Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:15

Հովհաննես Ծործորեցի

Երեկոյեան դէմ, աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Այս տեղը ամայի է, եւ օրը տարաժամել է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմութիւնը, որպէսզի գնայ շրջակայ գիւղերը իր համար ուտելիք գնի»:
   
   Երբ երեկոյացավ, աշակերտները մոտեցան Նրան և ասացին. «Այս տեղն անապատ է, և ժամանակը՝ ուշ. արձակի՛ր ժողովրդին, որ գնա շրջապատի շեները և կերակուր գնի իր համար»:

   Մեր Տերը կամենում էր կերակրել նրանց. ինչպես նրանց հոգիները՝ խոսքով, այդպես էլ մարմինները՝ հացով: Բայց ինքնագլուխ չի անում ոչինչ, այլ սպասում է, որ խնդրեն, որպեսզի չկարծեն, թե Ինքն է հրաշագործությունները նախաձեռնում, այլ [դրանք գործում է], երբ կանչվում է, որովհետև ամենուրեք այդպես էր վարվում: Ուստի «երբ երեկոյացավ, աշակերտները մոտեցան»: Ինչպես ասացի, [Հիսուսը] մինչև երեկո նրանց հոգիները բժշկեց վարդապետութ-յամբ, իսկ նրանց մարմնավոր բժշկության մասին չհոգաց, որովհետև հիվանդներից յուրաքանչյուրը հոգու ցավեր [էլ] ուներ, և եթե [նախ մարմնով] բժշկվեին, իրենք իսկ օթևանի տեղ կփնտրեին: Իսկ աշակերտները, թեպետ հացը հիշեցին, երբ [ասացին]. «Արձակիր ժողովրդին», սակայն նաև ցավերի բժշկությունն էին հայցում, ինչ պատճառով էլ [Տերը] նրանց [հուզող] հարցերի պատասխանն է տալիս:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

15-21. Երեկոյեան դէմ, աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Այս տեղը ամայի է, եւ օրը տարաժամել է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմութիւնը, որպէսզի գնայ շրջակայ գիւղերը իր համար ուտելիք գնի»: Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»: Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից»: Եւ նրանց ասաց. «Այստե՛ղ բերէք այդ»: Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին: Բոլորը կերան ու յագեցան: Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին: Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին՝ չհաշուած կանանց եւ երեխաներին:
   
   Ավետարանիչների պատմությունն այնպես է ցույց տալիս, թե ժողովրդի խռնվելը միայն մեկ օրվա գործողություն էր` առավոտից մինչև երեկո: Եվ առավոտից սկսած տեղ հասնող բազմությունը երեկոյան դեմ` մայրամուտից շատ առաջ, հինգ հազարի սահմանն անցել էր, ընդ որում` ավետարանիչները հինգ հազարի ներկայությունը հիշելու ժամանակ կանանց և երեխաներին հաշվից դուրս են թողնում: Ուրիշ անգամ էլ Հիսուսի շուրջը այսպիսի տարօրինակ մի բազմություն խռնված ժամանակ նշված է, թե այն երեք օրում հավաքվեց Մատթ. 15:32: Գուցե այս անգամ էլ նախորդ օրերի չափ բազմություն կար և միայն մի քանի օր հետո էր այսպիսի արտակարգ թվի հասել: Ինչպես էլ լինի, Բեթսայիդայի անապատում հավաքված բազմությունը առանց մտածելու էր եկել` ո՛չ մտածել էր տեղում ուտելիք չլինելու և ո՛չ էլ միաժամանակ պաշար բերելու մասին: Երեկոն մոտենում էր, ժողովուրդը մնում էր, իսկ պաշար չկար: Հիսուս շարունակում էր քարոզներն ու բժշկությունները, իսկ առաքյալները սկսեցին մտահոգվել:
   Տասներկուսը խմբովին մոտենում են Հիսուսին և պարտ ու պատշաճ ակնածանքով նկատել տալիս, որ «ժողովուրդը շատ է, այս վայրը` անմարդաբնակ, նրանք պաշար չեն բերել, և մենք էլ մթերք չունենք: Արդեն երեկոյանում էր և հազիվ այս ու այն կողմ գնալու ժամանակ է մնում: Արևը մայր չմտած և գիշեր չեղած, քարոզությունները վերջացրու, բժշկությունները դադարեցրու ու ժողովրդին էլ հրամայիր, որ մոտակա գյուղերն ու ագարակները գնան, իրենց ուտելիք գտնեն, քանի որ եթե այստեղ մնան, քաղցից պիտի նեղվեն»: Հիսուս, առանց այլայլվելու, զվարթորեն պատասխանում է. «Ի՞նչ կարիք կա ժողովրդին ցրելու: Ի՞նչ անհրաժեշտություն կա, որ կերակուր հոգալու ետևից գնան, մի՞թե դուք չեք կարող նրանց կերակրել, ուրեմն դուք հոգացեք նրանց կերակրի մասին»: Առաքյալներն իրար երեսի են նայում` չհասկանալով, թե ի՞նչ մտքով է խոսում Հիսուս, որովհետև Նա պետք է լավ իմանար, թե իրենց հետ հազարավոր մարդիկ կերակրելու պաշարներ չեն բերել: Ենթադրելի է, որ ունեցած փոքրիկ պաշարը բոլորովին վերջացել էր, որովհետև ասում են. «Մեզ մոտ ոչինչ չի մնացել, եթե ուզում ես, գնանք, պետք եղած հացը գնենք ու ժողովրդին բաշխենք: Բայց երկու հարյուր դահեկանի հացն էլ բավական չի լինի այդքան բազմությանը, եթե անգամ ամեն մեկին մի փոքրիկ կտոր տալ կուզենք»: Հռոմեական դահեկանը, լավագույն ուսումնասիրությունների համաձայն, մեկ ֆրանկից մի քանի հարյուրերորդականով է ավելի: Մեր դրամով հինգ ղուրուչին է մոտենում, բայց չգիտենք, թե այս դրամով որքան հաց էր հնարավոր գնել, որպեսզի հինգ հազար հոգու մեկական կտոր տրվեր:
   Հիսուս դառնում է Փիլիպպոսին ու ասում. «Որտեղի՞ց կարող եք այս ժողովրդի համար հաց գնել»: Փիլիպպոսին հարցնելն անշուշտ նրա բեթսայիդացի լինելու պատճառով էր, որով պետք է շրջապատի մասին ճիշտ տեղեկություն ունենար: Բայց Հիսուսի այդ խոսքերը ավելի առաքյալներին փորձելու համար էին` տեսնելու, թե որքանով են վստահում Իրեն` այդքան հրաշքներ տեսնելուց հետո: Այլապես Ինքն արդեն անելիքը որոշել էր և կամավորապես լռում էր ու բազմության չցրվելու նկատմամբ անհոգ էր երևում: Այդ մտքով նորից հրամայում է առաքյալներին, որ գնան նայեն, թե պատրաստի ինչ ունեն: Անդրեասը, նա էլ բեթսայիդացի և այս պատճառով ավելի գործով զբաղված, լուր է բերում, թե իրենցից մի երիտասարդի մոտ միայն հինգ գարե նականակ և երկու չոր ձուկ է մնացել: Հիսուս, այդ լուրն առնելով, հրամայում է, որ գտնվածն իր մոտ բերեն, և իբրև թե պատրաստ ու բավարար պաշար գտած լինելով, հրամայում է առաքյալներին, որ ժողովրդին խումբ-խումբ նստեցնեն այդ անմարդաբնակ լեռների, խոտավետ հովիտների ու տափարակների վրա` ամեն խումբը հիսուն հոգի, յուրաքանչյուրի կինն ու երեխան էլ իր հետ: Եվ այսպես հարյուր խմբեր են կազմվում և, բացի կանանցից ու երեխաներից, իմացվում է հինգ հազար հոգու ներկա լինելը:
   Հինգ նկանակներն ու երկու ձկները ձեռքն առավ, հայացքը բարձրացրեց դեպի Երկնավոր Հայրը, աղոթեց, օրհնեց, կտրատեց և սկսեց առաքյալներից յուրաքանչյուրի ձեռքում գտնվող զամբյուղի մեջ լցնել: Առաքյալները լեցուն զամբյուղները տարան ժողովրդին բաժանեցին: Ժողովուրդը սկսեց ուտել հացն ու ձուկը, ուտել առատորեն և հագենալ կատարելապես: Երբ ամենքը կերան ու վեր կացան, Հիսուս առաքյալներին հրամայեց, որ գնան ու ավելացածները հավաքեն: Նրանք էլ, այս ու այն կողմ շրջելով, ձեռքների զամբյուղները լցրեցին ու տասներկուսը տասներկու լեցուն զամբյուղներով վերադարձան Հիսուսի մոտ ու Նրա առջև դրեցին:
   Թե ինչպես կատարվեց հինգ հացի և երկու ձկան հինգ-վեց հազար ուտողներին բավարարելը, Ավետարաններում բնավ բացատրության մի բառ չենք գտնում, որպեսզի այդ փաստի վրա հիմնվելով և այն մեկնելով, կարողանանք հրաշքի ձևը բացատրել: Մեկնիչները, որ շատ անգամ երկրորդական խնդիրների վրա էլ են իրենց մտքերը հոգնեցնում, զանազան եղանակներով խորհել են ու բացատրել: Ոմանք ասացին, թե Հիսուսի ձեռքում հացն ու ձուկը երբեք չպակասեցին, այլ քանի անգամ որ առաքյալները իրենց զամբյուղները դատարկելով Հիսուսին դարձան, միշտ պետք եղածը ստացան Հիսուսից ու տարան, տվեցին ու եկան, նորից վերցրեցին ու բաշխեցին: Ուրիշներն ասացին, թե առաքյալների զամբյուղների մեջ դրված մի քիչ հացը և մի կտոր ձուկը զամբյուղի մեջ բազմացան, և առաքյալները որքան իրենց ձեռքերը նրա մեջ մտցրին, միշտ բաշխելու որևէ բան գտան: Ուրիշներն ասացին թե մի փոքրիկ հացի կտորն ու ձկան փշրանքը այնպիսի հագեցուցիչ ուժ ստացան, որ ուտողները նորից ուտելիքի պահանջ չունեցան: Ասողներ էլ եղան, թե ժողովուրդը սաստիկ հոգեկան հուզման տակ ինքն իրեն այնպես հագեցած զգաց, ինչպես որ կարող էր լինել, եթե յուրաքանչյուրին հագենալու բավարար ուտելիք տված լիներ: Այս տարբեր ցուցադրությունների միջից մեզ հավանական թվացողը առաջինն է և, մանավանդ այն պատճառով, որ Ավետարանի պատմության մեջ հիշված են զամբյուղների դատարկվելն ու ավելցուկներով նորից լցվելը և տասներկու զամբյուղ լցված ավելցուկներ ամենքի աչքի առջև մեջտեղում դրվելը: Մյուս մեկնություններում այս պարագան չի կարող արդարանալ:
   Սակայն, ըստ մեզ, ավելորդ է հրաշքների ինչպե՞ս-ի բացատրության վրա հոգնել, որովհետև հրաշքը ճիշտ ու ճիշտ ինչպե՞ս-ը չիմանալու վրա է կայանում, և այն ամենը, որոնց ինչպե՞ս-ը իմացվում է ու բացատրվում, դրանով իսկ դադարում են հրաշք լինելուց:
   Հոդվածը չփակած` մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրում ենք վերջին երկու հոդվածների գլխավերևում դրված Ավետարանների հիշատակությունների վրա: Մեր ՀԱՄԱՊԱՏՈՒՄ-ի սկզբից այս առաջին անգամն է, որ չորս Ավետարանիչներին միաժամանակ հիշելու առիթն ենք ունենում` (Մատթ. 14:13-14) և այս հոդվածի գլխում: Բեթսայիդայի անապատում հինգ հազարի կերակրվելու հրաշքը առաջին եղելությունն է, որը չորս Ավետարանիչները համաձայն և համամիտ կերպով պատմում են, բոլոր էական կետերի վրա կատարելապես միաբանվում են, իսկ երկրորդականներում` լրացնում են իրար: Սրանից հետո այլևս առիթ պիտի չունենանք չորս ավետարանիչներին միաժամանակ հիշելու, բայց միայն Հիսուսի վերջին տնօրինություններին հասած ժամանակ: