Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 20:21

Հովհաննես Ծործորեցի

Եւ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»: Կինն ասաց նրան. «Ասա՛, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում եւ միւսը՝ ձախ կողմում»:
   

   Եվ Նա ասաց. «Ի՞նչ ես կամենում»:

   Ոչ թե չգիտեր Նա, Ով նրանց խորհուրդները հայտնում էր հաճախ, այլ [հարցրեց], որպեսզի նրանց դրդեր ցույց տալու իրենց մտքի ախտը, և ապա դեղ դներ: Ինչպես երբ կույրերին [տեսողություն] էր կամենում շնորհել, հարցրեց. «Ի՞նչ եք կամենում, որ անեմ ձեզ» (Մատթ. 20:32), այդպես էլ այստեղ թեպետ չտվեց [այն, ինչ ցանկանում էին], սակայն հարցրեց խնդրանքի մասին, քանի որ տակավին ժամանակը չէր ամենքին ու ամեն տեղ Իրեն հայտնի դարձնելու: [Սրանով] նաև անձնագովությունն է արհամարհում:

   Ասաց Նրան. «Ասա՛, որ իմ այս երկու որդիները նստեն մեկը Քո աջ, մյուսը ձախ կողմում Քո արքայության մեջ»:

   Արժե պարզել, թե ինչ է նրանց այս խնդրանքը, կամ ինչպիսի մտքից հանգեցին սրան: Ակնկալում էին, որ Նրա արքայությունը հենց այստեղ էր հաստատվելու, և [մտածում էին], թե հասել էր Նրա թագավորությունը, ինչպես ասում է մյուս ավետարանիչը 1056, ուստի խնդրեցին, որ վայելեն այն առանց վշտերի` բոլորից ավելի փառավոր լինելով: Իսկ պատճառը, որ այս խնդրանքով դիմեցին, այն էր, որ իրենց ավելի պատվական էին տեսնում, քան մյուսներին (մինչդեռ վարձկանն է խնդրում, որ դրան ևս արժանի դառնա): Նաև քանի որ տեսան, որ Մովսեսն ու Եղիան փառքով երևացին Թաբորում, ցանկացան դա և մոտեցան ասելու` տո՛ւր մեզ նրանց նման նստել մեկս Քո աջ, մյուսս` ձախ կողմում Քո փառքի մեջ: Այլև քանի որ լսեցին. «Կնստեք տասներկու աթոռներին» (Մատթ. 19։28), կամեցան աթոռների գահագլուխն ունենալ. որ մյուսներից ավելի մեծ պատիվ ունեին, դա գիտեին, բայց Պետրոսի վերաբերյալ մի փոքր կասկածում էին:

   Այլաբանորեն` այդ կինը Քրիստոսի ամեն սուրբ մերձավորն է` անծախելի 1057 Պատարագի` նրան ընծայվելու պատճառով, իսկ երկու որդիները` հրեաներն ու հեթանոսները, հոգին ու մարմինը, արդարն ու մեղավորը, կամ եկեղեցականն ու աշխարհականը, որոնց ծնում է սուրբ Եկեղեցին և փափագում, որ նրանք փառքի հասնեն երկնքի արքայությունում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»: Կինն ասաց նրան. «Ասա՛, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում եւ միւսը՝ ձախ կողմում»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:20