Հովհաննես Ծործորեցի
եւ էշն ու քուռակը բերեցին, նրանց վրայ զգեստներ գցեցին. եւ նա նստեց դրանց վրայ:
Բերեցին էշն ու քուռակը, նրանց վրա ձորձեր գցեցին, և [Հիսուսը] նստեց նրանց վրա:
Պետրոսն ու Հովհաննեսը, ովքեր ամեն տեղ [Հիսուսի] հետևից էին գնում, ինչպես Թաբոր լեռ, և մոտն էին նաև Պասեքի պատրաստության և գիշերն աղոթելու ժամանակ, հենց նրանք էլ գնացին ու բերեցին [կենդանիներին], հարմարավետության համար ձորձեր գցեցին [նրանց վրա] և Հիսուսին նստեցրին: Բայց հարկ է քննել, թե ինչպե՛ս է, որ երկուսի վրա նստեց, որովհետև կառք չէր կազմել կամ լծել, քանի որ չորսը չէին, այլ երկուսը միայն: Ուրեմն ի՞նչ ասենք այս մասին: Ոմանք ասում են, թե էշի վրա նստեց, իսկ քուռակը հետևից գնում էր և դիպչում Փրկչի ոտքերին, և որ սա այսպես է, երևում է նրանից, որ Մարկոսն ու Ղուկասը միայն մեկ կապված ավանակ են հիշում 1116 : Բայց ինձ թվում է, երկուսն էին, ինչպես ասում է Մատթեոսը, կույրերի օրինակով 1117 , և սկզբում էշի վրա նստեց, մինչև Երուսաղեմի դուռը, իսկ հետո այդ էշից իջավ ու նստեց քուռակի վրա: Եվ դու մի՛ զարմացիր, թե ինչու Նա ելավ նստեց մատղաշ ավանակի վրա, որի վրա, ասում է [Մարկոսը] 1118 , մարդկանցից ոչ ոք չէր նստել: Կամ, ըստ մարգարեի, ամեն ինչ հնազանդ էր Մարդուն 1119 , քանի դեռ ինքն էլ Աստծուն էր [հնազանդ], իսկ երբ ապստամբեց, ապստամբեցին նաև կենդանիները, ուստիև ոմանք խայթում են և գիշատում-սպանում: Բայց քանի որ Տերը դարձավ երկրորդ Ադամ և Ադամի մարմնով պահեց Հոր պատվիրանները, ուստի բոլոր կենդանիների բնություններն էլ Նրան հնազանդվեցին: Կամ էլ Իր ամենակարող զորությամբ, որ տերերի սիրտը կակղեցրեց, զգաստացրեց նաև անասնիկին` հանդարտությամբ պասավորելու Նրան, ինչպես որ նաև հեթանոսներին հնազանդեցրեց, ինչպես աղոթում է Հովհաննեսը. «Ո՛վ Դու, որ անմիտ ու վայրենի հոգին զգոն ու հանդարտ դարձրիր» 1120 :
Ինչպես արդեն ասել ենք, երկու աշակերտները խորհրդանշում են առաքյալներին ու մարգարեներին, քանի որ Պետրոսը ծեր լինելու պատճառով մարգարեների հանրագումարն էր խորհրդանշում` նրանց ավելի ավագ լինելու պատճառով` ըստ Տիրոջ. «Նախքան ձեզ էին» (Մատթ. 5։12), իսկ Հովհաննեսը երիտասարդ, մաքուր ու սիրելի լինելու պատճառով առաքյալներին էր խորհրդանշում, ովքեր որպես վարժապետ`«բերեցին էշն ու քուռակը»` հրեաներին ու հեթանոսներին, Աստծուն հավանեցնելու: Ձորձեր գցելը ցույց է տալիս ապաշխարությունը, որը մարգարեների միջոցով քարոզվեց` ըստ այսմ. «Ձեր սի՛րտը պատռեք և ոչ թե հագուստը» (Հովել 2։13), իսկ առաքյալների միջոցով [քարոզվեց] մկրտության շնորհը. ինչպես [ասվում է]. «Ձեզ բոլորիդ որպես զգեստ կհագնեմ» (հմմտ. Ես. 49։18), Պողոսն էլ ասում է. «Դուք, որ Քրիստոսով մկրտվեցիք, Քրիստոսին եք հագել» (հմմտ. Գաղ. 3։27): Որովհետև առանց ապաշխարության ու մկրտության ոչ մեկի մեջ Աստված չի բնակվում: Իսկ երբ մկրտության միջոցով տերևյա պատառոտուն պատմուճանը հանեցին, նկատի ունեմ մեղքերի կարկատանները` ըստ այսմ. «Հանեցի պատմուճանս, ինչպե՞ս հագնեմ այն [նորից]» (Երգ 5։3), և արդարության միջոցով հագան անապական զգեստը, դրանից հետո երկնավոր Արքան իշխանաբար և գթությամբ նստեց նրանց հոգիներում` ըստ այսմ. «Փարավոնի կառքի մեջ եղած իմ ձիուն կնմանեցնեմ քեզ, մերձավո՛ր իմ» (հմմտ. Երգ 1։8): Բայց նախ էշի վրա [նստեց]` միառժամանակ հրեաների մեջ [եղավ], և ապա քուռակի վրա [նստեց]` հեթանոսների մեջ [եղավ], որպեսզի «անմիտ ազգով կսկծեցնի նրանց» (հմմտ. Հռոմ. 10։19) և նրանց նախանձը շարժի սրանց ամբողջական [դարձով], որովհետև «երբ հեթանոսների ամբողջությունը մտնի, ապա ամբողջ Իսրայելը կփրկվի» (Հռոմ. 11։2526):
Իսկ այլաբանորեն` էշն ու քուռակը հոգին ու մարմինն են. մեկը` հոգին, կրթված է բանականության շնորհիվ, մյուսը` մարմինը, քուռակ է` չդաստիարակված լինելու պատճառով: Սրանց վրա նստեց Խոսքը` Իր անձով միավորվելով դրանց հետ, և [դրանք] բերողները Օրենքն ու մարգարեներն էին, որ խոսքով ու գործով կանխագուշակեցին Խոսքի մարմնանալը:
Մաղաքիա արք. Օրմանյան
եւ էշն ու քուռակը բերեցին, նրանց վրայ զգեստներ գցեցին. եւ նա նստեց դրանց վրայ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:16
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: