Հովհաննես Ծործորեցի
Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք:
Բայց դուք ոչ ոքի «ուսուցիչ» մի՛ կոչեք, որովհետև մեկն է ձեր Ուսուցիչը, և դուք ամենքդ եղբայրներ եք:
Սա՛ է գթառատ ուսուցչի և ճշմարիտ բժշկի գործը, որ աշակերտներին թախանձանքով հավանության է բերում, ինչպես նաև ասածս բաների մեջ նրանցից պահանջում առավել լինել, որովհետև եթե [մեկի] գործերին [մասնակից են], ապա նաև նրա դեմ մեղադրանքը կկիսեն: Այդ պատճառով էլ [Տերն] ասում է. «Ոչ ոքի «ուսուցիչ» մի՛ կոչեք, որովհետև մեկն է ձեր Ուսուցիչը»` Քրիստոսը, «և դուք ամենքդ եղբայրներ եք», այսինքն` հավասար ընկերներ, և ոչ ոք մյուսից ավելի շատ չպետք է ունենա, թեկուզ շատերից գերազանց լինի: Ինչո՞ւ. որովհետև [այդպիսին] ինչ որ գիտի, իրենից չգիտի. ըստ առաքյալի` «Ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ Ապողոսը, կամ ո՞վ է Կեփասը. Աստծո սպասավորներ» (հմմտ. Ա Կոր. 3:45). [առաքյալն «Աստծո սպասավորներ»] է ասում և ոչ թե «ուսուցիչներ», մանավանդ որ իրենց անձի համար չստացան [քարոզության շնորհը], այլ շատերի համար: Ուստի պարզ է, որ հավասար են ամենքը` [Աստծո] շնորհներով հարստացած:
Բայց ինձ թվում է, թե այս խոսքը նախորդի հետ տարաձայնություն ունի. որովհետև այնտեղ մեղադրվում էին ոչ թե կոչողները, այլ կոչվել ցանկացողները, իսկ այստեղ [Տերն] ասում է. «Դո՛ւք ոչ ոքի «ուսուցիչ» մի կոչեք»: [Նշանակում է]` կամ` «ոչ ոքի մի՛ կոչեք», այսինքն` մի՛ հոժարեցրեք, ձեզ «ուսուցիչ» կոչելու, ինչպես [փարիսեցիներն ու օրենսգետները], որպեսզի [ձեր քարոզության] հատուցումը նրանցից չպահանջեք, կամ էլ, ինչպես օրինակների մի մասում գտա, «Դո՛ւք մի կոչվեք 1247, «ուսուցիչ»»: Եվ նշում է պատճառը. «Որովհետև ձեր ուսուցիչը Քրիստոսն է»:
Մաղաքիա արք. Օրմանյան
8-12. Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք: Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է: Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը: Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի: Ով իր անձը բարձրացնում է, կը խոնարհուի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրանայ:
Փարիսեցիների չափազանցված և կեղծավոր ձգտումը և ժողովրդի կողմից իբրև վարդապետ ողջունվելու անհագ տենչանքը, առիթ են տալիս Հիսուսին այդ կոչման իսկական իմաստը բացատրելու: Վարդապետը կամ ուսուցիչը նա է, որ տեղյակ է իր ավանդած ճշմարտությանը, նրա ներքին և հիմնական ծանոթությունն ունի կամ ուրիշ բացատրությամբ` իր վարդապետության տերն է: Իսկ նա, որ մեկից վերցրածը մյուսին է ավանդում` ուսման միջնորդ է, և ոչ իսկական ուսուցիչ. վարադպետության միջնորդ է, և ոչ իսկական վարդապետ: «Հետևաբար, -ասում է Հիսուս,- իսկական ուսուցիչ և վարդապետ` միայն Երկնավոր Վարդապետ Քրիստոսն է, որ ճշմարիտ վարդապեության սկիզբը, արմատը և տերն է, ինքը` երկնային իմաստություն: Իսկ մարդիկ իրար հավասար են, ու եթե մեկը մյուսին վարդապետ և ուսուցիչ է լինում, նա իրենից բան չունի: Երկնավոր վարդապետից բխած վարդապետությունն է, որ հաղորդում է իր ընկերներին»: Հայրությունն էլ նման է վարդապետության և ուսուցչության: Հայրը, որ զավակի լինելիության պատճառն ու սկիզբն է, լինելիության սկզբնապատճառը չէ, այլ առաջին պատճառից, այսինքն` Աստծուց առած լինելիությունն է հաղորդում ուրիշին, ինքը ոչ թե սկիզբ ,այլ միայն միջնորդ լինելով զավակի լինելիության, ոչ թե տիրապես հայր է, այլ միայն միջնորդաբար հայր:
Այդ իմաստով է,որ Հիսուս ժողովրդին դառնալով ասում է. «Փարիսեցիները սիրում են ամենուրեք ողջունվել որպես վարդապետ, սակայն ոչ բուն վարդապետ են, ոչ բուն ուսուցիչ և ոչ էլ հայր. և պետք չէ, որ դուք այս անունը որևէ մեկին տաք` իմանալով, որ վարդապետության սկիզբ ու աղբյուրը երկնքից է. վարդապետը` Քրիստոսն է, և հայրը` Երկնավորն է, ու միայն նրանց իսկապես վայել են այդ անունները»:
Սակայն մենք այդ անունները անխտիր օգտագործում ենք թե մարմնավոր և թե հեգևոր իմաստով, և մեզ հայր ենք ճանաչում և կոչում ենք մարմնավոր ծնողներ ու հոգևոր գլուխներ, դաստիարակներ ու կրոնականներ: Եվ շատ հանգիստ գործածում ենք այդ անունները, եկեղեցին էլ նվիրագործում է ասածն ու արածը: Բայց այս անելով, չի նշանակում, թե չենք լսում Հիսուսի հրամանը, որովհետև մեր համոզմամբ էլ այդ անունները բացարձակ իմաստով չենք վերցնում,այլ` միջնորդական իմաստով ենք ընդունում, և գործածում ենք որպես պարզ պատվանուն:
Այդ առթիվ Հիսուս նորից կրկնում է խոնարհության և համեստության մեծ սկզբունքը, ինչ որ ուրիշ տեղերում, ուրիշ առիթներով կրկնել էր, թե` մեծն ինքն իրեն պետք է փոքրի տեղ դնի, և որ ինքն իրեն խոնարհեցնողը կբարձրանա Մատթ. 20:26, Ղուկ. 14:11, Ղուկ. 18:14, ինչպես որ մենք էլ իր տեղում խոսել ենք դրանց մասին Մատթ. 20:20-28, Ղուկ. 14:7-11, Ղուկ. 18:9-14:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: