Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:50

Հովհաննես Ծործորեցի

50-51. եւ այդ ծառայի տէրը գայ այն օրը, երբ չէր սպասում, եւ այն ժամին, երբ չէր իմանում, նրան կը սպանի եւ կեղծաւորների վախճանին կ՚արժանացնի. այնտեղ կը լինի լաց ու ատամների կրճտում»:
   

    Կգա այդ ծառայի տերն այն օրը, որում [ծառան] չի սպասում, և այն ժամին, որը [ծառան] չգիտի, նրան մեջտեղից կկիսի և նրա բաժինը կեղծավորների հետ կդնի. այնտեղ կլինեն լաց և ատամների կրճտում:

    Թեպետ Աստված շատ անգամ, իբրև թագավոր դատելով, այդպիսիներից վրեժխնդիր է լինում այս մարմնավոր կյանքում, ինչը և [այս խոսքում] գալուստով է ցույց տալիս, և ինչը շատ չար ու վատ ծառաների պատահեց, բայց մենք, ըստ այս խոսքի կարգի, հասկանում ենք, որ այն վերաբերում է գալիք [կյանքին], և [պատժվելու է] ոչ թե մեկը, այլ բոլոր «չար ծառաները»: «Կգա այդ ծառայի տերը»,-ասում է [Հիսուսը]: [«Ծառա» բառը] եզակի է դնում, կամ որովհետև ամենքը միապես չար գտնվեցին տիրոջը պատկանածի հանդեպ, թեպետ յուրաքանչյուրը չարացավ սեփական կյանքում` հոգևոր թե մարմնավոր բաների մեջ, կամ էլ որպեսզի ոչ ոք չկարծի, թե ինչպես այստեղ, նույնպես էլ այնտեղ է սպրդելով թաքնվելու, [Տերը ցույց է տալիս], որ յուրաքանչյուրի համար մասնավոր դատաստան է լինելու: «Այն օրը, որում [ծառան] չի սպասում, և այն ժամին, որը [ծառան] չգիտի». [Տերն] ասում է, որ անսպասելի ժամի կհասնի, երբ [ծառան], երիտասարդ լինելով կամ հասուն տարիքում, վրեժխնդրություն ու տանջանք չէր սպասում, այլև իր անձը բարի գործերով չէր պատրաստել Նրա գալստյանը, կամ էլ միայն մտածությամբ էր [պատրաստել]: Տես նաև այն, որ [Տերը] մեզ միշտ պա հում է [Իր գալստյան օրվա] անգիտության մեջ, որպեսզի արթուն լինենք:

    «Նրան մեջտեղից կկիսի և նրա բաժինը կեղծավորների հետ կդնի», առանց հարցաքննության, քանի որ նրա գործերն են դատապարտելու նրան [Տիրոջ] այդպիսի ցասմանը հանդիպելու: Իսկ ի՞նչ է մեջտեղից կիսելը: Կամ [Տերն] Իր շնորհներն է հետ վերցնելու` գիտությունների, արվեստների, հոգևոր ու մարմնավոր իշխանության, որովհետև ինչպես որ թագավորները, երբ իրենց կողմից պատվի արժանացածին ապերախտության համար դատում են, նախ վերցնում են պարգևները և ապա տանջում, [այդպես էլ Տերը] կվերցնի Իր պատկերի պատիվը և կտանջի իբրև բանականություն չունեցող [արարածի], քանի որ [ծառան] բանականությունը գործածեց ոչ թե բարու, այլ չարի համար. ինչպես երբ մեկը մյուսին սուր է տալիս նրա կարիքից ելնելով, իսկ նա արյուն է հեղում, [տվողը] ոչ միայն սուրն է վերցնում, այլև սպանում նրան: Կամ էլ` [այս խոսքը նշանակում է], որ թե՛ հոգին, թե՛ մարմինն են տանջվելու` ըստ առաքյալի. «Յուրաքանչյուրը մարմնով կժառանգի թե՛ բարին, թե՛ չարըե (հմմտ. Բ Կոր. 5:10), որովհետև չարը գործելիս հավասար էին, հավասար կլինեն նաև այնտեղ, ուր աչքերի լաց է և ատամների կրճտում: Սա՛ է «կիսելը». որովհետև երկու կեսերն էլ տանջվելու են, և դատաստանը լինելու է ինչպես մարմնի, այդպես էլ հոգու համար:

    Իսկ «կեղծավոր» է կոչվում [այստեղ] կամ Բանսարկուն, որ խավար է և լույսի կերպարանք է առնում, կամ այնպիսի մարդիկ, ինչպիսին էին [հրեա] օրենսգետներն ու փարիսեցիները: [Տերը սատանային] նրանց տանջանքներին մասնակից է դարձնում ո՛չ անտեղի, այլ որովհետև նա էլ էր կեղծավոր, որ ուրիշներին քարոզում էր [Քրիստոսի] գալուստը կամ մահը, իսկ ինքը սրտում մտածում էր խափանել Նրա գալն ու մահը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

եւ այդ ծառայի տէրը գայ այն օրը, երբ չէր սպասում, եւ այն ժամին, երբ չէր իմանում,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:42