Հովհաննես Ծործորեցի
Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները
Հիսուսը մտավ Տաճար և դուրս հանեց բոլոր նրանց, որ առևտուր էին անում Տաճարում, և շուռ տվեց հատավաճառների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները:
Այս մասին նաև Հովհաննեսն է խոսում 1138, սակայն [Ավետարանի] սկզբում, իսկ [Մատթեոսը]` ավարտին մոտ: Այստեղից եզրակացնում ենք, որ այլ է այն, և այլ է այս մեկը, որովհետև [Հիսուսը] նույնը երկու անգամ արեց: [Հրեաները] հակառակում էին. երբ պետք էր, որ [Հիսուսին] Հոր հետ միաբան կարծեին, քանի որ Նրա տան վրեժն էր խնդրում, նրանք հակառակն էին հասկանում: [Տերը] սա արեց ի խրատ մեզ. որովհետև երբ [Նրան] «սամարացի» էին կոչում 1139, Իր անձի համար վրեժխնդիր չէր լինում, իսկ այստեղ զայրացած` [Տաճարից] դուրս էր հանում [մարդկանց], որպեսզի սովորենք սեփական անձի նախատինքը համբերությամբ տանել, իսկ Աստծո տան և Նրա օրենքի համար նախանձախնդիր լինել:
Բայց ինչո՞ւ էին [Տաճարում առևտուր] անում: Ագահության և առևտրի շահի. որովհետև հաճախ էր պատահում, որ եկած օտարները [Տաճարում] գտնում էին զոհեր մատուցելու համար պատրաստ [կենդանիներ], և քահանաները դրանք վերցնում էին` չորքոտանիներ ու թռչուններ, որոնք պետք էր զոհել և նրանց արյունը Սեղանին հանել, բայց իրենց շահի համար դրանք երկրորդ անգամ էլ էին վաճառում: Իսկ հատավաճառների սեղանն այն է, որի վրա կամ հունդեր էին վաճառում պահքի համար, կամ ցորենի խաշած հատիկները, որոնցից քաղաքներում սովորություն է հեշտ պատրաստվող կերակուր սարքել: Այլև պետք է լումայափոխների [սեղանը] հասկանալ, ովքեր դահեկանը կամ դրամը հատում և երեք-չորս մասի են բաժանում վաճառողների կարիքների համար: Եվ «աթոռ» է կոչում [ավետարանիչը] կամ աղավնիների վանդակը, որն աթոռի նման էր սարքված և որի միջից [աղավնին] վերցնում վաճառում էին, կամ էլ այն իշխանությունը, որով դա գործում էին:
Նրանց դուրս հանելը նաև կանխագուշակում էր նրանց զոհերի խափանումը և այդ ազգի կործանումն ու Տաճարի դատարկվելը, որով հայտնապես ցույց է տրվում հեթանոսների կանչը: Այ լև երբ [Տերն] իջնի երկիր [վերին] Եկեղեցով հանդերձ և երկուսը մեկ Եկեղեցի դարձնի, այդժամ այժմ արտաքսվածներին, ովքեր առևտուր անողներ են, դուրս կհանի նաև արքայությունից: Իսկ ովքե՞ր են դրանք: Նրանք են, ովքեր երկնային ցորենահատը, որ մեռնելով` շատ արդյունք է տալիս 1140, վաճառում են սեղանի առաջ և [Սուրբ] Հոգու շնորհը, որ մկրտության կնիքն ու ձեռնադրության պարգևն է և որն աղավնիով է խորհրդանշվում, փողով ծախում են անարժաններին: Այն Օրը խոտան կհամարվեն այդ առևտուր անողները: Սա՛ է վաճառելը` ըստ մարգարեի և ըստ ուռկանի առակի 1141: Քանի որ այժմ [Տերն] այսպիսիներին չի ընդունում, այն ժամանակ էլ դեպի կորստյան կրակը կուղարկի` ըստ առաքյալի. «Արծաթդ թող քեզ լինի ի կորուստ, որովհետև Աստծո պարգևները կամեցար ինչքով ստանալ» (հմմտ. Գործք 8։20):
Մաղաքիա արք. Օրմանյան
12-13. Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները: Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»:
Զատկի առիթով հրեաները շատ տոնակիան ծախսեր էին անում․ առաջին երեկոյի համարզատկական գառ պատրաստել, զոհի կենդանիներ պատրաստել զատկի առավոտվա համար՝ ոչխար, արջառ, նոխազ, աղավնի և այլմն, հրեական և օրինական դրամ պատրաստել գանձանակների համար՝ հռոմեական հեթանոս դրամները անսուրբ համարելով, սրանց հետ նաև բաղարջի ու նաշիհի կարիքներն էլ հոգալ։ Այդ ամենը մի ընդարձակ առևտուր էր բացում երուսաղեմցիների համար, նկատի առնելով, մանավանդ, գավառացի ուխտավորների բազմությունը, որոնք այդ ապրանքները դժվար թե իրենց բնակավայրերից իրենց հետ բերեին և ստիպված էին Երուսաղեմում այդ մասին հոգալ։ Մեկ կողմից ուխտավորների պարագան, մյուս կողմից քահանայապետերի ակնկալած դրամական շահը, տաճարի մեջ և դրսում հավաքել էր այդ առևտուրը և տոնը փոխել էր տոնավաճառի, որ սկզբում տաճարի դրսից սկսելով, կամաց-կամաց ներս էր մտել և մինչև իսկ նվիրական և սուրբ տեղերն էր գրավել։
Հիսուս Իր առաջին զատկին ևս ասրբապղծությունից ազդված, պարանի խարազանով բոլոր վաճառականներին տաճարի ներսի մասերից դուրս էր վռնդել (Հովհ. 2:13-25), սակայն հաստատուն արդյունքի չէր հասել, որովհետև հաջորդ զատիկներին էլ միևնույն անպատեհությունը կրկնվել էր։ Նախորդ երեկոյին՝ տաճար եկած ժամանակ, Հիսուս դարձյալ տխուր մի զգացում ունեցավ, սիրտը ցավեց, բայց գործ չձեռնարկեց՝ ժամանակը ուշ էր։ Երկուշաբթի առավոտյան տաճար գալուց նույն նախանձախնդրությունը բորբոքվեց, Աստծո տան անարգությունը և սրբությունների պղծությունը հուզեցին Նրա զգացմունքները և անմիջապես սկսեց տաճարի նվիրականությունը պաշտպանել, և առևտրով բոլոր զբաղվողներին ներքին մասերից դուրս հանել և ստիպել, որ տաճարից դուրս կատարեն իրենց առևտուրը։ Այս անգամ պարանի խարազանի հիշատակություն չկա։ Երևում է բռնի միջոցների անհրաժեշտություն չտեսավ, սակայն խիստ միջոցները բոլորովին չպակասեցին։ Վաճառողներին ու գնողներին դուրս հանեց, ասում են ավետարանիչները, հատավաճառների, այսինքն՝ լումայափոխների սեղանները շրջեց ու ցրիվ տվեց, աղավնի վաճառողների աթոռները, այսինքն՝ վանդակները, զետեղած տեղերից էլ ավերեց ու կործանեց։ Անշուշտ, միևնույն ձևով քշեց նաև ոչխար ու արջառ ծախողներին, հեռացրեց խմբված կենդանիներին։ Այս բոլոր գործերում, անշուշտ, իրեն օգնական ու գործակից ունեցավ նաև Իր առաքյալներին, թեպետ Ավետարանը հատուկ կերպով չի հիշում։
Հիսուսի այդ գործողությանն ընդդիմացող չի եղել և ոչ էլ սրա պատճառով ժողովրդի մեջ շփոթություն է ծագել, որովհետև դեռ ամենքի մտքում տիրում էր նախորդ օրվա ժողովրդական փառավորության տպավորությունը։ Եվ որ միայն վաճառողներն ու գնողները, այլ նույնիսկ քահանայապետերն ու փարիսեցիները չէին համարձակվում դիմադրություն ցույց տալ, վախենալով, որ ժողովուրդը և, մանավանդ, ուխտավորների բազմությունը իրենց դեմ դուրս գա և Հիսուսի արածը պաշտպանի։
Հիսուս ոչ միայն համարձակ էր գործում, այլև համարձակ կերպով պաշտպանում էր արածը․ «Աստված,- ասում էր,- հայտնապես հրամայել է, որ իր տունը սուրբ լինի, Իրեն նվիրված տան մեջ միայն աղոթք մատուցվի․ «Տուն իմ տուն աղօթից կոչեսցի ամենայն հեթանոսաց» ԵՍ․ 56:7։ Հեթանոսներն անգամ պիտի իմ տաճարը հարգեն որպես լոկ աղոթքի հատկացված մի վայր։ Ինչպե՞ս եք դուք հանդգնում նվիրական տեղը պղծել, տաճարը շուկայի վերածել և ձեր խարդախությունների ու նենգությունների ասպարեզ դարձնել այդ սուրբ տեղը, կարծես թե ավազակների մի որջ եղած լիներ և ոչ թե Աստծո տունը»։ Այս ասելով ու կրկնելով, Հիսուս հետզհետե դատարկեց ու մաքրեց տաճարի ներքին մասերը և դատարկելուց հետո էլ սկսեց արգելել նորից ներս մտնել ուզողներին ու չէր ներում, որ ծախվելու իրեր կամ դրանց հետ առնչվող իրեր անցնեն տաճարի միջով։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: