Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 20:16

Հովհաննես Ծործորեցի

Այսպէս, վերջինները առաջին պիտի լինեն, եւ առաջինները՝ վերջին. որովհետեւ բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները»:

 

    Այդպես վերջիններն առաջին կդառնան, և առաջինները` վեր ջին, քանի որ շատերն են կանչված, բայց սակավն` ընտրված»:
    Ինչպես ասացինք, [Տերը սա] նախ ասում է առաջինը կանչված հրեաների մասին և ոչ թե [Իրեն] հավատացողների, [ասում է] վերջիններիս նախորդա՛ծ հավատացյալների մասին, իսկ այնուհետև բոլոր նրանց, ովքեր սկզբում առաքինացան, իսկ հետո ծուլացան ու հետ քաշվեցին, նաև նրանց մասին, ովքեր չար գործերի համար զղջացին և շատերին գերազանցեցին: [Ահա սա] է այս փոփոխությունը` [վերջինների` առաջին և առաջինների` վերջին դառնալու]: Հասկացվում է նաև այսպես: Ամենքն Աստծո արարածներն են, բայց ովքեր Աստծունն են` ընտրվածները, ովքեր իմաստու թյամբ հեռացան մարմնավոր [կյանքից] և ճշմարիտ ու ականակիտ լույսին նայեցին, սակավաթիվ են: Իսկ շատերը, ովքեր կավի պես սփռվեցին` չկարողանալով վեր նայել, Աստծուց են, բայց Աստծունը չեն:

    Իսկ ի՞նչ է այն թե`«Շատերն են կանչված, բայց սակավն` ընտրված»: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ կանչվեցին: Նրանց կանչվելն [Աստծո] մարդասիրությունն է ցույց տալիս, իսկ չընտրվելը` նրանց ծուլությունը, ինչպես այլուր ասաց [Տերը], որ սակավաթիվ [մարդիկ] են փրկվելու 1050. ուռկանը բոլոր տեսակները որսաց, բայց [Տերը] միայն լավերը հավաքեց ամանների մեջ 1051. հարսանիքի ժամանակ աղտոտ հագուստով [մարդուն] դուրս հանեցին 1052. Հուդան նույնպես կանչվեց [առաքյալների] հետ, բայց հետո սատանայացավ: Պողոսն էլ գրում է, որ ում մասին [Աստված] նախապես գիտեր, որ Իր Որդուն կերպարանակից էին դառնալու, նրանց էլ կանչեց, արդարացրեց ու փառավորեց 1048, ինչից երևում է, որ միայն կանչվելը բավական չէ փրկության համար, եթե կանչին արժանի ընթացք չունենանք` ըստ առաքյալի. «Ինչի համար որ կանչվեց, թող նրանում մնա» (Ա Կոր. 7։20), որպեսզի ընտրությունից չվրիպենք` վերջին դառնալով, և փառքից չզրկվենք:

    [Տերն] անտեղի չի ասում նաև այն, որ վերջիններն առաջին են դառնալու: Որովհետև նախ ասաց, որ շատ առաջիններ վերջին են դառնալու, այստեղ էլ` հակառակը, որպեսզի ցույց տա, որ նախ առաջինները դուրս եկան ու վերջին դարձան, և ապա վերջինները մտան ու առաջին դարձան:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Այսպէս, վերջինները առաջին պիտի լինեն, եւ առաջինները՝ վերջին. որովհետեւ բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:1