Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:9

Հովհաննես Ծործորեցի

Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք:
   

    Այդ ժամանակ կմատնեն ձեզ նեղությունների ու կսպանեն ձեզ, և կատվեք բոլոր ազգերից Իմ անվան պատճառով:

    Նախ ասաց. «Մի՛ խռովվեք», և որպեսզի չկարծեին, թե այս կյանքի ալեկոծության խռովքի ժամանակ նրանք անվտանգ էին մնալու, ուստի [այս մասին] հիշատակում է հարմար ժամանակ և ավելացնում նաև նրանց չարչարանքների մասին, բայց [որոնց ժամանակ] մխիթարություն էին ունենալու հրեաներին հասած ընդհանուր չարիքների մեջ: Եվ նախապես սա ասելով` զգուշացրեց նրանց, որպեսզի երբ [այդ ամենը] կատարվեր, չխռովվեին, ինչպես ասաց: Իսկ դա կրկնակի մխիթարություն է, որովհետև, [ասում է Տերը], ոչ այլ բանի համար եք այդ [բոլորը] կրելու շատերից, քան Ինձ հավատալու:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

9-13․ Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք: Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն: Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի: Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի:
   
    Ելնելով Ավետարանի հաստատման հետ Երուսաղեմի կործանման ունեցած ներքին կապից` անհնար է կարծել, թե այդ շփոթությունների պահին Ավետարանի հետևողները խաղաղ ու հանդարտ կացության մեջ էին: Ուրեմն բնական է, որ մի կողմից հրեաները, մյուս կողմից հեթանոսները, անհաշտ աչքով նայեին
Ավետարանի բոլոր հետևողներին, ինչպես մաև նեղություն ու վիշտ, մինչև իսկ հավատքի համար հալածանքներ, նույնիսկ մահվան վտանգներ ու մեծամեծ վնասներ հասցնեին նրանց գլխին: Հիսուս այս կետն էլ հիշեցնում է Իր աշակերտներին, ինչի մասին որ դեռևս կանխավ, նրանց պաշտոնի կանչելու ժամանակ հայտարարել էր (Մատ. 10:17-42), հայտնապես ասել էր, թե Ավետարանի պատճառով շատերի ատելությանը պիտի արժանանան, մինչև իսկ եղբայրը եղբոր դեմ պիտի դուրս գա, երբ մեկն աշակերտի Ավետարանին, իսկ մյուսը` ոչ: Ծնողները զավակներին և զավակները ծնողներին պիտի թշնամի լինեն, միմյանց պիտի սպանեն` կարծելով լավ բան են անում, հակառակության հոգին այնչափ պիտի զորանա, որ շատերին պիտի առաջնորդի նույնիսկ դեպի արյան ու բնության նվիրական զգացումները ոտնակոխ անելուն:
    Սաստիկ հալածանքների այս պատմությունները հայտնի են: Հրեաստանում` հերովդեսների և ժողովրդի կողմից, կայսրության մեջ` ներոնների հրամանով, կայսրությունից դուրս` սանատրուկների ձեռքով անարգվեցին քրիստոնյաները, հալածվեցին, տանջվեցին, սպանվեցին, նույնիսկ Հիսուսին ունկնդրած Տասներկուսից շատերն անգամ այդ ժամանակներում մարտիրոսացան:
    Որքան էլ Հիսուսի խոսքերը ուղղակի Տասներկուսի համար էին ասվում, այնուամենայնիվ, բացի նրանցից, ուղղվում էին նաև Ավետարանի բոլոր հետևողներին և նրանք էլ պիտի Հիսուսի խոսքերից օգուտ քաղեին: Հիսուս ցավով է հիշում, որ նրանց մեջ տկարացողներ նույնպես պիտի լինեն, սուտ-քրիստոսներից խաբվողներ պիտի գտնվեն: Լինելու են նաև Ավետարանի սիրուց ուծացողներ, ցամաքեսցի սէր բազմաց, ուստի ավելացնում է նաև արիության և համբերության խրատներ: Ուշադրության է արժանի այն, որ Հիսուս արիություն ու համբերություն է հանձնարարում, և բոլորովին խոսք չի ասում ընդդիմության ու դիմադրության մասին: Ավետարանի հաղթանակը հաստատում է համբերության վրա: Դատարանների առջև և հարցաքննությունների ժամանակ երկնային շնորհք ու վերնային օգնություն է խոստանում, նույնիսկ պետք եղածին չափ և իմաստությամբ պատասխանելու համար հիշատակում է Աստվածային ներշնչումը, որպեսզի ավելացնի համբերության հաղթանակի նկատմամբ եղած վստահությունը: Իսկ համբերության համար չափ ու սահման չի դնում. պահանջում է, որ համբերողը իսպառ համբերեսցէ, այլ ոչ թե համբերությունից հոգնելով, փոխի զգացումները: Համբերությունը, որ դադարում է, կորցնում է նաև իր ուժն ու զորությունը և միայն մինչև վերջ և անընդհատ համբերությունը կարող է հաջողության ակնկալիքն ունենալ: Իսկ այդ հաջողությունը ճշմարիտ և հավիտենական կյանքն է, որ միայն ու միայն իսպառ համբերողների համար է պահված: