Սրբ. Եփրեմ Ասորի
Աստուած ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով եւ երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով: Աստուած տեսաւ, որ դրանք լաւ են:
Տե՜ս Ծննդոց գլուխ 1:20
Ա.Լոպուխին
Աստված ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով և երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով: Եվ Աստված տեսավ, որ դրանք լավ են: (Սինոդական թարգ․)[25]
Աստված ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով և երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով… «Կենդանիներ» ընդհանուր հասկացությունն այստեղ բաժանվում է երեք հիմնական տեսակների: Դրանցից առաջինը «վայրի կենդանիներն» են՝ դաշտերի ու անտառների վայրի կենդանիները կամ գազանները, ինչպիսիք են, օրինակ՝ վայրի կատուն, լուսանները, արջերը և անապատի մնացած տարատեսակ գազանները (Սաղմ. 79։14, 103։20–21, 49։10, 78։2, Ես. 43։20): Կենդանիների երկրորդ տեսակն ընդգրկում է ընտանի, այսինքն՝ մարդու կողմից ընտելացված կենդանիների բավականին մեծ դաս, որոնց թվում են ձիերը, եզները, ուղտերը, այծերը և ընդհանրապես ողջ՝ ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր ընտանի կենդանիները (Ծննդ. 34։23, 36։6, 47։18, Թվեր. 32։26), իսկ լայն իմաստով՝ այստեղ երբեմն ներառվում են նաև վայրի կենդանիներից առավել խոշորները, օրինակ՝ փիղը և ռնգեղջյուրը (Հոբ 40։15):
Վերջապես, այս կենդանիների երրորդ դասը կազմում են բոլոր նրանք, որոնք սողում են գետնի վրա կամ այնքան կարճ ոտքեր ունեն, որ քայլելիս կարծես փռվում-սլանում են գետնի վրայով: Սրանց շարքին դասվում են բոլոր օձերը, որդերը (Ղևտ. 11։42), մողեսները, աղվեսները, մկներն ու խլուրդները (Ղևտ. 11։9–31): Երբեմն առավել հակիրճ կամ ոչ խստապահանջ խոսքում երկրային կենդանիների վերոհիշյալ բոլոր երեք դասերը միավորվում են դրանցից առաջինում՝ երկրային գազաներ հասկացության մեջ (Ծննդ. 7։14):
Այս բոլոր կենդանիները բաժանվում են երկու սեռի, և ակնհայտորեն հենց այս բաժանման առանձնահատկությունները, այն է նրանց տեսակին համապատասխան բազմացման ունակությունը և սրանց կյանքի օրինակը, բացեց առաջին մարդու աչքերը՝ տեսնելու իր տխուր միայնակությունը և այդպիսով՝ նրա նմանությամբ օգնական-կնոջ արարման առիթ դարձան (Ծննդ. 2։20):
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Աստուած ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով եւ երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով: Աստուած տեսաւ, որ դրանք լաւ են:
(Արարատ թարգ․) Եվ Աստված ստեղծեց երկրի գազաններ՝ ըստ իրենց տեսակների, անասուններ՝ ըստ իրենց տեսակների և գետնի ամեն տեսակ սողուններ՝ ըստ իրենց տեսակների: Եվ Աստված տեսավ, որ բարի է:
(Գրաբար) Եւ արա՛ր Աստուած զգազանս երկրի ըստ ազգի, և զանասո՛ւնս ըստ ազգի, և զամենայն սողունս երկրի ըստ ազգի իւրեանց: Եւ ետես Աստուած զի բարի՛ են:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: