Հովհաննես Ծործորեցի
Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է.
Զգո՛ւյշ եղեք, մի՛ արհամարհեք այս փոքրիկներից մեկին:
[Տերը] երբեմն սպառնալիքով երկյուղ է ներշնչում, երբեմն էլ ամաչեցնում է: «Փոքրիկ» է կոչում ոչ թե տարիքով [փոքրերին], այլ նրանց, ովքեր շատերի կողմից փոքր են դիտվում աղքատության, խոնարհության, Աստծուց ճանաչվելով՝ մարդկանց անծանոթ լինելու պատճառով: Բայց եթե Աստծուց ճանաչվում են, ինչո՞ւ է [Տերը նրանց] «փոքր» կոչում: Կամ ըստ շատերի կարծիքի, ինչպես ասացինք, կամ էլ ըստ վարքի, որովհետև այդպես են կամենում ապրել. մեծամեծերը չեն արհամարհվում, փոքրերն են քամահրվում:
Ի՞նչ է արհամարհելը: Նախատելն է, մերժելը, ծաղրելը: Ուստի [Տերը] զգուշացնում է, որ ոչ ոք տգիտաբար չարհամարհի [«փոքրիկներին»] և աստվածամարտ 948 չդառնա, ինչպես [արհամարհեցին] հրեաները մեր Տիրոջը և բռնակալները՝ բոլոր սրբերին, ինչ պատճառով և իրենք արհամարհվեցին՝ ըստ այսմ. «Ով արհամարհում է մեկին, կարհամարհվի նրանից» (Առակ. 13։13):
Ասո՛ւմ եմ ձեզ. նրանց հրեշտակները երկնքում շարունակ տեսնում են Իմ երկնավոր Հոր երեսը:Այսինքն՝ նրանց աղոթքները: Որովհետև նախքան Տիրոջ մոտ նրանց գնալը՝ իրենց աղոթքն են բանական պաշտամունքով որպես կարապետ ուղարկում Տիրոջ մոտ և խոսակցում Նրա հետ: Իսկ Հոր երեսը շարունակ տեսնելը սրբերի արիությունն է ցույց տալիս, որ միշտ անխոնջ աշխատանքով և հարակա աղոթքի ճիգերով նայում են վեր՝ Տիրոջը՝ ըստ այսմ. «Ես արդարությամբ կերևամ Քո երեսի առաջ» (Սաղմ. 16։15): Կամ էլ երեսը տեսնելը սրբերի՝ Աստծո խնամալից տեսչությունը վայելելն է նշանակում, ինչպես [ասվում է] այստեղ. «Երուսաղեմի բարիքը կտեսնեմ» (հմմտ. Սաղմ. 11։127։5), այսինքն՝ կստանամ՝ ըստ այսմ. «Նրա աչքերը տնանկներին են նայում» (Սաղմ. 9։29), և՝ «Աղքատի տառապանքի պատճառով կելնեմ» (Սաղմ. 11։6), որպեսզի սրանով խույս տան գայթակղեցնողները՝ հասկանալով, որ Աստված այցելում է նրանց: Եվ կամ՝ Հոր երեսը Որդին է՝ ըստ Դավթի. «Քո երեսի լույսով ենք լույսը տեսնում» (Սաղմ. 35։10), որին արժանի գտնվածները միշտ տեսնում են Նրան՝ ճաշակելով Նրա Մարմինն ու Արյունը՝ ըստ այսմ. «Ճաշակեցեք և տեսեք, որ քաղցր է Տերը» (Սաղմ. 33։9): Եվ այս խորհրդաբանությամբ՝ երկինքը Եկեղեցին է, իսկ հրեշտակները քահանաներն են՝ Նրա Խորհրդի սպասավորները:
[Տերն այս խոսքով] նաև հայտնում է, որ բոլոր սրբերի հետ նաև հրեշտակներ են շրջում՝ ըստ Պողոսի. «Պետք է քող գցել հրեշտակների պատճառով» (հմմտ. Ա Կոր. 11։10), «Տիրոջ հրեշտակների բանակը շրջապատում է [Նրանից] երկյուղածներին» (Սաղմ. 33։8), և՝ «Ազգերի համար սահմաններ կարգեց ըստ հրեշտակների թվի» (հմմտ. Բ Օր. 32։8), որով ցույց է տալիս սրբերի մեծ համարձակությունն ու պատիվը [Տիրոջ առաջ]: Բայց Աստծո երեսը, որը Նրա բնության պատկերն է, հրեշտակները չեն կարող տեսնել, ինչպես հայտնում էր սերովբեների՝ թևերով ծածկվելը 949, այլ Աստծո կամքը կատարելն ու գիտենալն է «Աստծո երեսը տեսնել» համարվում: Կամ էլ [Աստծո երեսը] նշանակում է Նրա փառքը: Իսկ «շարունակ» [են տեսնում], որովհետև միշտ Նրա մոտ են՝ ըստ այսմ. «Դու միշտ Ինձ հետ ես» (Ղուկ. 15։31) 950: Իմացիր նաև այն, որ փոքրերին հրեշտակներն են պահպանում, իսկ կատարյալներին՝ Տերը՝ ըստ Դավթի. «Առաջ ամեն ժամ տեսնում էի Տիրոջն իմ առաջ, որովհետև իմ աջ կողմում է, որ չսասանվեմ» (Սաղմ. 15։8), և՝ «Նրա մոտ կլինեմ նեղության ժամանակ»,- [ասում է Տերը] (Սաղմ. 90։15):
Ստեփանոս Սյունեցի
Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է.
«Տեսեք, այս փոքրիկներից մեկին չարհամարհեք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն Իմ Հոր, որ երկնքում է»:
Մեծամեծները չեն արհամարհվում, իսկ փոքրերը դյուրությամբ են արհամարհվում: Ուստի փոքրերը պահպանվում են հրեշտակների կողմից. «Տիրոջ հրեշտակների բանակն իր երկյուղածների շուրջն է [և պահպանում է նրանց]» (Սաղմ. 33։8), իսկ կատարյալներին Տերն է պահում, ինչպես և ասվում է. «Ամենայն ժամ Տերն իմ առաջ է, որպեսզի չսասանվեմ» (Սաղմ. 15։8), և դարձյալ՝ «Ինձ ձայն կտա ու կլսեմ Նրան, և Նրա հետ կլինեմ նեղության մեջ» (Սաղմ. 90։15):
Բայց ի՞նչ է նշանակում երկնքում հրեշտակների Աստծու երեսը տեսնելը: Անհնարին է տեսնել Աստծու երեսը, քանզի բնությամբ անտեսանելի է: Ինձ թվում է՝ Աստծու երեսը տեսնել՝ Աստծու կամքը իմանալն ու կատարելն է:
Մաղաքիա արք. Օրմանյան
Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:6

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: