Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:25

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

25-26. «Բայց Հիսուս, հասկանալով նրանց մտքերը, ասաց նրանց. «Ամեն թագավորություն, որ մասնատված է ինքն իր մեջ, կավերվի, և ամեն քաղաք կամ տուն, որ մասնատված է ինքն իր մեջ, կանգուն չի մնա»։ «Եվ եթե սատանան սատանային հանում է, ապա նա բաժանվում է ինքն իր մեջ․ արդ ինչպե՞ս կանգուն կմնա նրա թագավորությունը»։
   
    Փարիսեցիները նախկինում էլ մեղադրում էին Հիսուսին այն բանի համար, թե իբր  Նա դևերին հանում է Բեեղզեբուղի զորությամբ։ Բայց Քրիստոս այն ժամանակ չհանդիմանեց նրանց՝ ժամանակ տալով, որ ավելի մեծ հրաշքների միջոցով ճանաչեն Իր զորությունը, և Իր քարոզած վարդապետության միջոցով էլ՝ Իր մեծությունը։ Բայց քանի որ հրեաները չէին դադարում նույնն ասել Իր մասին՝ Հիսուս վերջապես հանդիմանում է նրանց։ Եվ նախ՝ ապացուցում է Իր Աստվածությունը նրանով, որ բացահայտում է նրանց գաղտնի մտածումները, երկրորդ՝ նրանով, որ հեշտությամբ հանում է դևերին։ Եվ չնայած նրանց առաջադրած մեղադրանքը չափազանց անպատկառ էր (քանի որ նախանձը, ինչպես ասացի, չի հոգում, թե ի՛նչ ասել՝ միայն թե ինչ-որ բան ասի), Քրիստոս, այնուամենայնիվ, չի անտեսում այն, այլ պաշտպանվում է Իրեն հատուկ հեզությամբ՝ մեզ սովորեցնելով հեզաբար վարվել մեր թշնամիների հետ։ Եվ թեկուզ նրանք մեզ մեղադրեն էլ այն բանում, որում մենք մեր սեփական համոզմամբ անմեղ ենք, թեկուզ նրանց մեղադրանքները ոչ մի հիմք չունենան էլ, մենք չպետք է խռովվենք և կորցնենք հոգու հանգստությունը, այլ ամենայն համբերությամբ պաշտպանվենք նրանց առջև։ Ահա այդպես վարվեց Փրկիչը նաև փարիսեցիների հետ՝ ամենաակնհայտ եղանակով ցույց տալով, որ նրանք սուտ են ասում։ Դիվահարին չէր կարող բնորոշ լինել այդքան մեծ հեզություն ցուցաբերելը և ծածուկ մտքերն իմանալը։ Փարիսեցիները մասամբ այն պատճառով, որ իրենց կարծիքը չափազանց անպատկառ էր, մասամբ էլ՝ որովհետև վախենում էին ժողովրդից, չէին համարձակվում բացահայտել իրենց մեղադրանքները, այլ դրանք պահում էին իրենց մտքում։ Փրկիչը, սակայն, կամենալով հրեաներին ցույց տալ, որ գիտե նաև նրանց մտքերը, չի հիշատակում այն, ինչով նրանք մեղադրում էին Իրեն, և չի բացահայտում նրանց չարամտությունը, այլ հերքում է նրանց առարկությունները՝ իրենց սեփական խղճին թողնելով իրենց իսկ սուտը դատապարտելու գործը։ Հիսուս միայն մեկ մտահոգություն ուներ՝ օգուտ տալ մեղավորներին, այլ ոչ թե բացահայտել նրանց մեղքերը։ Եթե Փրկիչը կամենար շարունակել Իր պաշտպանությունը և փարիսեցիներին ամոթանք տալ, այնուհետ էլ նրանց ամենադաժան պատժին ենթարկել, ապա շատ հեշտությամբ կարող էր անել դա։ Բայց Փրկիչը, մի կողմ թողնելով այդ ամենը, ջանում էր միայն նրանց մեջ արմատախիլ անել վիճասիրությունը, հեզության սովորեցնել և դրանով իսկ նրանց ավելի ընդունակ դարձնել ուղղվելու համար։

    Իսկ ինչպե՞ս է Հիսուս պաշտպանվում հրեաների առջև։ Նա չի մեջբերում Սուրբ Գրքի խոսքերը (քանի որ նրանք չէին ուշադրություն դարձնում Սուրբ Գրքին և կխեղաթյուրեին դրա իմաստը), այլ օգտագործում է ընդհանուր ապացույցներ։ «Ամեն թագավորություն, - ասում է Նա, - որ մասնատված է ինքն իր մեջ, կավերվի, և ամեն քաղաք կամ տուն, որ մասնատված է ինքն իր մեջ, կանգուն չի մնա» (Մատթ. 12:25)։ Իրոք որ, արտաքին պատերազմներն այնքան կործանարար չեն, որքան ներքինները։ Նույնը լինում է նաև հասարակություններում, նույնը՝ բոլոր գործերում։ Բայց Փրկիչն օրինակ է բերում ավելի հայտնի երևույթը։ Ի՞նչն է երկրի վրա արքայությունից զորավոր։ Ոչինչ. բայց նույնիսկ այն կործանվում է խռովությունների պատճառով։ Եթե որևէ ոք խոստովանի, որ արքայությունը, ինքն իր մեջ բաժանվելով, իր ողջ մեծությամբ հանդերձ կործանվում է, ապա նա ի՞նչ կասի քաղաքի և տան մասին։ Ինչ էլ որ լինի՝ փոքր թե մեծ, եթե ինքն իր դեմ է ապստամբում, կործանվում է։ Այսպիսով՝ «եթե Ես, Իմ մեջ դև ունենալով, նրա միջոցով դևեր եմ հանում, ուրեմն դևերի մեջ անհամաձայնություն և գժտություն կա, և նրանք մեկը մյուսի դեմ են ապստամբում։ Իսկ եթե նրանք մեկը մյուսի դեմ են ապստամբում, ուրեմն նրանց զորությունը կործանվել և փոշիացել է։ Որովհետև «եթե սատանան սատանային (Նա չասաց «դևերին»՝ ցույց տալով, որ նրանց միջև մեծ համաձայնություն կա) հանում է, - ասում է Փրկիչը, - ապա նա բաժանվում է ինքն իր մեջ։ Եթե նա բաժանվում է, կորցնում է իր զորությունը և ոչնչանում է, իսկ եթե կործանվում է, ինչպե՞ս կարող է մյուս դևին հանել։ Տեսնո՞ւմ ես, թե որքա՜ն ծիծաղելի է նրանց այս մեղադրանքը, որքա՜ն անմիտ, և ինչպիսի՜ հակասություն կա դրանում։ Մեկ և նույն մարդը չի կարող ասել, որ ինքը և՛ զորավոր է, և՛ դևեր է հանում, և՛ զորավոր է այն բանի դեմ, որը պետք է նրան անզոր դարձնի։ Ահա և առաջին հերքումը։ Երկրորդը՝ հաջորդողը, վերաբերում էր աշակերտներին։ Փրկիչը, հերքելով Իրեն դիմադրող փարիսեցիներին, միշտ բերում է ոչ թե մեկ, այլ երկու և երեք ապացույց՝ կամենալով բոլորովին լռեցնել նրանց անամոթությունը։ Այդպես վարվեց նաև շաբաթ օրը պահելու մասին վեճում՝ մատնանշելով Դավթին, քահանաներին և Սուրբ Գրքի վկայությունը․ «Ողորմություն եմ ուզում, այլ ոչ թե զոհ» (Ովս. 6:6), և շաբաթի սահմանման պատճառը՝ «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար» (Մարկ. 2:27)։ Հիսուս այդպես է վարվում նաև այստեղ։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Երբ Յիսուս նրանց մտածումներն իմացաւ, նրանց ասաց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի մնայ.
   

    Երբ Հիսուսն իմացավ նրանց խորհուրդները, ասաց նրանց. «Իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա:

    Այդպես չարախոսեցին նաև ավելի առաջ, բայց ինչո՞ւ [Հիսուսը] պատասխան չտվեց, իսկ այստեղ կարծեք սաստում է: [Այն ժամանակ պատասխան չտվեց], որպեսզի նրանց համար առիթ ստեղծեր բազմաթիվ հրաշքներից հասկանալու Իր զորությունը և տեսնելու Իր ուսմունքի մեծությունը: Բայց երբ շարունակեցին նույն կերպ, սաստեց: Եվ [սրանով] նախ Իր աստվածությունն է ցույց տալիս, որով նրանց սրտում թաքնվածը երևան է հանում, քանի որ ոչ թե բարձրաձայն էին խոսում, այլ իրենց մտքում հածում: Իսկ Նա ցույց տվեց, որ դևեր հանելն ու մտքեր կարդալը դիվահարի գործ չեն: Եվ երկրորդ՝ հեզություն է սովորեցնում մեզ, թե պետք չէ սեփական անձի համար վրեժխնդիր լինել, եթե նույնիսկ [մեր մասին] ասվածները չենք գտնում մեր մեջ. որովհետև նախանձն այն չի փնտրում, թե ինչ պիտի չարախոսի, այլ հենց չարախոսելը. ուստի պետք չէ խռովվել, այլ միայն խոսքով հանդիմանել և ուղղության բերել [չարախոսին], ինչպես Տերը, Ով ասաց. «Իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է»: Ծանոթ նյութից է օրինակ բերում. թագավորությունը մարդկային ամեն ինչից առավել զորավոր է, սակայն երբ ինքն իր դեմ է մարտնչում, կորստյան է մատնվում, էլ չեմ խոսում քաղաքի կամ տան մասին: Որովհետև ոչ այնքան արտաքին պատերազմներն են կարող վնասել, որքան ընտանիքի անդամները, որոնցից փրկվել էր աղոթում Դավիթը. «Փրկի՛ր ինձ մերձավորներից» (հմմտ. Սաղմ. 54։19), քանի որ հարազատի հետ կռիվը խիստ ծանր ու կործանիչ է և քանդում է թե՛ թագավորություններ, թե՛ տներ ու քաղաքներ:

    Այս օրինակով [Տերը] ցույց տվեց նաև Գոռոզի իշխանությունը, որի «քաղաք»-ն այս կյանքն է: Իսկ «տուն» կոչեց [նրա] կամարարներին, ովքեր քանդվեցին-պառակտվեցին և այլևս չեն կարող մնալ իրենց կարգի մեջ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երբ Յիսուս նրանց մտածումներն իմացաւ, նրանց ասաց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի մնայ.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24