Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:30

Հովհաննես Ծործորեցի

որովհետեւ յարութեան ժամանակ ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու գնում, այլ կը լինեն՝ ինչպէս հրեշտակները երկնքում:

 

    Որովհետև հարության ժամանակ ոչ կին են առնում, ոչ մարդու գնում, այլ երկնքում հրեշտակների պես են:

    Սա այն [խոսքն] է, որը ցույց է տալիս, որ հարության ժամանակ [մարդիկ] այնպիսին չեն լինելու, ինչպիսին այժմ են, և [Տերն] այս [խոսքը] պատշաճորեն է կազմում: Քանի որ [մարդիկ] մահկանացու են, իրավամբ են կին առնում և մարդու գնում` ըստ Մովսեսի օրինադրության, որպեսզի [մարդկանց] անծննդության պատճառով մահը, որ տիրում է, չվերացնի մարդկային բնությունը, և չարի նախանձից [ծնված ցանկությունը] չիրականանա 1234, ինչպես որ [չարը] խաբեց նախաստեղծին 1235: Այս պատճառով էլ որդեծնության կարիք կա: Իսկ մեռյալների հարության ժամանակ ոչ տղամարդիկ կին են առնելու, ոչ էլ կանայք` մարդու գնալու, այլ հրեշտակների պես են լինելու երկնքում, և նրանց մասին Ղուկասի [Ավետարանում Տերն] ասում է, որ «Աստծո որդիներ են, որովհետև հարության որդիներ են» (Ղուկ. 20։36), քանի որ կրքերն ու ցանկությունները թողնում են գերեզմանում և հարություն են առնելու` հրեշտակների պես անմահանալով և նրանց պես երկնքում փառավորվելով: Ուրեմն` եթե չեն ամուսնանալու, ապա անտեղի է ձեր հարցը, [ասում է Տերը սադուկեցիներին], որովհետև հրեշտակների պես են լինելու. ոչ թե չամուսնանալու պատճառով են լինելու հրեշտակների պես, այլ հրեշտակների պես լինելու պատճառո՛վ է, որ չեն ամուսնանալու, քանի որ [հրեշտակներն] էլ չեն [ամուսնանում]:

    «Երկնքում հրեշտակների պես են

    [խոսքը] հասկացվում է նաև այսպես: Ոչ միայն անամուսնությամբ են հրեշտակների պես լինելու, այլև որ չեն կարողանալու դեպի չարը խոտորվել, որովհետև թեպետ ոմանք ասացին, թե հրեշտակները դժվարաշարժ են չարի մեջ, բայց ես ամբողջովին անշարժ եմ համարում, քանի որ չարն այլ բան չէ, քան Աստծուց հեռանալը: Իսկ նրանք այն պատճառով չեն կարողանում չարը գործել, որ միշտ Աստծո երեսին են նայում, ինչպես և Տերն ասաց. «Նրանց հրեշտակները շարունակ տեսնում են [Իմ երկնավոր Հոր] երեսը» (Մատթ. 18։10), և շարունակ նայելուց բարի Աստծո կերպարանքն իրենց մեջ են դրոշմում, բարի Աստծով լցվելով` Աստծո սիրով եռում և դրանից չհագենալով` երբեք դեպի չարը չեն միտում, ինչպես ժամանակին Ադամը, մինչ նայում էր Աստծուն: Ուրեմն [Տերը] սա է խոստանում, որ կլինի նաև այժմ` հարության ժամանակ. այն, որ [մարդիկ] ոչ միայն կին չեն առնի, այլև, Աստծուն տեսնելուց զմայլված լինելու պատճառով, չեն կարողանա երբևէ անմաքուր ցանկությամբ լցվել:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

որովհետեւ յարութեան ժամանակ ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու գնում, այլ կը լինեն՝ ինչպէս հրեշտակները երկնքում:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:23