Հովհաննես Ծործորեցի
Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել եւ առաջանալ դէպի միւս կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդի բազմութիւնն արձակի:
 Եվ իսկույն ստիպեց աշակերտներին մտնել նավ և [Իրենից] առաջ մյուս կողմն անցնել, մինչև Ինքը ժողովրդին ճանապարհ դներ:
 Երբ մեծ գործեր էր կատարում, Իրեն մեկուսացնում էր ժողովրդից ու աշակերտներից, որպեսզի մեզ սովորեցներ մեզ համար փառք չփնտրել շատերից և դրա հետևից չընթանալ:
 Իսկ որ ասում է՝ «ստիպեց աշակերտներին», ցույց է տալիս աշակերտների հնազանդությունը, որից մենք էլ սովորենք պատկառել Քրիստոսից, ինչպես Տիրոջ աշակերտները. ո՛չ միայն նյութական պարգևների համար,- որպեսզի հրեաների պես չնախատվենք թե՝ «Ինձ փնտրում եք, ոչ թե որ հրաշքներ տեսաք, այլ որ այն հացից կերաք ու հագեցաք» (Հովհ. 6։26),- այլև հոգևոր:
 «Եվ մյուս կողմն անցնել, մինչև Ինքը ժողովրդին ճանապարհ դներ», որովհետև ժողովուրդը չէր կամենում Նրանից բաժանվել. ուստի ժողովրդի պատրվակով [աշակերտներին] ավելի շուտ ուղարկեց, որպեսզի նրանք գնային:
 Երբ ժողովրդին ճանապարհ դրեց, ելավ լեռը՝ առանձին աղոթելու:
 Սրանով ևս խրատում է մեզ ոչ ժողովրդի հետ միշտ խառնվել, ոչ էլ բազմությունից շարունակ փախչել, այլ երկուսը պատշաճ ժամանակի կիրառել, ինչն օգտակար է թե սեփական անձին, թե շատերին:
 Բայց հարկ է քննել, թե ինչու է լեռ բարձրանում: Որպեսզի մեզ սովորեցնի, որ անապատն ու միայնությունը լավ են, երբ կամենում ենք աղոթք մատուցել: Ուստի անապատ էր գնում ու ամբողջ գիշեր աղոթքով անցկացնում, որպեսզի այդ ժամանակի և տեղի շնորհիվ անխռով միտք ձեռք բերենք, այս կյանքի հանգանմանքների ալեկոծություններից մեր հոգին ազատենք և մտքով ելնենք երկինք, որն [այստեղ] «լեռեով է խորհրդանշվում:
 Հարկ է գիտենալ և այն, որ ովքեր Քրիստոսին երկուսի են բաժանում, որոնք նեստորականներն ու սրանց համախոհներն են, ասում են, թե արարված բնությունն 803 էր աղոթում: Բայց եթե այդպես է, ապա [Քրիստոսը] երկու որդի և երկու անձ է, իսկ Ընդհանրական Եկեղեցին նզովում է [այսպես դավանողներին]: Այլ Խոսքը մարմնացավ և [մարդկության հետ] անշփոթաբար միավորվեց մարմնի մեջ, որը նույն պատիվն ու կանխագիտության զորությունն ընդունեց Խոսքից՝ աստվածային անձնավորության հետ հաղորդության պատճառով: Նրանն են թե՛ բարձրագույն, թե՛ նվաստագույն [գործերը], և Նրան Թովմասը «Տեր և Աստված» կոչեց 804: Որովհետև [Քրիստոսն] աստվածային [գործերը]՝ մարդկաբար և մարդկայիններն աստվածաբար էր կատարում, որոնցից մեկն էլ աղոթելն է: Եվ Նրանն էր նաև մարմինը անճառ միավորության և անշփոթ խառնման 805 պատճառով:
Մաղաքիա արք. Օրմանյան
22-23. Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել եւ առաջանալ դէպի միւս կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդի բազմութիւնն արձակի: Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ:
Բոլորովին նոր ու անակնկալ մի եռանդ առաջացավ հանկարծ Բեթսայիդայի անապատում հավաքված բազմության մեջ: Հիսուսի բժշկություններն արդեն հռչակված էին, վարդապետություններն ապշեցրել էին ժողովրդին, Նոր Ուխտի և Ավետարանի սկզբնավորությունը խորը տպավորություններ էր գործել: Հիսուսի անձը խորհրդավոր կերպարանք էր ստացել, մարգարե, մեծ մարգարե, խոստացյալ մարգարեն, ակնկալված Մեսիան էր կարծվում շատերի կողմից, թեպետև ոչ առանց վարանման: Եթե երբեմն ողջունում էին նրան՝ որպես Դավթի որդի, ապա Իր խոնարհ կերպարանքը և տկար երևածը շփոթեցնում էր մտքերը: Եթե ըստ հոգու մեծ լինելն էր վկայվում, ապա ըստ աշխարհի մեծ չէր երևում և բորբոքված եռանդները հանկարծ մարում էին, պատրաստ սրտերը ետ էին քաշվում և Հիսուս Նազովրեցուն որպես Մՙեսիա ընդունելու մտադրությունները կասեցնում էին:
Հացերի հրաշքը դեպքերի ընթացքը հիմնովին փոխեց: Ուրեմն Հիսուս կույր և կաղ, խուլ ու համր բժշկող և դևեր հալածելու իշխանություն ունեցող չէր միայն: Նա իր հետևորդներին նույնիսկ ոչնչով կերակրելու կարողություն ունեցող մեկն էր, որ ամեն արտաքին վտանգների ու փորձանքների դարմանն էլ կարող էր գտնել: Ուրեմն արժեր Նրան վստահել ու Նրան հետևել՝ խոստացյալ Մեսիան նրանից ավելի, Նրանից զորավոր, Նրանից կարող մեկը պիտի չլիներ: Ժողովուրդն իր համոզմունքը կազմեց, իր որոշումը տվեց և Բեթսայիդայի անապատում հրաշքով կերակրված հինգ հազարը, ամենը միաձայն ու միաբերան սկսեցին աղաղակել ու գոռալ և իրենց գոռում-գոչյունով թնդացնել լեռներն ու հովիտները. «Սա է ճշմարիտ Մարգարէն, որ գալոց է յաշխարհ», սա է մեսիան, սա է Փրկիչը, սա պիտի լինի մեր գլուխը: Հրեաներն ամբողջովին արտաքին՝ երկրային ու աշխարհային մի գաղափար էին կազմել Մեսիայի մասին և նույն գաղափարով այժմ ողջունում էին Հիսուսին: Եվ իրենց համար մի աշխարհային Մեսիա լինել կարծելով, իրենք ևս նույն հոգով ու նույն կերպով նրա հպատակության ու նրա ժառանգության տակ մտած էին հայտարարում իրենք իրենց:
Ծանր էր պարագան, անակնկալ մեսիական եռանդին ուժ տալը վտանգավոր էր, թո՛ղ թե այդ բանը բոլորովին հեռու և օտար էր Հիսուսի հոգուց ու գործից, հիմնովին հակառակ էր Ավետարանի սկզբունքներին, ոչ մի կերպով հնարավոր չէր այն համաձայնեցնել Հիսուսի վարդապետության և Նրա փրկագործ գործունեության հետ: Հիսուս այդ անակնկալ եռանդը մարելու ուրիշ եղանակ չգտավ, բացի խուսափելով ժողովրդին հուսախաբ թողնելուց և բնավ քաջալերություն չտալ նրանց անիմաստ բորբոքմանն ու մշակել նրանց բուռն երևակայությունը:
Կերակուրը վերջացել էր և մայրամուտի մոտ առաքյալներին հրամայեց, որ իսկույն Հուլյան-Բեթսայիդա նոր քաղաքի անմարդաբնակ լեռները քաշվեն, ուղիղ իջնեն հին Բեթսայիդայի նավահանգիստը և իրենց նավով, որով եկել էին, նորից ետ դառնան ու Կափառնայում գնան ու այնտեղ սպասեն Իրեն: Ինքն էլ ժողովրդին ցրելուց հետո, կհասնի նրանց: Առաքյալներին սկզբից ուղարկած լինելը իբրև փաստ օգտագործելով՝ սկսեց համոզել ժողովրդին, թե այնտեղ իրենց անելիք չկա, թե պետք է, որ Ինքը Կափառնայում վերադառնա՝ իր գործունեությունն այնտեղ շարունակելու համար: Ուրեմն պետք է, որ հավաքվածներն այնտեղ չմնան, այլ դառնան իրենց բնակավայրերը: Հիսուսի համոզիչ խոսքերը հանդարտեցրին անիմաստ բորբոքումը: Անշուշտ Հիսուս շատ ավելի հորդորներ խոսեց, որոնք Ավետարանները չեն հիշում, և մենք մեզնից ավելացնել չենք հանդգնում:
Հիսուսի հորդորներն իրենց արդյունքն ունեցան: Գիշերն էլ վրա հասավ: Ժողովուրդը հանդարտվեց և սկսեց կամաց-կամաց ցրվել: Մեծագույն մասը բռնեց ծովեզերքի ճանապարհը՝ Բեթսայիդայի նավահանգիստն իջնելու, մի մասն էլ իրենց մոտակա գյուղերն ու քաղաքները գնալու համար: Վերստին խոր լռությունն սկսեց տիրել Հուլյան-Բեթսայիդա քաղաքից այն կողմ գտնվող անմարդաբնակ լեռներում ու հովիտներում, որ մի պահ ահագին բազմության և ահավոր դղրդյունի թատերաբեմ էր դարձել:
Հիսուսն էլ, բոլորովին միայնակ մնացած, նույն անապատի բարձրագույն գագաթներից մեկի վրա առանձնացավ և սկսեց իր գիշերային աղոթքն անել: Առաքյալները Բեթսայիդայից մեկնելով՝ ծովի վրա էին գտնվում: Ժողովուրդը բռնել էր անապատից դեպի ծովեզերք տանող ճանապարհը, իսկ Հիսուս հսկում էր լեռան վրա: Այս էր նշանավոր օրվա վերջում վրա հասնող գիշերվա վիճակը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: