Հովհաննես Ծործորեցի
Երբ աշակերտները այս տեսան, զարմացան ու ասացին. «Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ»:
Երբ աշակերտները տեսան, զարմացան և ասացին. «Ինչպե՞ս իսկույն չորացավ թզենին»:
Ինչպես ասացինք, [Տերը սա] արեց [աշակերտների] համար, որովհետև թեպետ բազմաթիվ հրաշքներ էին տեսել, սակայն սա նոր բան էր, ուստի զարմացան ոչ միայն չորանալու վրա, այլև արա՛գ չորանալու, այն էլ` խոսքով: Այսպես նաև կարճ ժամանակ անց, քանի դեռ աշակերտները ողջ էին, տեսան Երուսաղեմն ավերված, քահանայությունը` վերացած, զոհերն ու մարգարեությունը` խափանված, և ծառայության տարվելով` [հրեաները] աստվածխոսության օրենքից չորացած մնացին: Սա տեսնելով` աշակերտները միաժամանակ [հիշեցին] Տիրոջ խոսքն ու առակը. խոսքն էր` «Այդտեղ քարի վրա քար չի մնա, որ չքանդվի» (Մատթ. 24։2), իսկ առակը թզենու հետ տեղի ունեցածն էր: Եվ հասկացան, որ Տիրոջ ասածն ու գործածը` նրանց [երկրի] ավերվելու հանգամանքների վերաբերյալ, իրականություն է դարձել, ինչի վրա [նույնպես] զարմացան: Նաև, երբ Հիսուսին մեռելների միջից հարություն առած տեսան, զարմացան և ասացին. «Ինչպե՞ս իսկույն վերացավ մահվան զորությունը Նրա մարմնից»` ըստ այսմ. «Գնաց` իր մտքում զարմանալով պատահածի վրա» (Ղուկ. 24։12)` որպես իրականացում Հոբի հետևյալ մարգարեության. «Զարմանքը պաշարեց ճշմարիտներին այս բաների վրա» (Հոբ 17։8):
Մաղաքիա արք. Օրմանյան
20-22. Երբ աշակերտները այս տեսան, զարմացան ու ասացին. «Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ հաւատ ունենաք եւ չերկմտէք, ոչ միայն կ՚անէք այդ թզենուն պատահածը, այլ թէկուզ եւ այդ լերանն ասէք՝ ելի՛ր ու ծովն ընկիր, այն կը կատարուի: Եւ ամէն ինչ, որ ուզէք աղօթքի մէջ հաւատով, կը ստանաք»:
Նիսանի 12 կամ ապրիլի 4-ին, երեքշաբթի վաղ առավոտյան, Հիսուս Տասներկուսի հետ դարձյալ մեկնում է Բեթանիայից և Ձիթենյաց լեռան վրայով Երուսաղեմ գալու ճանապարհն է բռնում։ Հազիվ են հեռանում գյուղից, երբ առաքյալների աչքին է ընկնում նախորդ օրվա անպտուղ թզենին, որ բոլորովին տերևաթափ էր եղել ու չորացել արմատից մինչև վերջին ճյուղերը։ Առաքյալներն իրար մեջ զարմանքով էին խոսում, թե ինչպես է Հիսուսի անեծքը միանգամից բռնել, թե ինչպես Նրա խոսքին ծառերն էլ են հնազանդվում, ինչպես երբևէ հնազանդվել էին նաև Տիբերիո ծովակի ալիքները (Հովհ. 2:12)։ Հիսուս մի փոքր ետևից էր գալիս և դեռ ծառը չէր տեսել։ Պետրոսը, որ ամեն պարագայում փութկոտության նշաններ էր ցույց տալիս, ենթադրելով, որ Հիսուսի ծառի չորանալուց տեղեկություն չի ունենա, շտապում է Հիսուսի մոտ գալ և չիմացած բանի շուրջ հաղորդելու եղանակով ասում է Հիսուսին. «Վարդապե՛տ, ահա թզենին, որը երեկ առավոտյան անիծեցիր։ Անեծքդ տեղ է հասել և սաղարթալից թզենին ամբողջությամբ չորացել է և տերևներից մերկացած մի կոճղ է դարձել»։
Հիսուս պատասխանում է. «Կատարվածը զարմանալու բան չէ, որովհետև մինչև հիմա իմացած և համոզված պետք է լինեիք, թե ում հավատքը հաստատուն է և երբեք երկմտություն չի ունենում, ինչ որ նա Աստծուց խնդրի, Աստված նրա խնդրանքը կկատարի։ Եվ սա էլ ոչ թէ ինձ համար է, այլ բոլորիդ համար էլ նույնն է, միայն թե նույն հաստատուն հավատքը ունենաք։ Եվ ոչ թե միայն թզենուն «Զորացի՛ր» ասեք, կչորանա, այլ այս լեռանն էլ «Տեղիցդ ելի՛ր ու ծովն ընկի՛ր» ասեք, լեռն այս տեղից կբարձրանա ու կգնա ծովը կընկնի, միայն թե հաստատուն կերպով և առանց երկմտության հավատաք, թե ինչ որ ասեք, պիտի լինի և ինչ որ խնդրեք, պիտի կատարվի։ Ես ձեզ վստահեցնում եմ, թե ինչի համար որ աղոթքով դիմում եք Աստծուն և ինչը որ հաստատուն հավատքով վստահ լինեք, որ պիտի ընդունեք, այն կկատարվի Աստծո կողմից»։
Այստեղ Մարկոսն աղոթքն ընդունելի լինելու համար հավատքից բացի մի երկրորդ պայման էլ է ավելացնում, այսինքն՝ աղոթողը պետք է մաքուր և սիրաբորբոք սիրտ ունենա, ընկերոջ դեմ խեթ կամ քեն չպահի, և նույնիսկ եթե ընկերներից անարգված կամ վնասված լինի, անարգողին և վնասողին ների և այդ ներումով սրբվի և որպես սրբված՝ աղոթքն ընդունելի լինելու արժանի համարվի։ Հետևաբար, միայն հավատքով չի ամբողջանում աղոթքի արժանավորությունը՝ պայմանը, այլ կատարյալ սերն էլ նրա հետ միացած պիտի լինի կամ ուրիշ մի բացատրությամբ, հավատքը հաստատուն և կատարյալ չի համարվում, եթե նրա մեջ սիրո կողմից որևէ չնչին թերություն գտնվի։
Ավետարանի գործածական տպագիրներում Մարկ. 11:25 մի համար կայ. «Զի եթէ դուք ոչ թողուցուք, եւ ոչ Հայրն ձեր, որ յերկինս է՝ թողցէ ձեզ զյանցանս ձեր»։ Բայց այս համարը ոչ բոլոր հայերեն հին գրչագիրների մեջ է գտնվում, այլ Ոսկան Վարդապետը լատիներենից վերցնելով, ավելացրել է սկզբնական տպագրված օրինակում և նրանից վերցնելով, կրկնել են նաև ուրիշ տպագրությունները։ Այս տան իմաստը Ավետարանին խորթ չէ, որովհետև նույնինքն Մատթ. 6:15 համարն է. «Ապա թէ ոչ թողուցուք մարդկան զյանցանս նոցա, եւ ոչ Հայրն ձեր թողցէ ձեզ զյանցանս ձեր» ։ Եվ ամենայն հավանականությամբ Մարկ. 11:25 և Մատթ. 6:14 համարների նույնության պատճառով, լատինական օրինակում Մատթեոսի հաջորդ համրը կրկնված է նաև Մարկոսի Ավետարանում, որը հունարեն բնագրի և հայերեն թարգմանության մեջ բացակայում է։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: