Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:33

Հովհաննես Ծործորեցի

«Լսեցէ՛ք մի այլ առակ. մի տանուտէր կար, որ այգի տնկեց եւ այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին եւ գնաց հեռու երկիր:

   

   Մի ուրիշ առա՛կ էլ լսեք:

   Ինչո՞ւ է [Տերը] միշտ առակով խոսում: Որովհետև առակավոր խոսքն ու ուսուցումն ավելի ընկալելի են աշխարհիկների համար. բացի դրանից, [Տերը սրանով] իրականացնում է [Իր մասին] մարգարեությունը 1165: Բայց ի՞նչ է [նշանակում] «Մի ուրիշ առակ էլ լսեք» [խոսքը]: Կամ` նախկինի հետ մի երկրորդ հանդիմանություն էլ [լսեք], կամ էլ այն մեկն [Իրենից] արտաքսելու մասին էր, իսկ սա` Իր երախտիքի և նրանց ապերախտության ու բարին չարով հատուցելու:

   Մի տանուտեր մարդ կար, որ այգի տնկեց, այն ցանկապատեց, նրանում հնձան փորեց ու աշտարակ շինեց, այն հանձնեց մշակներին, իսկ ինքն օտար երկիր գնաց:

   Աստված մարդասիրություն է ցույց տալիս նրանով, որ աստվածաշնչյան շատ գրքերում «տանուտեր» է կոչում Իրեն: Կամ այս աշխարհի տան վրա դատողական իշխանություն ունենալու և ինքնատիրության պատճառով, կամ Աստծո Որդու` մարդկային պատկերն առնելու պատճառով`ըստ առաքյալի. «Մովսեսը հավատարիմ է Նրա տան մեջ, բայց Քրիստոսն է Իր տան տերը, և Նրա տունը մենք ենք» (հմմտ. Եբր. 3։56): Ուրեմն` Նա Իր ձեռքով տնկեց այգին կամ դրախտը և լույսով` ասես ցանկապատով, փակեց ու զատեց այս աշխարհից: Նրա մեջ հնձան փորեց, որը բոլոր ծառերից ուտելն է և Հոր իմաստությունները մտքի խորությամբ ճզմելը, որից ուրախության գինին էր արտահոսում: Իսկ «աշտարակ»-ը Գիտության ծառից հրաժարեցնելն է: [Աստված դրախտը] տվեց մարդուն` մշակների օրենքով աշխատելու և կրկնակի խնամքով պահելու: «Գնալ»-ն էլ Աստծո աներևույթ լինելն է նշանակում, որովհետև մարմնավորի և անմարմինի միջև հեռավորությունը շատ մեծ է:

   Եվ կամ` «այգի»-ն այն է, որն [Աստված] Մովսեսի ձեռքով տնկեց` քանանացիներին արմատախիլ անելով և իսրայելացիներին տնկելով` ըստ Դավթի. «Եգիպտոսից [այգի] տեղափոխեցիր, հեթանոսներին հանեցիր և նրանց տնկեցիր» (Սաղմ. 79։9): Եսային էլ [ասում է]. «Զորությունների [Տիրոջ] այգին Իսրայելի տունն է» (Ես. 5։7): «Ցանկապատ» է կոչում Իր խնամքը [իսրայելացիների հանդեպ] Եգիպտոսից [հանելուց] ի վեր կամ Օրենքի պահպանությունը, որով [Իսրայելը] զատվեց հեթանոսական պաշտամունքներից: «Հնձան» է կոչում զոհաբերությունների վայրը և «աշտարակ»` Քավության սեղանը, որի մոտ ոչ ոք իրավունք չուներ մտնելու, քահանայապետից բացի, այն էլ` տարվա մեջ մի անգամ 1166: Եվ «աշտարակ» կոչեց այն ըստ ավելի բարձր խորհրդի, որ կատարվելու էր Սեղանի վրա, նկատի ունեմ խաչելության հնձանը: Կամ էլ [Երուսաղեմի] Տաճարի մասին ասաց սա: Իսկ «մշակ» է կոչում ժողովրդի առաջնորդներին ու օրենսգետներին, որոնց հանձնեց այգին` մշակելու, այսինքն` ուսուցանելու և դաստիարակելու ըստ Օրենքի եղած հավատքով, [Օրենքի], որը կանխագուշակում էր ավետարանի ավետիսը:

   «Եվ գնաց,-ասում է,-օտար երկիր»: Կամ` համբերատար եղավ և տեղնուտեղը պատժի չենթարկեց, երբ մեղանչեցին, կամ էլ հրեղեն ամպով այլևս չերևաց նրանց, ինչպես Սինա լեռան վրա 1167: Բայց դու տես այստեղ Նրա գլխավոր խնամքը, որ Ի՛նքն արեց մշակների ամենածանր գործը` տնկելը, ցանկապատելը, [աշտարակ] կառուցելը, իսկ նրանց հանձնեց միայն խնամելու և պահպանելու համար: Որևէ բան չէր պակասում, ամեն ինչ պատրաստ էր, սակայն այդքանից հետո էլ օգուտ չստացան:
   

Ստեփանոս Սյունեցի

«Լսեցէ՛ք մի այլ առակ. մի տանուտէր կար, որ այգի տնկեց եւ այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին եւ գնաց հեռու երկիր:
   
    «Լսեք մի այլ առակ. «Մի տանուտեր տնկեց այգի և այն ցանկապատեց ու նրա մեջ հնձան փորեց» և այլն:

   «Այգին» ներկա ժողովուրդն է, «ցանկապատը»՝ Աստծու պահպանությունը, «աշտարակը»՝ տաճարը, «հնձանը»՝ պատարագներ և նվերներ [մատուցելու] տեղը, իսկ «մշակները»՝ հրեաները և ժողովրդի իմաստունները:

   «Տիրոջ [հեռու երկիր] գնալը»՝ հրեղեն ամպով ծածկվելն և այլևս չերևալն է (հմմտ. Գործք 1։9): [Երբ] ժամանակը մոտեցավ, ուղարկեց [Իր] «ծառաներին»՝ [այսինքն] առաքեց մարգարեներին, և «որդուն»՝ Քրիստոսին:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

33-44․ «Լսեցէ՛ք մի այլ առակ. մի տանուտէր կար, որ այգի տնկեց եւ այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին եւ գնաց հեռու երկիր: Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն: Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին: Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թուով աւելի, քան առաջինները: Եւ սրանց էլ նոյնն արեցին: Յետոյ նրանց մօտ ուղարկեց իր որդուն ու ասաց՝ թերեւս իմ այս որդուց ամաչեն: Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին՝ սա է ժառանգը, եկէք սպանենք սրան եւ սրա ժառանգութիւնը մենք սեփականացնենք: Եւ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս եւ սպանեցին: Արդ, երբ այգու տէրը գայ, այդ մշակներին ի՞նչ կ՚անի»: Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կ՚ոչնչացնի եւ այգին կը տայ այլ մշակների, որոնք նրան կը տան պտուղներն իրենց ժամանակին»: Յիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբեւիցէ չէ՞ք կարդացել՝ այն վէմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղաւ անկիւնաքար. Տիրոջից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է: Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կը վերցուի Աստծու արքայութիւնը եւ կը տրուի այն ազգին, որ պտղաբեր կը դարձնի այն: Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի»:
   
    Ահա մի երկրորդ առակ էլ նախորդի հետ նույն նպատակով ասված, բայց տարբեր պարագաներով կազմված։ Մատթեոսի «Այլ առակ լուարուք» սկզբնավորությունը լավ բացատրում է սույն պարագան։ Ագարակատեր մի մարդ ընդարձակ, կանոնավոր և ընտիր որթերով այգի է տնկում, չորս կողմը մի լավ ցանկապատում, մեջը գինի ճզմելու համար հնձանի հոր է փորում՝ ժայռի մեջ խորացնելով, բարձ շենք էլ է կառուցում՝ մեջը պահապանների պատսպարելու և կտուրից այգու վրա հսկողություն անելու։ Եվ ամեն ինչ կարգ ու կանոնով վերջացնելուց հետո, երբ պետք է ունենում, որ մի հեռու երկիր փոխադրվի, այգին իր ամբողջ պատրաստությամբ հանձնում է մշակներին, որպեսզի խնամեն և հոգան, իրենք էլ օգտվեն և այգու արդյունքից, խաղողից ու գինուց որոշակի չափը իրեն ուղարկեն։ Աշունը անցնելուց, այգեկութը և հնձանահարությունը ավարտելուց հետո, ագարակատերն իր պաշտոնյաներից մեկին ուղարկում է, որպեսզի մշակներից սահմանված արդյունքը ստանա ու իրեն բերի։ Մշակները, որ արդեն իրենք իրենք այգու տեր կարծելով, իրենց ուզածով վարվելու և այգու տիրոջը չճանաչելու հանդգնություն էին ունեցել, երբ պաշտոնյան գալիս է, բացեիբաց զլանում են վճարել։ Եվ երբ պաշտոնյան ավելի է պնդում, խեղճին լավ ծեծում են և ձեռնունայն ետ դարձնում։ Տերը տեսնելով, որ առաջինին չհաջողվեց, իր պաշտոնյաներից ավելի կարևոր կարծված մի երկրորդին է ընտրում և նրան ուղարկում՝ սահմանված սակով արդյունքը ստանալու և բերելու։ Մշակները երկրորդի դեմ էլ միևնույն ընդդիմությունն են ցույց տալիս, նրա պնդումներին ականջ չեն դնում, ոչ միայն ծեծում, այլև չարաչար վիրավորում են և այս երկրորդն էլ հարկադրվում է ապարդյուն ետ դառնալ։ Ագարակատերը, միշտ այն հույսով, որ նոր ուղարկված մեկը պիտի կարողանա գործը հաջողեցնել, մի երրորդ պաշտոնյա է ընտրում և ուղարկում նույն գործին։ Սակայն այս երրորդի վախճանն ավելի վատ է լինում, որովհետև նա ուժի է դիմում, բայց դժբախտաբար կռվում կյանքն է տալիս և չի կարողանում նույնիսկ ետ դառնալ ու տիրոջը լուր բերել։ Այստեղ Մատթեոսն ու Մարկոսը ավելացնում են, թե «Առաքեաց ա՛յլ ծառայս բազումս քան զառաջինսն» բայց մշակները «զոմանս հարկանէին եւ զոմանս սպանանէին» և կամ «զմոն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին»։ Այդ անորոշ թվով եղած հիշատակությունները ծառայում են միայն իմացնելու, թե ագարակատերը ամեն խաղաղ միջոցները գործադրեց իր իրավունքը ստանալու համար, մյուս կողմից էլ ծառայում են առակի ավետարանական իմաստը շեշտելուն։
    Ագարակատերը մի վերջին ճանապարհ է մտածում։ Միակ և սիրելի զավակ ուներ, ում բոլորը պատվում էին։ Որոշեց նույնիսկ իր տղային ուղարկել, մտածելով, թե, անշուշտ, այդ մշակները ագարակատիրոջ զավակից պիտի պատկառեն, նրա սիրալիր տեսքով կմեղմանան և կզիջեն, այգու տիրոջ հանդեպ իրենց պարտավորությունը կկատարեն։ Տղան ճանապարհ է ընկնում՝ իր պաշտոնը կատարելու ամենայն քաղցրությամբ և առանց բռնի միջոցներ գործադրելու։ Մշակները լսում են նրա ճամփա դուրս գալը և փոխանակ պատկառելու և զիջելու, մտածում են, թե եկողն ագարակատիրոջ միակ զավակն է, որ հորից հետո այգու տերը պիտի լինի։ Խորհում են, որ եթե այս տղային մեջտեղից վերացնեն, ագարակատերն ուրիշ զավակ չունի, այգին կմնա անտեր-անտերունչ և իրենք կարող են այնուհետև առանց վախի և առանց կասկածի անտեր այգուն տեր դառնալ։ Երբ տիրոջ զավակը հասնում է, այս մտածումով նախ կեղծավորությամբ ներս են ընդունում և հետո սավաճանությամբ մի օր այգուց դուրս են հանում ու խարդախությամբ սպանում, կարծելով, թե այլևս այգու համար իրենցից հաշիվ պահանջող և արդյունքից բաժին ուզող տեր չի մնում և իրենք կդառնան այգու տերը։ «Արդ՝ ի՞նչ եք կարծում,- ավելացնում է Հիսուս,- ի՞նչ պետք է անի ագարակատերը այդ մշակներին»։ «Անելիքը հայտնի է,- պատասխանում են լսող փարիսեցիները,- չարերի գլխին իրենց արժանավոր պատիժը պիտի հասցնի, բոլորին էլ մեջտեղից կվերացնի, նոր բարի մշակներ կընտրի, ովքեր հավատարմությամբ այգու տիրոջ իիավունքը կճանաչեն, կվճարեն և այգին այսպիսիններին կհանձնի»։ «Լավ եք մտածում,- պատասխանում է Հիսուս,- այգու տերը պիտի գա, անհավատարիմ մշակներին պիտի վռնդի ու պատժի, նոր և հավատարիմ մշակներ պիտի գտնի և իր այգին նրանց պիտի հանձնի։ դուք Աստծո այգին չիմացաք լավ պահպանել։ Աստծո ընտրյալ ժողովուրդն էր այդ այգին, ինչպես և Դավիթն էր ասել Սաղմ. 79:9: Աստված սպասում էր, որ հավատարմաբար այս այգու պտուղը Իրեն հատուցեիք, բայց դուք հավատարմաբար չծառայեցիք, այդ պատչառով պիտի զրկվեք ձեզ հանձնված պաշտոնից և ուրիշները պիտի գան Աստուծո այգուն ծառայելու»։ Այդ սպառնական խոսքը լսողներից մեկ մասը ինքնաբերաբար մի ցավալի հառաչանք է արձակում։ «Աստված թող այդպիսի զայրույթ ցույց չտա։ Քա՜վ,մի՛ լիցի»։
    Թեպետ Հիսուս ավելի բան չի ասում, սակայն պաշտոնյաների հետզհետե ուղարկվելը նշանակում էր Աստուծո կողմից ուղարկված բազմաթիվ մարգարեների առաքումը և սրանց բազում լինելը շեշտելու և ակնարկելու համար էր, որ առակում էլ այգու տիրոջ պաշտոնյաները «բազումս» և «բազումս այլս» էին ասված, մինչ նյութական այգու արդյունքը ստանալու համար ուղարկված պաշտոնյաների փորձը՝ երեք անգամից անցնելը բնական չէր։ Իսկ վերջին անգամ ուղարկված այգու տիրոջ որդին՝ Ինքն Հիսուսն էր, որ հայտնապես «Որդի Աստուծոյ» Հովհ. 1:49 և «Որդի Աստուծոյ կենդանւոյ» Մատթ. 16:16 էր ճանաչված, և Ում իրենք մտածում էին սպանել և նրանով կարծում էին խափանել Աստուծո իրավունքը։
    Հիսուս, Իր մասին արված ակնարկությունը ավելի ևս շեշտելու և լսողներին հասկանալի դարձնելու համար, մի ուրիշ վկայություն և օրինակ էլ է ավելացնում, որով առակի մեկնությունն ավելի բացահայտ է լինում։ Վկայությունը սաղմոսից է. «Վէմն զոր անարգեցին շինողքն, նա եղեւ գլուխ անկեան. ի Տեառնէ այս, եւ է սքանչելի յաչս մեր» Սաղմ. 117:22: Օրինակը շինություն կառուցելուց է վերցված։ Կոշտ ու խոշոր երակներով վնասված մի քար, որը որմնադիրները մեկ կողմ թողեցին իբրև օգտագործելու անհարմար, նույն քարը որպես ամուր և հաստատուն վեմ, շենքի հիմքում անկյունի գլուխ օգտագործվեց։ «Չիցէ՞ երբեք, - հարցնում է Հիսուս, - ընթերցեալ ձեր ի գիրս. Զի՞նչ իցէ այն որ գրեալն է»։ Եվ սրանով ուզում է հասկացնել, թե «Իմ վերաբերյալ մարգարեությունները պետք է ձեզ ծանոթ եղած լինեն և դուք, որ ինքներդ ձեզ Ս. Գրքի հմուտ եք կարծում, պետք է նրա մեկնությունն էլ իմանաք և նրա կատարվելուն հետևեք։ Կարող եք ինձ անարգել որպես ձեր գործին չեկող մի քար, բայց ես պիտի լինեմ Ավետարանի նոր շինվածքի անկյան վեմը։ Որքան էլ ձեզ այդ զարմանալի թվա, պետք է համոզվեք, թե այս է աստվածային կարգադրությունը, այսպես էլ պիտի լինի այն խոսքի համաձայն. «Ամենայն որ ընդհարցի ընդ վեմս այս՝ խորտակեսցի եւ յորոյ վերայ անկցի՝ հոսեսցէ զնա»։ Ով որ փորձի այդ վեմին բախվել, ինքը կփշրվի և ինչի վրա որ այդ վեմը ընկնի, նրան կտապալի ու կճզմի»։ Այդ վերջին պարբերությունը, որ վկայության ձևն ունի, ուրիշ տեղից չի վերցված, այլ Հիսուսից Իր մասին արտաբերված պատգամն է, նմանությամբ այն վեմին, որը Նաբուգոդոնոսորը տեսավ երազում, որ ինքնիրեն պոկվեց ժայռից և զանազան նյութերից կազմված արձանը խորտակվեց ու փշրվեց Դան. 2:34։