Հովհաննես Ծործորեցի
10-11. Եւ երբ նա մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը դղրդաց, եւ ասում էին՝ ո՞վ է սա: Իսկ ժողովրդի բազմութիւնն ասում էր. «Սա Յիսուս մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է»:
Երբ Նա մտավ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդաց և ասում էին. «Ո՞վ է Սա»: Ժողովուրդն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է Գալիլեայի Նազարեթից»:
Տես, թե ինչպե՛ս նրանք բացատրեցին մանուկների հնչեցրած «օվսաննա»-ն: Ապերախտներն ու [Հիսուսի] հրաշքները մոռացողները հարցրին. «Ո՞վ է Սա», իսկ պարզամիտ հավատացյալ ժողովուրդը, որ ականատես էր եղել հրաշքներին, պատասխանեց, թե Հիսուսն է` Փրկիչը` Գալիլեայի Նազարեթից: Սա ասելով` հիշում էին նախօրինակը` այն, որ նույն սահմաններում Հեսուն 1134 բնակվեց բազմաթիվ հրաշքներ [գործելով], որովհետև, թվում է, այս ժողովուրդը սամարացի էր, իսկ սամարացիներն այն ժամանակ ասացին այն կնոջը. «Գիտենք, որ իսկապես Դա է աշխարհի Փրկիչը» (Հովհ. 4։42): Նաև` «Նազարեթ»-ը թարգմանվում է «Կանչում եմ իմ որդուն» կամ «մաքուր», իսկ «Գալիլեա»-ն` «ժողով» կամ «բնակություն» 1135: Ուստի Աստծո Որդի Հիսուսն այնտեղ հայտնվեց մաքուր բնությամբ` երկուսից 1136 ճշմարիտ միություն կազմած, ինչից զարհուրելով` աշխարհի իշխանը փորձելու եկավ [դիվահարների միջոցով], ովքեր ասում էին. «Գիտենք Քեզ, թե ով ես. Աստծո սո՛ւրբը»: Իսկ քաղաքի դղրդալը ցույց է տալիս [հրեաների] ամբոխումը, ինչպես որ [Հիսուսի] ծննդյան ժամանակ խռովվեցին մոգերի գալստյան պատճառով: Այժմ էլ, երբ [Հիսուսը] մտավ էշով, վրդովվեցին մանուկների օրհնաբանության պատճառով: Սա կանխանշում էր [գալիք] Պասեքի տոնի նրանց աղմուկն ու շփոթը: Դղրդալը նաև նրանց քաղաքի ավերումն էր կանխանշում և այն, որ բոլոր հեթանոսներն էին դառնալու Աստծո քաղաք:
Իսկ այլաբանորեն` [Երուսաղեմ մուտքը] խորհրդանշում է [Քրիստոսի] երկրորդ գալուստը: Երբ Նա դարձյալ աշխարհ մտնի, երկինքն ու երկիրն ամբողջապես շարժվելու են` ըստ առաքյալի 1137, քաղաքների շինությունները` դղրդալու, ազգերի միջև սահմանները` վերանալու, և բոլոր արարածները միայն Նրան են երկրպագելու` փառավորելով Նրա անունը հավիտյան:
Մաղաքիա արք. Օրմանյան
10-11. Եւ երբ նա մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը դղրդաց, եւ ասում էին՝ ո՞վ է սա: Իսկ ժողովրդի բազմութիւնն ասում էր. «Սա Յիսուս մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է»:
Խուռն ամբոխն աղաղակներով, առաքյալները նրանց ձայնակցելով, Հիսուս ավանակին հեծած՝ իջան Ձիթենյաց լեռից դեպի վար, անցան Կեդրոնի ձորակը, հասան Երուսաղեմի արևելյան դռանը, նույն հանդեսով մտան քաղաք և առաջացան ուղիղ դեպի տաճարը: Քաղաքացիները ցնցվեցին: Ողջ քաղաքն իրար անցավ: «Դղրդեցաւ քաղաքն ամենայն»: Սկսեցին միմյանց հարցնել, թե ի՞նչ նորություն կա, ի՞նր հանդես է, կամ ի՞նչ տարօրինակ բան է պատահել: Սակայն անստուգությունը երկար չտևեց և իրավիճակը բացահայտվեց: Նազովրեցի Հիսուսն է, հրաշագործ մարգարեն, որ բավականին երկար ժամանակից ի վեր չէր երևում, Երուսաղեմում մնալուց խուսափելով, Հորդանանի կողմերում էր լինում: Զատկի առիթով Երուսաղեմ է գալիս: Իր երկրացիները, գալիլիացի և բերեացի ուխտավորները Իրեն կրկին տեսնելով՝ ուրախության հանդեսներ են սարքել և ինչ-որ կարողանում, ասում են, երգում, բղավում, աղաղակում: Սակայն անարգական էր երուսաղեմցիների բռնած ընթացքը: Մտադիր էին նաև թշնամական մի գործ էլ կատարել: Բայց այնքա՜ն խուռն է համակիրների բազմությունը և այնքա՜ն բուռն է ժողովրդական խանդավառությունը, որ բնավ չեն համարձակվում հակառակ մի բան անել, կամ թշնամանք դրսևորել և ոչ էլ հանդգնում էին հռոմեացի դատավորի ուշադրությունը հրավիրել այդ տարօրինակ ցույցերի և մեսիական օրհնաբանությունների վրա:
Օրհնաբանող ամբոխի մեջ աչքի էր ընկնում փոքր երեխաների մի բազմություն, որ, հետևելով ժողովրդի արածին, նրա հետ և դեռ ավելի ուժգին ու ավելի բարձր ձայնով երգում էր. «Օրհնութիւն որդւոյ Դաւթի» մեսիական ողջույնը:
Իսկ Հիսուս, էշից իջած, տաճարի բակում մի պահ հանգստանում էր: Որքան ախտավորներ ու խեղանդամներ, կաղեր ու կույրեր, անդամալույծներ ու դիվահարներ կային այնտեղ, սկսեցին հետզհետե խռնվել Հիսուսի շուրջը և բժշկություն խնդրել: Հիսուս կատարում էր ամենքի խնդրանքը և բժշկում բոլոր հիվանդներին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: