Հովհաննես Ծործորեցի
Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ:
Լսելու եք պատերազմների ու պատերազմական լուրերի մասին. զգո՛ւյշ եղեք, մի՛ խռովվեք, որովհետև այդ ամենը պիտի լինի, բայց վախճանը չէ:
Սրանով [Տերը] հայտնում է միայն Տիտոսի և Վեսպասիանոսի 1304` Երուսաղեմի վրա հարուցած պատերազմը` այն ավերելու համար, և ոչ թե օտար [երկրներում] և ամբողջ աշխարհում [տեղի ունեցած պատերազմները], որովհետև դրանք էլ են լինելու, ինչպես ասում է հետո: Եթե սա այսպես է, ինչո՞ւ չի ասում` «տեսնելու եք», այլ ասում է` «լսելու եք»: Որովհետև այդ ժամանակ առաքյալները Երուսաղեմում չէին լինելու, այլ ոմանք [երկինք] փոխադրված, ոմանք էլ իրենց վիճակներում ավետարանի քարոզության գնացած: Եվ որպեսզի, լսելով ձյունաբեր չարիքների մասին, չկարծեն, թե քարոզությունը խափանվելու է, ավելացնում է թե` մի՛ խռովվեք, պե՛տք է, որ այդ ամենը կատարվի, որի մասին Ես նախապես ասացի, և փորձություններ վրա կհասնեն, սակայն ոչինչ չի խափանի Իմ այս խոսքերի [իրագործումը]: Եվ քանի որ համարում էին, թե այդ պատերազմից հետո էին Նրա գալուստն ու աշխարհի վախճանը լինելու, ասում է, որ դա տակավին վախճանը չէ, որովհետև Երուսաղեմի ավերումն այս աշխարհի վախճանի օրինակն է [միայն], և նախ Երուսաղեմը կավերվի, որի կերպը հայտնեց, քանի որ հարցրին, և ապա՛ [կլինի] այս աշխարհի վախճանը, որի կերպն այժմ է նկարագրում:
Մաղաքիա արք. Օրմանյան
6-8. Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամէնը սկիզբն է երկանց: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք ձեզ չխաբի, որովհետեւ շատեր պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն՝ ե՛ս եմ Քրիստոսը, եւ շատերին պիտի մոլորեցնեն:
Զգալի արտաքին նշաններ էլ է հիշում Հիսուս, որոնք պիտի ծառայեին աշակերտներին թե՛ համոզելու և թե՛ զգուշացնելու համար: Այս կարգում առաջին նշանը պատերազմներն են, որոնք պիտի տեղի ունենան Պաղեստինում: Իրոք, գիտենք, որ Երուսաղեմի կործանումից առաջ, Հռոմի 819 թվականին, երբ Հրեաստանում շատացան սուտ-քրիստոսների հարուցած հուզումները, Հռոմեական կայսրությունն անհրաժեշտություն զգաց հրեաների դեմ զենք գործածել: Կեստիոս Գալլոս զորապետը Ներոն կայսեր հրամանով հարձակվեց հրեաների վրա, սակայն հաղթվելով հետ քաշվեց: Անհնար էր կարծել, թե հռոմեացիները կհաղթվեն հրեաներից, և բնական էր ենթադրել, որ Կեստիոսը հաղթությամբ կմտնի Երուսաղեմ և Հիսուսի կանխատեսությունը, թե առաջին պատերազմը վերջնական լուծում պիտի չտա, հակառակ է տրամաբանական եզրակացություններին և կատարյալ մարգարեական գուշակություն էր:
Հիսուս արտաքին նշանների շարքում նշում է, թե «ազգ յազգի վերայ, եւ թագաւորութիւն ի թագաւորութեան վերայ» պիտի դուրս գան: Սա ևս ճշմարիտ դուրս եկավ թե՛ հրեից մեջ ներքին ու քաղաքական բաժանումներով, պատերազմներով և թե՛ հռոմեական աշխարհում` կայսրությունը ձեռք գցելու համար մղված քաղաքական պատերազմներով: Ներոնի մահվանից հետո, Գալբան, Ոթոնը, Վիտեղիոսը և այլք կայսրությունը միմյանց ձեռքից հափշտակեցին արյունռուշտ պատերազմներով, որոնք ահագին սրածությունների տեղիք տվեցին: Ներքին պատերազմների հետևանքով վնասվեց տնտեսությունը: Խռովություններն ամենուր արհավիրք սփռեցին, ինչպես այդ մասին մանրամասնորեն հիշատակում են ժամանակի պատմիչները:
Արտաքին նշանների կարգում Մատթեոսը հիշատակում է նաև սասանութիւնք, Մարկոսն ավելացնում է «շարժմունք ի տեղիս տեղիս» արտահայտությունը, իսկ Ղուկասը` «նշանք մեծամեծք յերկնից»: Եթե նկատի առնվեն Հովսեպոսի գրածները և բաղդատվեն ժամանակի հռոմեացի պատմագիրների հետ, ապա կտեսնենք այդ բնական երևույթների իրականացած լինելը, այնպես որ, Հիսուսի տված արտաքին նշանները հատուկ և հստակ էին` բավական Իր աշակերտների միտքը բանալու և անելիքները ցույց տալու համար: Մենք հարկ չենք համարում ավելի մանրամասների հետևից ընկնել և ամեն մի պարագայի պատմական իրականություն դառնալը գտնել ու մեջբերել:
Հիսուս վերջ է դնում այս նշանների հիշատակությանը, ասելով, թե` «Այս ամենայն սկիզբն է երկանց», այսինքն` ցավալին կատարվածի սկիզբն է: Ասում է. «Երբ հետզհետե այդ նշանների իրականանալը տեսնեք, իմացեք, որ կատարածը սկսել է. այլևս ետ դառնալ չկա, ցավերը գնալով պիտի աճեն և բազմապատկվեն և պիտի իրենց վերջնական լրումն ստանան»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: