Ծննդոց գրքի մեկնություն 19:31

Սրբ. Եփրեմ Ասորի

31-32. Աւագ դուստրն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծերացել է, եւ երկրում չկայ մէկը, որ մեզ հետ պառկի, ինչպէս ողջ աշխարհի կարգն է: Արի գինի խմեցնենք մեր հօրը, պառկենք նրա հետ ու մեր հօրից զաւակ ունենանք»:
   

   «Ահավասիկ, ասում են, մեր հայրը ծերացել է և երկրում չկա մեկը, որ մեզ հետ պառկի, ինչպես ողջ աշխարհի կարգն է: Արի գինի խմեցնենք մեր հորը, պառկենք նրա հետ և մեր հորից զավակ ունենաք»: Հանձն առան, ասում է, գինու միջոցով կատարել մարմնի ցանկությունը, ոչ թե ցանկությունից գործել, այլ՝ ընդդեմ ցանկության գործել, քանզի ցանկությունը աղբյուրներ է բխեցնում, որոնք հոսում են երկիրը, որտեղ պտուղ չի աճում, իսկ արդարության ակնաղբյուր ամուսնությունը երկիրն է ջերմացնում, որպեսզի նա իրեն ժառանգորդ պտուղ ունենա: Արդ, ամեն ոք, ով ժառանգների համար է՝ նա զգուշանում է շնությունից, քանզի սա ապականում է ժառանգներին, որովհետև (առաջինը) գնում է կատարելու բարի կամքի ցանկությունը, մինչդեռ նա, ով չի գործում որովայնի հղիության համար, և արգանդի ծնունդը չի իրականացնում՝ նրա թշնամին է և սպանում է նրան, ատում է նրան և ապականում է նրան:

   Արդ, քանի որ Ղովտի դուստրերը ցանկանում էին զավակ ունենալ, ցանկության պատճառով չգործեցին այդ, այլ արտաօրինական ամուսնության, որպեսզի աշխարհն անզավակ չմնա: Թեպետ իբրև արտօրինական կարգով արին այդ, բայց որպեսզի ժառանգորդ ստեղծեն՝ ըստ աշխարհի կարգի խորհեցին: Թեև բնության դեմ էին հայտնապես պատերազմում, սակայն ծածուկ մարտնչում էին բնության փոխարեն: Տեսան, որ երկիրը դատարկվեց իր արժանի ծնունդներից, համարձակվեցին անարժան որդիներ ծնել, ինչպես Թամարը, որովհետև եթե գինին կարող է տկարացնել, լքուն դարձնել պնդակազմ մարտիկին՝ ինչպե՞ս կարող էին թույլերն ընդդիմանալ նրան: Ինչպես որ դու չես կարող հողմին հակառակ ընթանալ կամ նեղվել մտնելու կրակե բոցի մեջ, թերևս կասես, թե նրանք բնությամբ ինձանից խստագույն են: Եւ գինին, ահա, մի՞թե իր բնությունից չի ստացել այդ զորությունը: Ինչպես որ փախչում ես բորբոքված կրակից, որպեսզի չայրի քո մարմինը, այդպես էլ պետք է փախչել այն ամենից, ինչը բացահայտ ամոթ է քեզ համար: Մինչդեռ քո մեջ է գինու առթած խռովքը, աշխատում, ջանք ես թափում զգաստանալ, իսկ երբ այն հանում ես քեզանից, մի՞թե առավել չես զգաստանա, որովհետև քանի դեռ խռովարարը, ապականիչը քեզ հետ է, դու ջանում ես ծանր լինել, իսկ երբ բաժանվում, զատվում ես նրանից, որքան ևս առավել փառավոր կլինես: Որովհետև եթե դրսի խարդախողների խառնակությունները շղթա են արդարների համար, որչափ ևս առավել այդ, որ քո փորի մեջ է: Նաև խարդախն է նրանով խարդախանում: Մի՛ հակառակվեք բնությանը, որ մեզանից զորեղ է, քանզի ստամոքսը բազմաթիվ կերակուրներից խստանում և թանձրանում է և միտքն առավել վնասվում է գինու չարաշահումից:
   

Ա. Լոպուխին

31-36. Ավագ դուստրն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծերացել է, և երկրի վրա չկա մեկը, որ մեզ հետ մերձենա, ինչպես ողջ աշխարհի կարգն է: [31] Արի գինի խմեցնենք մեր հորը, քնենք նրա հետ և մեր հորից սերունդ ապրեցնենք»: Նրանք այդ գիշեր իրենց հորը գինի խմեցրին, և ավագը այդ գիշեր մերձեցավ իր հոր հետ: Ղովտը չիմացավ ո՛չ նրա պառկելու, ո՛չ վեր կենալու մասին: Հաջորդ օրն ավագն ասաց կրտսերին. «Ահա ես երեկ քնեցի իմ հոր հետ: Արի նրան այս գիշեր էլ գինի խմեցնենք, և դու մտի՛ր, քնի՛ր նրա հետ, ու սերունդ ապրեցնենք մեր հորից»: Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հորը, և կրտսերը քնեց իր հոր հետ: Ղովտը չիմացավ նրա ո՛չ պառկելու, ո՛չ վեր կենալու մասին: Ղովտի երկու դուստրերն էլ հղիացան իրենց հորից: (Սինոդական թարգ․)

   

   Ուսումնասիրվող գլխի վերջին հատվածը պարունակում է Ղովտի անկման տխուր պատմությունը։ Ղովտը, որ ամբողջ կյանքում իր անբիծ վարքով սոդոմացիների համար օրինակ և հանդիմանություն եղավ (Ա Պետ. 2:7), իր կյանքի վերջում որոշ չափով նմանվեց նրանց՝ սեփական դուստրերի հետ հանցավոր հարաբերության մեջ մտնելով։ Նման անբնական կապերը հազվադեպ էին պատահում անգամ հեթանոսների մոտ (Ա Կորնթ. 5:1), իսկ մովսիսական օրենքում դրա համար ուղղակի մահապատժի էին ենթարկում (Ղևտ. 18, Բ Օր. 27)։ Զարմանալի չէ, որ շատ մեկնիչների համար այս ամբողջ պատմությունը թվում է գայթակղիչ և քիչ հավանական։ Բայց տեքստի ավելի խորին ուսումնասիրությունը և բոլոր կողմնակի հանգամանքների հաշվի առնելը բավականին պարզեցնում են իրավիճակը։ Ինչ վերաբերում է Ղովտի անձին, պետք է նշել, որ իր մեղավորության մեծ մասը, ինչպես երբեմն Նոյի մեղավորությունը (Ծննդ. 9:21), մեղմացնում է այն հանգամանքը, որ հանցանքը կատարվել է արբեցած և անգիտակից վիճակում, ինչպես դա երկու անգամ ընդգծվում է սուրբգրային տեքստում (Ծննդ. 9:33 և 9:35 համարների վերջում)։

   Իհարկե, ավելի դժվար է արդարացնել Ղովտի դուստրերի պահվածքը, որոնք ունեին դիտավորյալ մտադրություն և նենգ ծրագիր։ Սակայն և այստեղ կարելի է մատնանշել մի շարք մեղմացնող հանգամանքներ․ առաջին՝ նրանց արարքը, ինչպես երևում է համատեքստից, առաջնորդվում էր ոչ թե վավաշոտությամբ, այլ հոր հանգչող սերունդը (Ծննդ. 9:32 և 34) վերականգնելու մտադրությամբ, երկրորդը՝ նրանք դիմեցին նման միջոցի, որպես իրավիճակից դուրս գալու միակ բնական միջոց, քանի որ նրանք, ինչպես վկայում է տեքստը, համոզված էին, որ բացի իրենց հորից, չունեն ոչ մի այլ տղամարդ, որից կարող էին սերունդ ունենալ (Ծննդ. 9:31)։ Նրանց մոտ նման կեղծ համոզում առաջացավ, որովհետև մնացյալ մարդկությանը կործանված էին համարում, կամ, ինչը ավելի հավանական է, ոչ ոք չէր ուզում շփվել նրանց հետ՝ որպես Աստծուց անիծված քաղաքներից դուրս եկածների։ Ի վերջո, բացատրության և հետևաբար որոշ չափով նրանց արարքի մեղմացմանը նպաստում է այն հանգամանքը, որ նրանք ամբողջ կյանքը անցակցրել էին այլասերված սոդոմացիների մեջ, ինչպես նաև անմիջական նրանց մոր ազդեցությունը կար, որը շատ հեռու չգնաց իր քաղաքակիցներից։
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Աւագ դուստրն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծերացել է, եւ երկրում չկայ մէկը, որ մեզ հետ պառկի, ինչպէս ողջ աշխարհի կարգն է:
(Արարատ թարգ․) Եվ ավագ դուստրն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծերացել է, և երկրում չկա մեկը մեզ մոտ գալու համար, ինչպես որ երկրի սովորությունն է:
(Գրաբար) Եւ ասէ երէցն ցկրցերն. Հայր մեր ծերացեալ է, և չի՛ք ոք յերկրի որ մտանիցէ առ մեզ, որպէս օրէն է ամենայն երկրի։