Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:3

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

3-4. «Փիլիպպոս ու Բարթողոմեոս, Թովմաս ու Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, որ Թադեոս անվանվեց»։ «Սիմոն Կանանացի ու Հուդա Իսկարիովտացի, որը և մատնեց Նրան»։
   
    Այնուհետև, ասելով՝ «Փիլիպպոս ու Բարթողոմեոս», ավելացրեց՝ «Թովմաս ու Մատթեոս մաքսավոր»: Իսկ Ղուկասը, ընդհակառակը, Մատթեոսին Թովմասից բարձր է դասում: Դրանից հետո՝ «Ալփեոսի որդի Հակոբոս», քանի որ, ինչպես ես վերևում ասացի, կար նաև Զեբեդեոսի որդի Հակոբոսը: Այնուհետև, խոսելով Ղեբեոսի մասին, որին այլ անվամբ կոչում էին Թադեոս, և Սիմոն Զելոտի մասին, որին նույնպես անվանում է Կանանացի, հասնում է դավաճանին և նրա մասին խոսում է ոչ թե որպես թշնամի և հակառակորդ, այլ որպես պատմիչ: Մատթեոսը չի ասում՝ «պիղծ և անօրեն Հուդա», այլ նրա հայրենի քաղաքի անունով անվանում է Իսկարիովտացի: Կար մեկ այլ Հուդա ևս՝ Ղեբեոսը, որին կոչում էին Թադեոս, ում Ղուկասն անվանում է Հակոբի որդի՝ ասելով․ «Հակոբի որդի Հուդան․․․» (Ղուկ. 6:16), և այդ իսկ պատճառով էլ Մատթեոսը, մեկին մյուսից տարբերակելով, ասում է. «Հուդա Իսկարիովտացի, որը և մատնեց Նրան»: Եվ չի ամաչում ասել՝ «որը և մատնեց Նրան»: Այսպիսով, ավետարանիչները երբեք ոչինչ չեն թաքցնում, նույնիսկ այն, ինչ ամոթալի էր համարվում: Այնուամենայնիվ, առաքյալներից առաջինն ու ամենաբարձրը մի անտեղյակ և պարզ մարդ էր:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Զեբեդէոսի որդի Յակոբոս եւ նրա եղբայրը Յովհաննէս, Փիլիպպոս եւ Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս եւ Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց,
   
    Զեբեդեոսի Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես:

    [Ավետարանիչը] հոր [անունով] է ներկայացնում սրանց, ինձ թվում է, հոր բարեբարո լինելու պատճառով: Սա երևում է նրանից, որ երբ թողեցին նավն ու հորը (Մատթ. 4։21-22), [վերջինս] բնավ չչարացավ: Նաև քանի որ մի ուրիշ Հակոբոս էլ կար, [ավետարանիչն] այս մեկին ներկայացնում է Զեբեդեոսով, որ նշանակում է «կրթող»: Բայց ըստ պատվի՛ չէ, որ կարգում է [նրանց անունները], որովհետև Հովհաննեսը ոչ միայն մյուսներից, այլև իր եղբորից է մեծ. դա երևում է նրա համարձակությունից, որով Տիրոջ կրծքին ընկավ և հարցրեց. «Տե՛ր, ո՞վ է» (Հովհ. 13։25): Սակայն այստեղ նրա հնազանդության պատճառով է, որ [ավետարանիչը նրան եղբորից] հետո է նշում, որովհետև «Հովհաննես» [անունը] թարգմանվում է «հնազանդություն» կամ «Տիրոջ շնորհ», կամ էլ՝ «որով է շնորհը»: [Այս երկու եղբայրների] ստույգ պատիվը՝ անունների փոփոխմամբ, ներկայացնում է Մարկոսը. «[Հիսուսը] նրանց անունները դրեց Բաներեգես, որ [նշանակում է] Որոտման որդիներ» (Մարկ. 3։17): Նրանք Զաբուղոնի ցեղից էին: Հակոբոսը գնաց քարոզելու Իսպանիա, վերադարձավ Երուսաղեմ և սպանվեց Հերովդեսի կողմից (Գործք 12։2) Պաղեստինի Կեսարիայում հուլիս ամսի 24-ին, նրա մարմինը գցվեց ծովը, և [ալիքներն] այն հանեցին նրա [քարոզության] վայրում: Իսկ Տիրոջ սիրելի աշակերտ Հովհաննեսը, որ գրեց Ավետարանը, աստվածային տեսիլքը և երեք ընդհանրական թղթերը, Կույսի ննջումից հետո գնաց Եփեսոս և կործանեց Արտեմիսի կուռքը: Դոմետիանոս կայսրը նրան աքսորեց Պատմոս կղզի, և այնտեղ նա քարոզելով ամենքին դարձի բերեց: Ներվասի հրամանով վերադարձավ Եփեսոս և շատերին դարձի բերեց: Հարյուր տասնյոթ տարեկան դառնալով՝ մի կիրակի օր ննջեց այնտեղ և երեք օրից վերափոխվեց մի հրաշալի վայր՝ ըստ Տիրոջ թե՝ «Ես կամենում եմ, որ դա մնա, մինչև Ես գամ» (Հովհ. 21։23)  [1]:

     Փիլիպպոս և Բարթողոմեոս:

    [Ավետարանիչը] սրանց վայրը կամ ցեղը չի նշում, կամ որովհետև ազգականներ չունեին, կամ էլ օտարական եկվորներ էին: «Փիլիպպոս»-ը թարգմանվում է «ջահերի բերան», կամ «ձեռքերի բերան», կամ «հմայության բերան»: Նա Ասերի ցեղից էր, Բեթսայիդա քաղաքից, [որտեղից էին նաև] Անդրեասն ու Պետրոսը: Ավետարանը քարոզեց Փռյուգիայում, նահատակվելով Հերապոլսում տեղափոխվեց երկինք , մայիս ամսի մեկին, և նրա մարմինը դրված է այնտեղ: Իսկ Բարթողոմեոսը, որ թարգմանվում է «Աստծո ստույգ զարմ», կամ «ջուր կախողի որդի», կամ «ինձ կախած որդի», Իսաքարի ցեղից էր, Ագավիր գյուղից: Քարոզեց Մատթեոսի Ավետարանը հնդիկներին ու պարթևներին և գալով Հայք՝ խաչվեց Սանատրուկ արքայի [հրամանով] ու մորթահան արվեց: Թաղվեց Ուրբանոս քաղաքում, օգոստոս ամսի 24-ին:
    Թովմաս և Մատթեոս մաքսավոր:

    Ղուկասն այսպես չի [կարգում], այլ Մատթեոսին Թովմասից առաջ է դնում՝ ոչ միայն տարիքի պատճառով, այլև որովհետև [Մատթեոսն] Ավետարանի հեղինակ է: Բայց այստեղ [Մատթեոսն] իրեն հետո է նշում և խոնարհության պատճառով «մաքսավոր» անվանում՝ մեզ խրատելու համար, որ երբ պատվի կանչվենք, մեր չափն     իմանանք և մեր նախկին կյանքը չմոռանանք: Թովմասը, ում [անունը] նշանակում է «երկվորյակ» (Հովհ. 11։16, 20։24, 21։2) կամ «անհաս խորություն», Հուդայի ցեղից էր: Քարոզեց պարթևներին, մարերին, պարսիկներին ու հնդիկներին և նահատակվեց Բալամիդես քաղաքում Մշդեհ արքայի կողմից՝ խոցվելով աշտեով, դեկտեմբեր ամսի 21-ին, և [նրա մարմնից] նշխար բերվեց Հայք: Իսկ Մատթեոս ավետարանիչը, ում [անունը] նշանակում է «կյանքի երգ» կամ «խրատի պարգև», Իսաքարի ցեղից էր, Նազարեթից: Երուսաղեմի Եկեղեցու համար եբրայերեն Ավետարան գրեց, քարոզեց Քրիստոսին բազմաթիվ վայրերում և հասնելով մարդակերների Զմյուռին քաղաքը՝ թագավորին դարձի բերեց: Կրակի մատնվելով՝ նահատակվեց սեպտեմբեր ամսի 20-ին:

    Ալփեոսի Հակոբոս և Ղեբեոս, ով անվանվեց Թադեոս:

   Ոմանք համարում են, թե այս Հակոբոսը, ինչպես Մատթեոսը, մաքսավոր է եղել Տիրոջից կանչվելու ժամանակ: Նրան Մարկոսն ու Ղուկասը Ալփեոսի Ղևի են կոչում [առաքյալների] կոչման շարքում, որովհետև կամ երկանուն էր, կամ նրա անունը Ալփեոսի որդի Ղևի էր, կամ նախ Ղևի էր կոչվում, հետո Հակոբոս, կամ էլ Ղևիի ցեղից էր  2: Բայց մենք ճշտեցինք շատ [աղբյուրների] միջոցով, որ սա Ալփեոսի որդին է, Հուդա Թադեոսի, Սիմոնի և Հովսեսի եղբայրը  (Մատթ. 13։55, 27։56): Նրան ոմանք Հակոբ Փոքրիկ  (Մարկ. 15։40) են կոչում, և նա առաքյալների կողմից «Տիրոջ եղբայր» անվանվածն է: Ոմանք նրանց համարում են Աստվածահայր անվանված Հովսեփի որդիները, բայց մեծապես սխալվում են  [3], որովհետև [Սուրբ] Գրքում չենք գտնում, որ [նրանք] Հովսեփի որդիներ են կոչվել, թեպետ ազգակցության պատճառով «Տիրոջ եղբայրներ» են կոչվում  (Մատթ. 12։4): Որովհետև Հովսեփը կույս լինելով էր, որ Կույսի խոսնայրն անվանվեց: Իսկ եթե մեկը Եսայու խոսքը վկայակոչի՝ «Կտամ նրան մի մարդու, որ կարդալ գիտի» 4 (հմմտ. Ես. 29։11), կասենք, որ [սա նշանակում է, որ] Հովսեփը ներքինի չէր, այլ կատարյալ տղամարդ: [Հակոբը] առաքյալների կողմից կարգվեց Երուսաղեմի առաջին եպիսկոպոս, և նրան ոմանք չեն դասում տասներկու [առաքյալների] շարքում՝ չիմանալով, որ Տիրոջ երեք եղբայրներն էլ տասներկուսի մեջ են կարգվել  [5] [Հակոբն] էր, որ հեթանոսների Եկեղեցիներին գրեց «հեռու մնալ զոհաբերված [կերակրից], պոռնկությունից, խեղդված [մսից] և արյունից» (հմմտ. Գործք 15։29), և նրան է, որ Մատթեոսն այստեղ ներկայացնում է [առաքյալների] շարքում: Երուսաղեմում ըստ նազովրացիների  6 օրենքի պարկեշտ վարքով եպիսկոպոսություն անելով՝ նա, ով նաև «Արդար» կոչվեց և գրեց ընդհանրական թուղթը, հրեաների կողմից հանվեց Տաճարի վրա, և նրան հարցրին. «Ո՞րն է Հիսուսի դուռը»: Բարձրաձայն պատասխանեց. «Ինչո՞ւ եք հարցնում Հիսուսի մասին: Նա նստած է Հոր աջ կողմում և գալու է դատելու աշխարհը»: Շատերը հավատացին նրան, բայց օրենսգետները Տաճարի աշտարակից նրան վայր գցեցին և սկսեցին քարկոծել, մեկն էլ թա փիչով  7 հար վածեց նրա գլխին, և նա նահատակվեց՝ հոկտեմբեր ամսի 23-ին:
   Ղեբեոսն էլ, ով անվանվեց Թադեոս, Հակոբ Ալփյանի եղբայրն է  8, ում Ղուկասն իր երկու գրքերում էլ Հակոբի Հուդա է անվանում  (Ղուկ. 6։16, Գործք 1։13), իսկ [Մատթեոսն] ու Մարկոսը՝ Ղեբեոս Թադեոս, որովհետև անունները ստացել է համաձայն իր բազմաթիվ գործերի: Հուդա է կոչվում, որովհետև սա նշանակում է «հավատքի խոստովանություն» և «Երկնավորի փառքը փափագող»: Թադեոսը նշանակում է «ընդունիր իշխանին» կամ «շնորհի առատություն», կամ էլ, ըստ լատիներեն բառի, «թա»-ն [նշանակում է] մեծ, և «դեոս»-ը՝ Աստված, այսինքն՝ «մեծ Աստծուն որդեգրված»: Իսկ Ղեբեոսը նշանակում է «սիրտ» և «հոգի», որը սիրտը պահպանողն է՝ Հոգու շնորհով, կամ էլ Ղեբեոսը [նշանակում է] Հակոբի հետ «զույգի մատ»: Նախ ծնողների կողմից Հուդա [անվանվեց], հետո՝ Թադեոս, որպեսզի մատնիչի հետ չշփոթվեր: Կոչվեց նաև «Տիրոջ եղբայր» և գրեց իր անունով ընդհանրական թուղթը  9, քարոզեց Միջագետքում ու Հայքում, բժշկեց հայերի և ասորիների Աբգար թագավորին, բազում հրաշքների միջոցով լուսավորեց Կորդվաց լեռը և գալով Հայոց Սանատրուկ արքայի մոտ՝ թագավորի դուստր սուրբ Սանդուխտին հարսնացրեց Քրիստոսին և [Սանատրուկի հրամանով] էլ նահատակվեց Արտազ գավառում, Շավարշան քաղաքում, հոկտեմբեր ամսի 23-ին: Դրվեց այնտեղ, ուր նահատակվեց՝ հրաշքով [առնվելով] մի վեմի մեջ  [10]: Հետագայում հայտնվեց Կիրակոս անունով մի ճգնավորի, և նրա անունով եկեղեցի կառուցվեց, որն այժմ կոչվում է «Թադեոս առաքյալ»: Բայց կան ոմանք, որ ասում են, թե Հակոբի Հուդան Որմիում է նահատակվել: Այդպես [ասողը] թող իմանա, որ ճիշտ չի ասվում, թե Հակոբի Հուդան է [դա եղել]: Այլ կամ նրա անունով եկեղեցի է այնտեղ կառուցվել, կամ էլ Բարթողոմեոս առաքյալի աշակերտ, միայն յոթանասունից եղած Հուդան է [նահատակվել այնտեղ], ինչպես պահպանել է պատմությունը, և նրան կգտնես յոթանասուն [աշակերտների] անվանացանկում. նա՛ է այնտեղ նահատակվել: Բայց ոմանք նույնանունության պատճառով սխալվելով՝ [այդ] Հուդային «Հակոբի Հուդա» կոչեցին: Եվ ճշմարտապես այնպես է, ինչպես գրվեց. այն, որ [Հակոբի Հուդան] Տիրոջ եղբայրն է և կարգվեց յոթանասուն [աշակերտների] գլխավոր:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Զեբեդէոսի որդի Յակոբոս եւ նրա եղբայրը Յովհաննէս, Փիլիպպոս եւ Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս եւ Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:2
-------------------

[1] Ըստ Հայոց Եկեղեցու ավանդության՝ Հովհաննեսն ու Հակոբոսը Զեբեդեոսի և Սաղոմեի որդիներն էին և Տիրոջ ազգականները, քանի որ Սաղոմեն համարվում է Հովսեփ Աստվածահոր դուստրը (տես Գիրք որ կոչի Հայսմաւուրք, տպարան Գրիգոր դպրի Մարսըւանեցւոյ, 1730թ., էջ 275-277. Սարգիս Կունդ, Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու, Ս. Էջմիածին, 2005, էջ 574): Ըստ այլ տեսակետների՝ նրանք Տիրամոր երկրորդածին քույր (մորաքրոջ դուստր) կամ Հովսեփ Աստվածահոր ազգական Սաղոմեի որդիներն էին, կամ էլ Զեբեդեոսը Հովսեփ Աստվածահոր եղբայրն էր (Լիակատար վարք և վկայաբանութիւնք սրբոց, Վենետիկ, 1810, էջ 1015)
[3] Ծործորեցին այստեղ ներկայացնում է Արևմտյան Եկեղեցու Ավանդությունը, թեպետև, սնված ու կրթված լինելով նախևառաջ Հայոց Եկեղեցում, բնականաբար, քաջատեղյակ է և Հայոց Եկեղեցու ավանդությանը, ինչը երևում է Մատթ. ԻԸ 1-ի մեկնության մեջ: Իսկ Արևելյան Եկեղեցիների, որոնց թվում Հայոց Եկեղեցու ավանդությամբ՝ Տյառնեղբայրները՝ Հակոբոսը, Հովսեսը, Հուդան ու Սիմոնը, համարվում են Հովսեփ Աստվածահոր որդիները նախորդ կնոջից: Իրականում, սա միայն Արևելյան Եկեղեցու ավանդությունը չէ, այլ համաքրիստոնեական շատ վաղնջական ավանդություն, քանի որ արդեն Դ դարում այս մասին գիտեր Արևմտյան Եկեղեցու հայրերից Հերոնիմոսը, ով, սակայն, ասում է, թե ինքը համաձայն չէ այդ տեսակետին. «Հակոբոսը...., ինչպես ոմանք կարծում են, որդին է Հովսեփի՝ այլ կնոջից. բայց, ինչպես ինձ է թվում, Տիրոջ մորաքույր Մարիամի, ում հիշատակում է Հովհաննեսը» (Հերոնիմոս, «Նշանավոր մարդկանց մասին», գլ. 2): Ըստ Հայոց Ուղղափառ Եկեղեցու կողմից ընդունված ավանդության՝ տյառնեղբայրներից միայն երկուսը՝ Հուդան ու Սիմոնն են նույնացվում տասներկու գլխավոր առաքյալներից երկուսի՝ Հուդա-Թադեոս-Ղեբեոսի և Սիմոն Նախանձահույզ-Կանանացու հետ, իսկ Հակոբոս Փոքրիկը կամ Արդարը չի համարվում տասներկուսից մեկը, այլ 72 աշակերտների մեջ գլխավորը: Նրա մյուս եղբայրը՝ Հովսեսը (որին նաև նույնացնում են Հովսեփ Բարսաբայի հետ), նույնպես դիտվում է 72-ից մեկը: Իսկ «Մարզվանեցու» հայսմավուրքում Հակոբոս Արդարը 72-ից մեկն էլ չի համարվում, այլ որպես Տեր Հիսուսի հետ նույն մոր կաթից սնված տյառնեղբայր՝ ավելի բարձր, քան մնացած առաքյալները՝ թե՛ 12, թե՛ 72: Այս ամենի մասին տես, օրինակ, Սարգիս Շնորհալի, Մեկնութիւն եօթանց թղթոց կաթուղիկեայց, Կ. Պոլիս, 1828, էջ 14, 629. Սարգիս Կունդ, Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու, Ս. Էջմիածին, 2005, էջ 574. Սբ Գր. Տաթեւացի, Մեկնութիւն Յոհաննու Աւետարանի, Ս. Էջմիածին, 2005, էջ 125, 320. Գիրք որ կոչի Հայսմաւուրք, տպարան Գրիգոր դպրի Մարսըւանեցւոյ, 1730թ., էջ 135-136: Մկրտիչ վրդ. Ավգերյանի կազմած «Լիակատար վարք և վկայաբանութիւնք սրբոց»-ում առաքյալների ինքնության մասին կարելի է այլ տեսակետների հանդիպել: Օրինակ՝ Հակոբոս Փոքրը կամ Արդարը ներկայացված է որպես Հովսեփ Աստվածահոր եղբոր՝ Կղեովպասի և Տիրամոր երկրորդածին քրոջ՝ Մարիամի (Մատթ. 25։27, Հովհ. 19։25) որդին, որից հետևում է, որ բոլոր 4 տյառնեղբայրները Կղեովպասի որդիներն են: Սակայն նույն գրքի ծանոթագրություններում նշվում է, որ «նախնիք հասարակօրէն որդի Յովսեփայ Աստուածահօր կոչեն զՅակոբ» (տես Լիակատար վարք վկայաբանութիւնք սրբոց, հտ. Ժ, Վենետիկ, 1814, էջ 260, ծնթ. 2): Մաղաքիա Օրմանյան սրբազանն իր «Համապատումում» առաքյալների մասին ներկայացնում է մեկ այլ՝ առավելապես գիտական տեսակետ՝ հիմնված ոչ թե Եկեղեցու ավանդության, այլ գիտության ու տրամաբանության վրա, ուստի այդ տեսակետը լիովին չի համապատասխանում ոչ Հայոց Եկեղեցու, ոչ էլ Արևմտյան Եկեղեցու ավանդություններին (տես Մ. Օրմանյան, Համապատում, Ս. Էջմիածին, 1997, էջ 152-155):
[5] Ինչպես արդեն նշել ենք, Ծործորեցին հետևում է Կաթոլիկ Եկեղեցու ավանդությանը: Հայոց Եկեղեցին Հակոբ Փոքրիկին՝ Արդարին կամ Տյառնեղբորը, ով դարձավ Երուսաղեմի Եկեղեցու առաջին եպիսկոպոսը, չի նույնացնում Հակոբոս Ալփյանի հետ, ուստիև չի համարում տասներկու գլխավոր առաքյալներից մեկը: Տես սույն գլխի ծնթ. 33:
[10] Սբ Թադեոսի վարքում ասվում է, որ նրա նահատակությունից անմիջապես հետո երկիրը շարժվում է, մոտակա վեմը՝ ճեղքվում և առաքյալի մարմինն իր մեջ առնելով՝ դարձյալ փակվում: Առաքյալի նշխարների վայրը հետագայում՝ Դ դարում, տեսիլքով հայտնվում է Կիրակոս անունով ճգնավորին, ով և փնտրում ու գտնում է դրանք: