Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ աշակերտները, առանձին, մօտեցան եւ Յիսուսին ասացին. «Մենք ինչո՞ւ այն հանել չկարողացանք»:
 Այդժամ աշակերտներն առանձին մոտեցան և ասացին Հիսուսին. «Մենք ինչո՞ւ չկարողացանք հանել նրան»:
 Աշակերտները տարակուսանքների խռովքին մատնվեցին, երբ այն մարդն ասաց, որ [դևը] չկարողացան հանել: Ուստի երբ [Հիսուսը տղային] բժշկեց, մոտեցան իրենց անկարողության պատճառը հարցնելու, որովհետև կասկածում էին, թե գուցե կորցրել են շնորհը, որ վստահվեց նրանց՝ պիղծ ոգիների վրա իշխանությունը: Իսկ առանձին հարցնելն ամաչելու պատճառով չէր. որովհետև գործն ավարտվել էր, նրանք էլ՝ հանդիմանվել, այնուհետև ամաչելն ավելորդ էր: Այլ պատճառը նրանց սովորությունն էր, որ երբ բարձր բաների մասին էին հարցնում, դա ծածուկ էին անում:
 
Մաղաքիա արք. Օրմանյան
18-20. Այն ժամանակ աշակերտները, առանձին, մօտեցան եւ Յիսուսին ասացին. «Մենք ինչո՞ւ այն հանել չկարողացանք»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեր թերահաւատութեան պատճառով. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք, այս լերանը կ՚ասէք՝ տեղափոխուի՛ր այստեղից այնտեղ, եւ կը տեղափոխուի. եւ որեւէ բան ձեզ համար անհնարին չի լինի: Բայց այս տեսակ դեւը այլ կերպ դուրս չի ելնում, եթէ ոչ աղօթքով ու ծոմապահութեամբ»:
 
 Ժողովուրդը զարմացավ, դպիրները զայրացան, սակայն նրանցից տարբերվում էր առաքյալների զգացումը: Երբ Հիսուսի հրամանով նրանք շրջեցին Գալիլիայում, բժշկեցին հիվանդների, հալածեցին դևերին, հրաշքներ գործեցին, ուրեմն իրենցից չէր, որ այս լուսնոտ դիվահարին բժշկել չկարողացան, և եթե իրենցից չէր, ապա ի՞նչն էր պատճառը: Ահա անլուծելի մի խնդիր, որի պատասխանը գտնել չէին կարողանում: Թեև միայն ինն առաքյալներն էին ձախողվել, սակայն մյուս երեքի վիճակն էլ տարբեր չէր, որ լուծում գտնեին: Այս մտքով տարված և միմյանց ականջներին փսփսալով՝ հետևում էին Հիսուսին, երբ Նա բժշկությունից հետո, բազմությունը թողնելով, երեկոյանալու մոտ, գյուղ էր դառնում, վերադառնում էր այն տունը, ուր գիշերել էին ինն առաքյալները, գուցե նաև Հիսուս՝ Թաբոր բարձրանալուց առաջ:
 Հարմար չեն գտնում ճանապարհին խոսք բաց անել: Բայց երբ տուն են մտնում և իրենք իրենցով են մնում, այլևս չեն կարողանում համբերել, մոտենում են Հիսուսին և հարցնում. «Ինչո՞ւ այդ դևը մեր հրամանով չհալածվեց, մենք ինչո՞ւ չկարողացանք այս դիվահարին բժշկել: Չէ՞ որ այլ տեղերում դևերը հնազանդվեցին մեր հրամանին. «Վասն թերհաւատութեան ձերոյ որովհետև այս անգամ ձեր հավատը պակաս էր»: Եվ իրոք, երբ Հիսուսի հրամանով շրջում էին, տրված հրամանի և ձեռք բերած իշխանության նկատմամբ կատարյալ վստահություն ուներին և գործում էին առանց վարանման: Իրենց պարտականությունները կատարելուց և վերադառնալուց հետո բժշկություններ չէին արել: Թաբոր բարձրանալիս՝ Հիսուս նոր հրաման ու հրահանգ չէր տվել: Իրենք իրենց էին գործը նախաձեռնել՝ ավելի շուտ փորձելու, քան գործելու ակնկալությամբ: «Մինչ Հիսուսի վերադարձը տեսնենք կարո՞ղ ենք մի բան անել», - այս մտադրությամբ էին գործի անցել, որն էլ հենց հանդիսացել էր նրանց թերհավատության հիմքը:
  «Ապա թե ոչ, - ավելացնում է Հիսուս, - եթե ձեր հավատքը կատարյալ լիներ, կարող էիք ո՛չ միայն մի հիվանդ բժշկել, լուսնոտ դիվահարի դևը հալածել, այլ եթե կամենայիք մինչև իսկ այս Թաբոր լեռը տեղից շարժել, դա էլ ձեր համար անհնար չէր լինի: Ինչպես դևին ե՛լ ասելով բժշկվում է դիվահարը, այնպես էլ եթե լեռանն ասերիք տեղդ փոխի՛ր, կտեղափոխվի. որովհետև հավատքի զորության առջև անհնարին ոչինչ չկա: Բայց այս հավատքն էլ ստանալու և սնուցելու համար, պետք է սեփական անձը խոնարհեցնել աղոթքով և պահեցողությամբ և մեծացնել վստահությունն Աստծու նկատմամբ: Եթե դուք այդպես անեիք, անձնապաստան և թերահավատորեն գործի չանցնեիք, այս դևը ևս ձեզ կհնազանդվեր: Ուրեմն, - եզրակացնում է Հիսուս, - թող տպավորվի ձեր մտքում, որ աղոթքով ու պահեցողությամբ է միայն կատարելագործվում հավատքը: Դևերը հալածվում են կատարյալ հավատքով»:
  Այստեղ ավարտվում է Ավետարանի պատմությունը: Առաքյալների ստացած տպավորության մասին գրված չէ, սակայն պարզ է, որ լավ խրատ են ստացել: Բայց դա չի արգելում կրկին անգամ առաքյալներին իրենց հավատքում տկարացած տեսնել: Առաքյալների կրթությունը երկար էր ու դժվարին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: