Սրբ. Եփրեմ Ասորի (†373)
3-5. Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ: Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից: Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին:
Եվ ինչու կոչեց լույսը ցերեկ, իսկ խավարը` գիշեր: Օդն ինքն իսկ իր մեջ կրում է բոլոր գույները և բոլոր համերը և հոտերը. ցերեկը լույսի շնորհիվ սպիտակում է, իսկ գիշերը խավարի պատճառով` սևանում, ինչպես կրակը բորբոքվում և հանգչում է քամուց, ջրերը դառնում են կարկուտ, ձյուն, սառույց, և խաղողի որթը դառնում է գինի և սպիտակում:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եվ Աստված ասաց․ «Թող լույս լինի»: Եվ լույս եղավ: (Սինոդական թարգ․)[3]
Թող լույս լինի… Սրան հստակ մատնանշում է Պողոս Առաքյալը, երբ խոսում է Աստծո մասին՝ որպես խավարից լույս ծագեցնողի (Բ Կորն. 4:6): Լույսի արարումը եղավ աստվածային աշխարհաստեղծման առաջին ստեղծագործական-կառուցողական գործողությունը: Այս նախագո լույսը սովորական լույս չէր՝ բառի կատարյալ իմաստով, քանի որ մինչ արարչագործության չորրորդ օրը, երբ հայտնվեցին գիշերային լուսատուները, դեռևս գոյություն չունեին լույսի մեր աղբյուները, այլ կար այնպիսի լուսակիր եթեր, որը, գտնվելով տատանողական վիճակում, ցրում էր սկզբնական խավարը՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ հետագայում երկրի վրա ամեն տեսակ օրգանական կյանքի ծագման համար:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ:
(Արարատ թարգ․) Եվ Աստված ասաց. «Թող լո՛ւյս լինի», և եղավ լույս:
(Գրաբար) Եւ ասաց Աստուած. Եղիցի՛ լոյս: Եւ եղև՛ լոյս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: