Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
23-26. «Եվ, ժողովրդին արձակելուց հետո, Նա բարձրացավ լեռը՝ առանձին աղոթելու։ Եվ երբ երեկո եղավ, [Հիսուս] այնտեղ մենակ էր»: «Իսկ նավը արդեն ծովի (լճի) մեջտեղում էր և ալիքներից տարուբերվում էր, որովհետև քամին հակառակ կողմից էր»։ «Գիշերվա չորրորդ պահին Հիսուս, ծովի (լճի) վրա քայլելով, նրանց մոտ եկավ»։ «Եվ երբ աշակերտները Նրան տեսան ծովի (լճի) վրայով քայլելիս, շփոթվեցին ու ասացին, թե՝ ուրվական է, և վախից աղաղակեցին»։
Ինչո՞ւ է Տերը բարձրանում լեռը։ Որպեսզի մեզ սովորեցնի, թե որքան նպաստավոր են անապատն ու մենությունը, երբ մենք կարիք ունենք Աստծուն աղոթելու։ Այդ պատճառով էլ Նա հաճախ է գնում անապատ և հաճախ գիշերներն անցկացնում այնտեղ՝ աղոթքի մեջ, այդպիսով մեզ ուսուցա նելով ընտրել այնպիսի ժամանակ և վայր, որը մեզ կտրամադրի խաղաղ աղոթքի։ Անապատը լռության մայրն է, խաղաղություն և ապաստան, որը մեզ պաշտպանում է ամեն տեսակի անհանգստությունից։ Այսպիսով, Քրիստոս բարձրացավ լեռը՝ աղոթելու, բայց աշակերտները կրկին պայքարում են ալիքների դեմ և դիմանում փոթորկին, ինչպես նախկինում։ Բայց այն ժամանակ, փոթորկի ժամանակ, Քրիստոս նրանց հետ նավակում էր, մինչդեռ այժմ նրանք միայնակ են։ Տերն Իր աշակերտներին աստիճանաբար և քիչ-քիչ առաջնորդում է դեպի ավելի մեծ ճանաչողություն և սովորեցնում է նրանց քաջաբար դիմանալ ամեն ինչին։ Ահա թե ինչու, երբ նրանք առաջին անգամ վտանգի մեջ էին, Հիսուս աշակերտների հետ էր (չնայած որ քնած էր), որպեսզի հանգստացնի նրանց։ Սակայն հիմա, նրանց ավելի մեծ տոկունության մղելով, Քրիստոս այլ կերպ է գործում. Նա հեռանում է աշակերտներից, թույլ է տալիս, որ փոթորիկը հասնի նրանց ծովի մեջտեղում, որպեսզի նրանք փրկության որևէ հույս չունենան, և նրանց ամբողջ գիշեր թողնում է պայքարելու ալիքների դեմ, որի միջոցով, կարծում եմ, Տերը ցանկանում էր դիպչել նրանց կարծրացած սրտերին: Նման ազդեցություն պետք է ունենար փոթորկի և գիշերվա առաջացրած սարսափը: Պարզապես սրտանց կարեկցանք ցուցաբերելուց զատ Տերն աշակերտների մեջ արթնացնում է Իր հետ լինելու և Իր մասին մշտապես հիշելու ամենաուժգին ցանկությունը: Ահա թե ինչու Հիսուս անմիջապես չհայտնվեց նրանց, այլ, ինչպես ասում է ավետարանիչը, «գիշերվա չորրորդ պահին Հիսուս, ծովի (լճի) վրա քայլելով, նրանց մոտ եկավ» (25-րդ համար)՝ այդպիսով նրանց ուսուցանելով վրա հասնող աղետներին դեմ հանդիման փութահաս փրկություն չփնտրել, այլ քաջությամբ դիմագրավել այն ամենին, ինչ պատահում է։
Բայց երբ որ նրանք սպասում էին փրկությանը, նրանց վախն էլ ավելի մեծացավ։ Եվ երբ աշակերտները Նրան տեսան ծովի (լճի) վրայով քայլելիս, - ասում է ավետարանիչը, - շփոթվեցին ու ասացին, թե՝ ուրվական է, և վախից աղաղակեցին» (26-րդ համար): Տերը մշտապես այսպես է գործում. երբ Նա ցանկանում է վերջ դնել մի աղետի, Նա ուղարկում է ուրիշ՝ ավելի ծանր և սարսափելի պատուհասներ։ Այդպես էր նաև այս դեպքում. փոթորիկից բացի, Քրիստոսի հայտնվելը ևս աշակերտներին սարսափեցրեց՝ և դեռ ոչ պակաս, քան փոթորիկը։ Քրիստոս չփարատեց խավարը կամ անմիջապես չհայտնվեց աշակերտներին, որպեսզի, ինչպես ասացի, երկարատև վախի «միջոցով» զորացնի նրանց և համբերատարություն սովորեցնի։ Նույնը պատահեց նաև Հոբի հետ։ Երբ Աստված ցանկացավ վերջ դնել Հոբի վախին և փորձությանը, Նա թույլ տվեց, որ վերջին տառապանքը լինի ամենադաժանը։ Ես այստեղ նկատի չունեմ Հոբի երեխաների մահը կամ նրա կնոջ խոսքերը, այլ ծառաների և ընկերների նախատինքները։ Նմանապես, երբ Աստված ցանկացավ Հակոբին ազատել օտար երկրում կրած նեղություններից, Նա թույլ տվեց, որ նոր խնդիրներ առաջանան և անդադար ավելանան։ Հակոբի աները ճանապարհին հասավ նրան և սպառնաց մահով, իսկ հետո նրա եղբայրը, որը ցանկանում էր ընդհատել նրա ճանապարհը, Հակոբին ծայրահեղ վտանգի մատնեց։ Քանի որ մարդու համար անհնար է դիմանալ երկարատև և լարված փորձություններին, Տերը, ցանկանալով, որ արդարներն ավելին շահեն, ավելացնում է նրանց փորձությունները մինչև իրենց սխրագործությունների ավարտը։ Աստված նույնն արեց նաև Աբրահամի հետ՝ որպես վերջին փորձություն նրա համար «սահմանելով» սեփական որդու զոհաբերությունը։ Եվ այն, ինչն անտանելի է, դառնում է տանելի, երբ այն մարդուն պարտադրվում է անմիջապես փրկության նախամուտին՝ ազատագրումից կարճ ժամանակ առաջ։ Այս դեպքում էլ Քրիստոս նույն կերպ վարվեց. Նա չհայտնվեց առաքյալներին, մինչև նրանք չաղաղակեցին։ Որքան ավելի էր նրանց անհանգստությունը մեծանում, այնքան ավելի էին նրանք սպասում Քրիստոսի գալուստին։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
23-24. Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ: Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշուելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր:
Եվ երբ երեկոյացավ, մենակ էր այնտեղ: Իսկ նավը ցամաքից շատ հեռու էր գտնվում և ծփվում ալիքներից, որովհետև քամին ընդդիմակաց էր:
Բարի է Աստծո միայնությունը, որովհետև կուտակված բազմություն չէ, որում խառնվում ու ամբոխում են միմյանց, այլ մեկն է և բոլորից բարձր միակ: Եվ թեպետ մարդացավ, սակայն մեկն է նաև մարդանալուց հետո՝ ըստ այսմ. «Միակը, մեկը» 1. սա ասում եմ ըստ թե՛ բնության, թե՛ անձնավորության: 2
Եվ նավը, ասում է [ավետարանիչը], հեռացել էր ցամաքից և ծփվում էր ալիքներից, ինչպես նախորդ անգամ (Մատթ. 8։23-26), սակայն այն ժամանակ, թեպետ [առաքյալները] տագնապում էին, [Հիսուսը] նրանց հետ նավում էր, իսկ այժմ միայն իրենք էին, որովհետև [Տերը] սակավ առ սակավ, մեղմությամբ, կրթում էր նրանց՝ մեծամեծ բաների համար համբերելու նեղություններին: Ինքը հեռացավ և թողեց, որ նրանք ծփան ծովի մեջ, ավելին, հենց Ինքը հրաման տվեց քամուն սաստկանալ, որպեսզի ուրիշ տեղից փրկության հույս չունենային: Նաև՝ քամին խորհրդանշում էր այն ընդդիմակ զորությունները, որոնք այս աշխարհի ծովում փորձելու էին նրանց:
--------------------------------
2 . Այսինքն՝ ունի թե մեկ բնություն, թե մեկ անձնավորություն (խոսքն, ան շուշտ, միավորյալ մեկ բնության մասին է, եթե հասկանում ենք Հայոց Առաքելական Ուղ ղա փառ Եկեղեցու տեսանկյունից): Իսկ ՄՄ Մատ. ձեռ. թ. 2687-ի՝ այս հատ վածի տարընթերցվածը թարգմանվում է այսպես. «ոչ թե ըստ բնության, այլ ըստ անձնավորությանե, ինչը կամ հիշեցնում է քաղկեդոնական Եկեղեցինե րի դավանանքը, կամ բացատրում մեջբերումը, թե Քրիստոսի մեջ բնութ յու նը մի ակը, այսինքն՝ միայն աստվածայինը չէ:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:22
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: