Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
19-20. «Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ եք խոսելու, որովհետև նույն պահին կտրվի ձեզ այն, ինչ խոսելու եք»։ «Քանի որ խոսողը դուք չեք լինելու, այլ ձեր Հոր Հոգին, որ խոսելու է ձեր մեջ»։
Աստված ամենուրեք կատարում է Իր կամքը, թեկուզ ոչ ոք ուշադրություն չդարձնի դրան։ Սա առաքյալների համար մխիթարություն էր ոչ թե այն առումով, որ նրանք ցանկանում էին ուրիշներից վրեժ լուծել, այլ որովհետև կարող էին վստահ լինել, թե Նա, Ով կանխատեսել և կանխագուշակել էր նրանց այդ դժվարությունները, ամենուրեք իրենց հետ կլինի, և որ նրանք կհաղթահարեն այդ պատուհասները ոչ իբրև հանցագործներ և չարագործներ։
Բացի այդ, Քրիստոս առաքյալների համար ավելացնում է ևս մեկ ոչ փոքր մխիթարություն՝ ասելով. «Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ եք խոսելու, որովհետև նույն պահին կտրվի ձեզ այն, ինչ խոսելու եք։ Քանի որ խոսողը դուք չեք լինելու, այլ ձեր Հոր Հոգին, որ խոսելու է ձեր մեջ» (Մատթ. 10:19-20)։
Եվ որպեսզի առաքյալները չասեն՝ մենք ինչպե՞ս կարող ենք համոզել այդպիսի իրավիճակներում, Հիսուս պատվիրում է նրանց վճռականորեն վստահ լինել նաև իրենց պաշտպանության հարցում։ Եվ մեկ այլ տեղում էլ Փրկիչն ասում է. «Ես ձեզ կտամ բերան և իմաստություն» (Ղուկ. 21:15)։ Իսկ ահա այստեղ, ասելով՝ «ձեր Հոր Հոգին է խոսելու ձեր մեջ», Նա առաքյալներին բարձրացնում է մարգարեական արժանավորության աստիճանի։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
19-20. Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք. քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով:
Բայց երբ մատնեն ձեզ, մի՛ մտահոգվեք, թե ինչպես կամ ինչ եք խոսելու, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ խոսելու եք: Որովհետև ոչ թե դուք եք խոսելու, այլ ձեր Հոր Հոգին է խոսելու ձեր մեջ:
Որպեսզի չասեին, թե երբ այսպիսի բան պատահի, մենք ինչպե՞ս կկարողանանք խոսել կամ պատասխանել, Իրեն և Հորն է ապավինել տալիս: Ինչպես որ կերակրի համար էր ասում՝ մի՛ մտահոգվեք, այդպես էլ այժմ պատասխան տալու համար [է ասում], որով ցույց է տալիս, որ Հանդիսադիրը միշտ հանդիսակից է նրանց: Իսկ ասելով՝ «այդ ժամին կտրվի ձեզ», մի ուրիշ տեղ էլ՝ «Ես ձեզ բերան ու իմաստություն կտամ» (Ղուկ. 21:15), և՝ «Ձեր Հոր Հոգին կխոսի ձեզ հետ» (հմմտ. Մատթ. 10:20), նախ՝ [առաքյալներին] մարգարեների պատվին է բարձրացնում՝ ըստ այսմ. «Տերը, Տերը ինձ խրատի լեզու է տալիս» (Ես. 50:4), և՝ «Նրանից են գիտությունն ու հասկացողությունը» (Առակ. 2:6), որով սովորեցնում է նաև նրանց չարչարանքին ամեն ժամ ու միշտ հաղորդակից դառնալ: Եվ երկրորդ՝ քարոզում է Հորն Իր հավասարությունը, որովհետև ինչպես որ Հայրն Իրեն հայտնեց Հոգով՝ մարգարեների միջոցով, այդպես էլ Որդին է նույն Հոգով [ճանաչել տալիս Իրեն]՝ ըստ այսմ. «Ոչ ոք Հիսուսին Տեր չի կոչում, եթե ոչ՝ Սուրբ Հոգով» (Ա Կոր. 12:3): Որովհետև Հոգին նրանց միշտ մղում էր սրան՝ ատյաններում Տեր և Աստծո Որդի Նրան խոստովանելու և իրենց քրիստոնյա կոչելու: Եվ սա Հոր կամքն էր, որովհետև ինչպես որ [Որդին] Հոր անունը հայտնեց երկրին (Հովհ. 17:26), այդպես էլ Հայրը, Հոգու միջոցով, Որդու անունը հայտնեց աշխարհին:
Իսկ այլաբանորեն՝ այժմ նույնպես Աստծո շնորհով բավական պատասխաններ կարող ենք տալ դևերի գնդին: Հանդերձյալ դատաստանի ժամանակ էլ [կունենանք] մեր նախահայր Ադամի շնորհալից հոգին, որովհետև այն հաստատվեց Ստեղծչի պատկերով, պատվվեց փառքով և դրախտի բարիքները վայելեց, և ոչ թե, ինչպես [դևերն] են ասում, բնությամբ է չարը մեր մեջ գոյանում. այն ծնունդ է առնում նրանց խաբեության ներգործությունից:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: