանեց. եւ թոյլ չէր տալիս դեւերին խօսել, որովհետեւ գիտէին նրան, որ Քրիստոսն է:

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:32
   

Ֆեոֆիլակտ Բուլղարացի

Եւ նա տեսակ-տեսակ հիւանդութիւններից բազում հիւանդներ բժշկեց եւ բազում դեւեր հանեց. եւ թոյլ չէր տալիս դեւերին խօսել, որովհետեւ գիտէին նրան, որ Քրիստոսն է:
   
   «Բոլորի» փոխարեն ասվում է, որ «շատերին» բժշկեց, քանի որ բոլորը բազմություններ են կազմում։ Կամ էլ ոչ բոլորին բժշկեց, որովհետև ոմանք անհավատ եղան, ուստի իրենց անհավատության պատճառով չբժշկվեցին, բայց նա բժշկեց բերվածներից  «շատերին»,  այսինքն՝  հավատացյալներին:

   Նա թույլ չտվեց, որ դևերը խոսեն, որպեսզի, ինչպես ասացի, մեզ իրենց հավատալ չսովորեցնեն, թեև նրանք ճշմարտությունն էին ասում: Հակառակ դեպքում, եթե նրանք գտնեին իրենց լիովին վստահող մեկին, ապա այդ անիծյալները, սուտը ճշմարտության հետ խառնելով, ինչեր չէին անի: Նույն կերպ էլ Պողոսը հարցուկ ոգուն խոսել արգելեց. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծո ծառաներն են»։ Սուրբ  մարդը չցանկացավ անմաքուր շրթունքներից ելնող պատասխաններն ու վկայությունները լսել (Գործք. 16:17–18)։
   

Ա. Լոպուխին

Եւ նա տեսակ-տեսակ հիւանդութիւններից բազում հիւանդներ բժշկեց եւ բազում դեւեր հանեց. եւ թոյլ չէր տալիս դեւերին խօսել, որովհետեւ գիտէին նրան, որ Քրիստոսն է: (Սինոդական թարգ․)[34]
   
   Իր մոտ բերված բոլոր հիվանդներից Տերը բժշկեց շատերին, ակնհայտորեն նրանց, որոնք  Նրա աչքի առաջ էին,  կամ որոնք  արժանի էին բժշկվելու (Մատթ. 8:16): Մարկոս ավետարանիչը Մատթեոսի խոսքերին ավելացնում է, որ Տերը թույլ չի տվել դևերին ասել, որ նրանք ճանաչում են Իրեն: Թվում է, որ այստեղ ավելի լավ է այն մասին ցուցում տեսնել, որ Տերը դևերին ընդհանրապես խոսել թույլ չի տվել: Դրա ակնարկը մենք գտնում ենք հենց այն արտահայտության մեջ, որով այստեղ նշվում է «խոսել» բառը (ոչ թե laleΐn, այլ legein): Տերը թույլ չի տվել, որ դևերը խոսեն, քանի որ նրանք գիտեին Իր մասին, թե ով է Ինքը։ Քրիստոսը, վերը նշված պատճառներով (համար 24), չի ցանկացել թույլ տալ, որ Իր արժանապատվության ճանաչումը լինի դիվահարների շուրթերով։
--------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Եւ նա տեսակ-տեսակ հիւանդութիւններից բազում հիւանդներ բժշկեց եւ բազում դեւեր հանեց. եւ թոյլ չէր տալիս դեւերին խօսել, որովհետեւ գիտէին նրան, որ Քրիստոսն է:
(Արարատ թարգ․) Տարբեր ցավերով տառապող շատ հիվանդների բժշկեց ու շատ դևեր հանեց։ Եվ դևերին թույլ չէր տալիս, որ խոսեին, որովհետև նրան գիտեին։
(Գրաբար) Բժշկեա՛ց բազում հիւանդս ի պէս պէս ախտից, եւ դե՛ւս բազումս եհան. ո՛չ տայր խաւսել դիւացն, գիտէին զնա ՝ թէ քրիստոսն է է: