Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
27-28. «Բայց Հիսուս իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվե՛ք, Ես եմ, մի՛ վախեցեք»»։ «Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, եթե Դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով Քեզ մոտ գալ»»։
Ապա, «երբ նրանք աղաղակեցին, - ասում է ավետարանիչը, - Հիսուս իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվե՛ք, Ես եմ, մի՛ վախեցեք»»։ Այս խոսքերը ցրեցին նրանց վախը և քաջություն ներշնչեցին։ Առաքյալները Հիսուսին չճանաչեցին Իր տեսքով՝ թե՛ ջրի վրայով Նրա հրաշասքանչ քայլքի, թե՛ գիշեր լինելու պատճառով, ուստի Նա Իրեն բացահայտում է ձայնով։ Ի՞նչ է անում Պետրոսը, որը մշտապես եռանդուն էր ու միշտ ինքն էր զգուշացնում մյուս աշակերտներին։ «Տե՛ր, - ասում է նա,- եթե Դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով Քեզ մոտ գալ» (28-րդ համար)։ Պետրոսը չասաց. «Աղոթի՛ր և օգնությա՛ն կանչիր Աստծուն», այլ՝ «Հրամայի՛ր»։ Տեսնո՞ւմ ես, թե որքան ջերմեռանդություն, որքան հավատք է Պետրոսը ցուցաբերում, չնայած որ նա հաճախ իրեն վտանգի էր ենթարկում՝ չափազանց շատ բան խնդրելով։ Այսպիսով, այստեղ էլ նա չափազանց շատ բան խնդրեց, սակայն դա արեց միայն սիրուց ելնելով, այլ ոչ թե պարծենկոտությունից դրդված։ Նա չասաց. «Հրամայի՛ր ինձ քայլել ալիքների վրայով», այլ տե՛ս, թե ինչ է ասում նա։ «Հրամայի՛ր ինձ․․․գալ Քեզ մոտ»։ Ոչ ոք այդքան շատ չէր սիրում Հիսուսին։ Պետրոսը դա ապացուցեց նաև Քրիստոսի հարությունից հետո։ Եվ այդ ժամանակ նա չսպասեց մյուսների հետ ընթանալուն, այլ առաջ վազեց։ Այդպիսով նա իր մեջ բացահայտում է ոչ միայն սեր, այլև հավատք։ Պետրոսը վստահ էր, որ Հիսուս ոչ միայն կարող է քայլել ծովի վրայով, այլև առաջնորդել ուրիշներին, և նա ցանկանում էր որքան հնարավոր է շուտ մոտենալ Նրան։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»:
Հիսուսն անմիջապես խոսեց նրանց հետ՝ ասելով. «Քաջալերվե՛ք, Ե՛ս եմ, մի՛ երկնչեք»:
Այսինքն՝ մարմնո՛վ, որը դուք ևս տեսաք: Եվ քանի որ դեմքով չճանաչեցին գիշեր լինելու պատճառով, ոչ էլ նորահրաշ այդ քայլքից, անմիջապես ձայնով հայտնի դարձրեց Իրեն, որով նրանց երկյուղը փարատեց, որպեսզի այս աշխարհի ծովում Նրան վստահելով՝ ոչ ոքից չվախենային՝ ըստ այսմ. «Տերն է իմ օգնականը, և ես չեմ վախենա, մարդն ինձ ի՞նչ կանի» (Սաղմ. 117։6):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:24
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: