Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ օրէնսգէտներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»:
Այդ ժամանակ օրենսգետներից ու փարիսեցիներից ոմանք պատասխանեցին Նրան՝ ասելով. «Ուսուցի՛չ, կամենում ենք մի նշան տեսնել Քեզնից»:
Չափազա՛նց անմիտ է նրանց խնդրանքը. այդքան հրաշքներից հետո, ասես [դրանք] բնավ չէին եղել, ասում են. «Կամենում ենք մի նշան տեսնել Քեզնից», ինչի վրա զարմանում է ավետարանիչը, [երբ ասում է]. «Այդ ժամանակ»: Ո՞ր ժամանակ: Այն ժամանակ, երբ հարկավոր էր խոնարհվե՛լ Նրա խոսքերից, երբ պետք էր սքանչանալ և հրաժարվե՛լ [չար] գործերից. այդ ժամանակ էլ չդադարեցին չարը [գործելուց]: Բայց ո՛չ ամենքը, այլ «ոմա՛նք», ասում է, ովքեր նախանձով էին լցված ու կեղծավորությամբ «ուսուցիչ» էին կոչում [Նրան], ինչպես սովորական ժողովուրդը: «Կամենում ենք,-ասում են,- մի նշան տեսնել», ինչի մասին Ղուկասն ասում է, որ երկնքից էին այն կամենում 673: Կամ [ուզում էին], որ հաց տար, ինչպես անապատում 674, կամ կանգնեցներ արևն ու լուսինը, ինչպես Հեսուի ու Եզեկիայի համար 675, կամ կարկուտով ու խավարով տանջեր այլազգիներին, ինչպես Մովսեսը՝ եգիպտացիներին 676, կամ որ որոտում լիներ, ինչպես Սամվելի ժամանակ 677, և այլ այսպիսի բաներ, որ պատմվում են [Սուրբ] Գրքում:
Ստեփանոս Սյունեցի
38-39․ Այն ժամանակ օրէնսգէտներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»: Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտռում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը.
«Այն ժամանակ օրենսգետներից և փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տվեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել [երկնքից]»: Նա պատասխանեց և ասաց. «Չար և շնացող ազգը նշան է փնտրում» և այլն:
Քանի որ չէին կամենում ուսանել, այլ՝ նենգությամբ փորձել, դրա համար փարիսեցիներին անվանեց «չար և շնացող ազգ»: Չար ազգ [անվանեց], քանի որ չար վիշապի խորհրդով մոլորվեցին, և «շնացող» քանզի թողնելով իրենց ամուսնուն՝ ճշմարտության Խոսքը, այսինքն՝ Քրիստոսին, օրինազանց եղան:
Աստվածային գրքերում «նշան» [ասելով] հասկացվում է, թե ինչ պետք է լինի ապագայում, ինչպես և պատմվում է Հին Կտակարանում Հովհաննեսի երեք օր ձկան փորում մնալը, որը խորհրդանշում է Քրիստոսի երեք օր երկրի սրտում մնալը:
Նշան կա նաև Նոր Կտակարանում, որ ակնարկում է ապագայում կատարվելիքները, ինչպես ասում է երանելի Պողոսը. «Մենք ենք [իսկական] թլպատությունը» (Փիլիպ. 3։3), որ հարության և աստվածպաշտության խորհրդանիշն է, ինչպես Աբրահամի և նրա որդիների թլպատությունը:
Մաղաքիա արք. Օրմանյան
38-42. Այն ժամանակ օրէնսգէտներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»: Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտռում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը. որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր: Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յովնանի քարոզութեամբ ապաշխարեցին. եւ ահաւասիկ այստեղ Յովնանից մեծը կայ: Հարաւի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գայ այս ազգի դէմ եւ պիտի դատապարտի նրան, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա այստեղ Սողոմոնից մեծը կայ»:
Հիսուսի կատարած բժշկությունները և հիմնականում դևերին հալածելը փարիսեցիներն ուզեցին ճշմարիտ հրաշքների շարքից դուրս թողնել, ինչպես որ նախընթաց հոդվածի մեջ տեսանք: Նույն հոգով միշտ ջանում են Հիսուսի վարկը գցել, և ժողովրդի խանդավառությունը մարելու նոր եղանակներ են մտածում: Հիսուսից պահանջում են, որ մի այնպիսի հրաշք գործի, որ էլ խոսելու տեղ չմնա: «Հիվանդների, դիվահարների բժշկությունները,-ասում են,- մեզ վերջնականապես համոզելու բավարար չեն, դրանց նման բաներ ուրիշներն էլ են արել և մենք տեսել ենք: Եթե ուզում ես, որ մենք քեզ կատարելապես հավատանք եւ ասածներիդ մեջ համոզվենք, պետք է այնպիսի մի հրաշք գործես, որ մենք տեսած չլինենք, օրինակ` երկնքի վրա կատարված հրաշալի փոփոխություն, նշան յերկնից» : Փարիսեցիներն, անշուշտ, ուզում էին ակնարկել Հիսուսին, որ արեւն ու լուսինն իրենց ընթացքից կասեցրել էր Հեսու 7:13, կամ Եսային, որ արևի ստվերը ետև էր շրջել,Դ. Թագ 20:11. և վստահ լինելով, որ Հիսուսն այսպիսի բան պիտի չկարողանա անել, որովհետև մինչև այդ չէր արել, պիտի անմիջապես ժողովրդին դիմելով ասեին. «Տեսեք այս հրաշագործ կոչված վարդապետին, ոչինչ չի կարողանում անել, արածներն էլ սովորական բժշկություններ են»:
Հիսուսը սովորություն չուներ երբեք հետաքրքրասիրություն հագեցնելու համար հրաշքներ անել, ինչպես որ նազարեթցիների համար էլ զլացավ ( Ղուկ. 4:16-30), հետևաբար այլ պիտի չլիներ այս անգամ էլ փարիսեցիներին ու դպիրներին տրվելիք պատասխանը: Մյուս կողմից պետք է նրանց բերանն էլ փակել, որպեսզի առիթ չունենան անտեղի քսություններ հերյուրելու ու ժողովրդի միտքը մոլորեցնելու: Փարիսեցիների ու դպիրների այդ չարամտությունը զայրացրեց հեզահամբույր Հիսուսի սիրտը, որ իր ցասումը կարծես չկարողացավ զսպել, հետևաբար ծանր հանդիմանությամբ ու արհամարհական բացատրությամբ է բացում իր բերանը, Ազգ չար ու շնացող խնդրէ, և նշան մի տացի նմա: Շնացող անվանումը միայն մարմնական պղծությամբ մեղանչող չի նշանակում, բոլոր անտեղի և աղտեղի գործերը շնությամբ են բացատրվում Ս. Գրքի մեջ, և նույնիսկ կռապաշտությունն էլ ` պոռնկություն ու քարի և փայտի հետ շնություն է կոչվել Երեմ. 3:9, և այս լայն իմաստով էլ այստեղ գործածված է:
Երբ Հիսուսը հրաժարվում է փարիսեցիների և դպիրների քմահաճույքին ծառայելու նպատակով հրաշք գործել, կամ ինչպես ավետարանն է ասումէ նշան տալ, մյուս կողմից ավելացնում է, թե դարձի գալու հոժարություն ունեցողները հրաշքի չեն սպասում և դրա համար բավական է Հովնանի օրինակը, «Ահա ձեզ, ասում է, նշանն Յովնանու մարգարէի: Երբ որ Հովնանը նինվեացիներին քարոզեց , բոլորովին հրաշք չգործեց, բայց նինվեացիք Հովնանին հավատացին, քանի որ առանց հրաշքի էլ Հովնանի խոսքերի ու գործերի մեջ տեսան և ճանաչեցին աստվածառաք մարգարեի կերպարանքը Հովհ. 3։5: Հարավից եկած Սաբայի դշխուհին էլ երբ որ այցելեց Սողոմոնին` Սողոմոնը հրաշքներ չգործեց, այլ միայն Սողոմոնի հրաշքներն ու գործերը բավական եղան իրեն համոզելու, որ Սողոմոնը աստվածային իմաստություն ունի, և խոստովանելու` որ Սողոմոնի Աստվածը ճշմարիտ է Գ Թագ, 10:9: ՈՒստի մի կարծեք, թե ձեր ուզած հրաշքը չանելու պատճառով պիտի կարողանաք արդարանալ, այլ դատաստանի օրը պիտի դատապարտվեք, և նինվեացիների ու Սաբայի դշխոյի օրինակները ձեզ դատապարտելու օրինակներ պիտի լինեն: Առաջինները` մի Հովնանի խոսքով ու գործերով, վերջինը` մի Սողոմոնի խոսքերով ու գործերով ապաշխարություն ու ուղղություն եկան , ահա ձեր առջև կա մեկը, որ խոսքերով ու գործերով Հովնանից էլ ավել է, Սողոմոնից էլ»:
Հիսուսի պատճառաբանության այս իմաստն ուղղակի քաղում ենք Ղուկասի գրելաձևից, ինչպես նաև Մատթեոսի խոսքերից, եթե 12:40 համարը փակագծի մեջ վերցնենք, որոնք ոմանք, ի վերջո, հավելված համարեցին: Ղուկասի այդ մասին լռությունը որոշիչ համարելով, կործում եմ, որ Հիսուսի պատճառաբանության ուժը խախտված կլիներ, եթե նույն պահին որևէ հրաշալի հանգամանք հիշատակեր: Մատթեոսի 12:40 համարի մեջ հիշվում է, թե ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր թաղված մնաց ու կենդանի դուրս եկավ, Մարդու Որդին էլ երկրի մեջ երեք օր ու երեք գիշեր թաղված մնալուց հետո կենդանի պիտի դուրս գա: Այդ մասին մեր նկատառումն այն է, որ ամենախիստ քննադատողներն էլ որևէ հաստատուն փաստ չեն կարողացել գտնել այս համարը որպես հետո մուծված լինելն ապացուցելու, թե Հովնանի օրինակը շատ սովորական ու գործնական է Հիսուսի երեքօրյա հարությունը ցույց տալու, թե մի ավետարանիչի լռությունը վերջնական փաստ չէ մյուս ավետարանչի գրածը հերքելու, և թե Հովնանի օրինակը վերցնելը երբեք չի ջնջում և չի տկարացնում վերոհիշյալ առումից քաղված պատճառաբանության ուժը: Հիսուսը երկու կերպ է գործածում Հովնանի օրինակը, թե՛ առանց հրաշքի հավատացող նինվեացիների օրինակը փարիսեցիներին դատապարտության փաստ ցույց տալով, եթե փարիսեցիներին մի կարևոր հրաշք ուզելուն ինչ-որ ձևով գոհացում տալով, թե նշանավոր հրաշքն էլ պիտի տեսնեն իր երեքօրյա հարության ժամանակ, բայց այդ հրաշքի դեպքում էլ իրենց համառ անհավատությունից պիտի չհեռանան: Դիվահարների բժշկությունը դիվական զորությանը վերագրելու նման, երեքօրյա հարությունն էլ ուրիշ խաբեական գործողության պիտի վերագրեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: