Ծննդոց գրքի մեկնություն 1:9

Սրբ. Եփրեմ Ասորի

9-10․ Աստուած ասաց. «Թող երկնքի տակ գտնուող ջրերը հաւաքուեն մի տեղ, եւ երեւայ ցամաքը»: Եւ եղաւ այդպէս. երկնքի տակի ջրերը հաւաքուեցին մի տեղ, ու երեւաց ցամաքը: Աստուած ցամաքը կոչեց երկիր, իսկ հաւաքուած ջրերը կոչեց ծով: Աստուած տեսաւ, որ լաւ է:
   

   Երրորդ օրը ծովերը հեռացան երկրից.

   «Թող ջրերը հավաքվեն մի տեղում»: Եվ քանի որ երկնքի տակի բոլոր ջրեր մի տեղում հավաքվեցին, ջրերի մեջ ծածկված աղբյուրները, ինչպես բարձունքներից երկրի մեջ թափվեցին և ջրերը հոսեցնելով իջան դեպի ստորոտները, ուր ծովերն էին: Ահա ծովերն ընդարձակվեցին, հանդարտվեցին, քանի որ դադարեցին ընդունել ուրիշ ջրեր, կամ ինչպես ծովերն այսօր չեն լցվում, այնպես էլ այն ժամանակ: Եվ ահավասիկ Նոյի օրերում երկնքի հոսանքները բացվեցին և ծովերի մոտ հավաքվեցին: Եվ եթե ջրերը թափվեցին ավելի վեր, քան լեռները, ինչպես հավաքվեցին մի կողմում, եթե ոչ Աստծու հրամանով: Թերևս ասես, թե պատվիրանի հրամանը սաստեց նրանց: Սակայն ես չեմ քննում հրամանի խստությունը, այլ ջրերի բնությունը. քանզի ջրերը չստեղծվեցին ջրերից, այլ՝ հրամանից: Աստված աղ լցրեց ջրերի մեջ, որպեսզի չնեխեն և դրանց միջի արարածները զրկանք չկրեն: Մյուս կողմից որչափ ջրերն աղի են, ըմպում և կլանում են իրենց մեջ թափվող քաղցր ջրերը: Ահավասիկ այն օրից երբ ստեղծվել է աշխարհը, ընդունում է և չի դադարում, սակայն սա երբեք չի երևում: Իր զորության մեծությունը ցույց տվեց նաև ծովի նման մեծ լճերում, քանի որ դրանք կանգնած են և չեն նեխում և ոչ մի չար բան չեն բխեցնում, և նրա ջրերը աղի չեն: Իսկ աղի ծովից դուրս են գալիս բազում աղի ջրեր:
   

Ա. Լոպուխին

Եվ Աստված ասաց. «Երկնքի տակ եղած ջրերը թող մի տեղ հավաքվեն, և ցամաքը երևա»: Եվ այդպես եղավ։ (Սինոդական թարգ․)[9]
 

    «Երկնքի տակ եղած ջրերը թող մի տեղ հավաքվեն, և ցամաքը երևա»… Այս աստվածային հրամանի զորությամբ սկզբնական քաոսի երկու գլխավոր բաղկացուցիչները՝ հողն ու ջուրը, անջատվեցին իրարից. ջրերը միավորվեցին տարբեր ջրային ավազաններում՝ ծովերում ու օվկիանոսներում (Սաղմ. 32:7, 103:5–9, 135:6, Առակ. 8:29), իսկ ցամաքը կազմավորեց կղզիներ ու մայրցամաքներ՝ ծածկված զանազան լեռներով, բլուրներով ու հովիտներով (Սաղմ. 64:6, Ես. 40:12):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց. «Թող երկնքի տակ գտնուող ջրերը հաւաքուեն մի տեղ, եւ երեւայ ցամաքը»: Եւ եղաւ այդպէս. երկնքի տակի ջրերը հաւաքուեցին մի տեղ, ու երեւաց ցամաքը:
(Արարատ թարգ․) Եվ Աստված ասաց. «Թող երկնքի տակ եղած ջրերը մեկտեղ ժողովվեն, ու երևա ցամաքը»: Եվ այդպես եղավ:
(Գրաբար) Եւ ասաց Աստուած. Ժողովեսցի՛ն ջուրքդ որ ի ներքոյ երկնից ի ժողով մի, և երևեսցի ցամաքն: Եւ եղև այնպէս. և ժողովեցան ջուրքն, որ ի ներքոյ երկնից ի ժողովս իւրեանց. և երևեցաւ ցամաքն: