Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:10

Հովհաննես Ծործորեցի

Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց:

   

   Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, մտան նրա հետ հարսանեկան [սրահը], և դուռը փակվեց:

   Ոչ թե աշխարհ վերադարձան` գնելու համար, քանի որ դա անհնար էր` ըստ այսմ. «Հոգին, որ դուրս է գալիս, այլևս չի վերադառնում» (Սաղմ. 77։39), այլ գնացին իրենց մտքում, ինչպես Պետրոսը` մի ժամանակ, հասկանալու իրենց գործերի` մարդկանցից տրված փառքը, որ ըմբոշխնեցին, և քանի որ այն մարել էր, մինչ տարակուսում էին, թե ինչ պիտի անեին, եկավ Եկեղեցու Փեսան Հոր փառքով, Նրա մոտ հավաքվեցին այն հարսները, որ պատրաստել էին իրենց հոգին Նրա համար` իրենց գործերն Աստծո փառքի համար կատարելով, և մտան երկնային առագաստը` միանալով Խոսքի հետ հոգևոր ու անպատմելի ուրախությամբ: «Եվ դուռը փակվեց», այսինքն` ողորմության դուռը, որն այստեղ է բաց, նաև մարդասիրության գութը, կամ էլ գործի ժամանակը, ինչպես տնտեսն էր ասում. «Գործ անել չեմ կարող, մուրալ ամաչում եմ» (Ղուկ. 16։3), որովհետև հույժ ամոթ է խնդրելն ու չստանալը, ինչպես սրանց դեպքում: Տես նաև այն, որ ինչպես նախքան ննջելն ունեին երեք նույնություն և մեկ տարբերություն, այդպես էլ մահվամբ քուն մտնելուց հետո կային նրանց միջև երեք նույնություն և մեկ տարբերություն: Ննջելը, արթնանալն ու լապտերները կարգի բերելը ընդհանուր էր, իսկ փեսայի հետ մտնելն ու [հիմարների] դուրս մնալը` տարբեր, ինչը նշանակում է, որ հոգով, մարմնով ու մտքով հավասար էին, այլև բնական, գրավոր և ավետարանական օրենքները միապես ընդունեցին, բայց Աստծուն ծառայելու մեջ տարբերվեցին, քանի որ մեկն Աստծո փառքի համար [գործեց], մյուսը` մարդկանց փառքի, ուստիև այն [կյանքում միմյանցից] զատվեցին: Այստեղ նույնպես ցույց է տրվում, որ նախ արդարներն են մտնելու փառքի մեջ, և ապա մեղավորներն արտաքսվելու դեպի տանջանքները, ինչպես ասվում է [առակի շարունակության մեջ]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:1