Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:11

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Որ քաղաքը կամ գյուղը մտնեք, հարցրե՛ք, թե այնտեղ ո՛վ կա արժանի, և այնտե՛ղ մնացեք մինչև ձեր ելնելը»։
   

    «Երբ Ես ասացի, — ասում է Նա, — մշակն արժանի է իրեն տրվելիք կերակուրին» (Մատթ. 10:10), այդպիսով բոլոր ճանապարհների դռները չբացեցի ձեր առջև, այլ, ընդհակառակը, նույնիսկ այստեղ էլ ձեզ հրահանգում եմ վարվել մեծ զգուշությամբ, ինչը ձեզ կծառայի պատիվ ձեռք բերելու և հենց կերակուր ունենալու համար:

    Իրոք որ, եթե ձեզ ընդունողն արժանավոր մեկը լինի, ապա նա անպայմանորեն ձեզ սնունդ կտա՝ հատկապես եթե դուք բացի անհրաժեշտից ոչինչ ավելի չպահանջեք: Բայց Քրիստոս ոչ միայն հրամայում է փնտրել արժանավորներին, այլև արժանի մարդկանց տնից դուրս չգալ՝ տնից տուն անցնելով, որպեսզի ո՛չ իրենց ընդունողին վիրավորեն, ո՛չ էլ իրենք մեղադրանքի ենթարկվեն որկրամոլության և թեթևամտության համար։

    Հիսուս հենց սա էր մատնանշում Իր այս խոսքերով. «Այնտե՛ղ մնացեք մինչև ձեր ելնելը»: Նույնը կարելի է տեսնել նաև մյուս ավետարանիչների գրվածքներում: Տեսնու՞մ ես, թե Քրիստոս ինչպես է այդ եղանակով աշակերտներին հարգանքի արժանի անձինք դարձնում, իսկ նրանց ընդունողներին էլ ջանասիրությամբ է լցնում առաքյալներին հյուրընկալելու համար՝ այդպիսով ցույց տալով, որ դա նրանց անհամեմատ ավելի մեծ փառք և օգուտ կբերի»:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Որ քաղաքը կամ գիւղը մտնէք, հարցրէ՛ք, թէ ո՛վ է այնտեղ արժանաւորը, եւ այնտեղ մնացէ՛ք, մինչեւ որ այդտեղից դուրս ելնէք:
   

    Որ քաղաքը կամ գյուղը որ մտնեք, հարցրեք, թե այնտեղ ով է արժանավոր, և այնտեղ մնացեք, մինչև ելնեք այնտեղից: Այս խոսքով մարզում է նրանց, թե՝ պետք է ամեն տեղ հասնեք, բայց ուր որ ժամանեք, նախ փնտրեք արժանավոր ասպնջա կանին, որովհետև մարդկանց մեջ բնավորությամբ լավեր ու վատեր կան. լավերի՛ մոտ մտնելով օթևանեք, ասում է, և այնտեղից մի՛ տեղափոխվեք: Որովհետև թեպետ ասացի, որ մշակն արժանի է կերակրի, սակայն ամեն դուռ չբացեցի ձեզ համար, այլ այնտեղ մեծ ճշգրտությամբ պիտի շարժվեք ավետարանի քարոզության մշակությունից հետո, և դա նույնպես փառք կհամարվի ձեզ համար: Նաև մի՛ տեղափոխվեք այնտեղից, որպեսզի հյուրընկալին չտրտմեցնեք և ձեր մասին կարծել չտաք, թե որկրամոլ եք:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Որ քաղաքը կամ գիւղը մտնէք, հարցրէ՛ք, թէ ո՛վ է այնտեղ արժանաւորը, եւ այնտեղ մնացէ՛ք, մինչեւ որ այդտեղից դուրս ելնէք:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:5