Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:11

Հովհաննես Ծործորեցի

11-12. Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա»: Նա պատասխան տուեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»:

 

    Հետո եկան մյուս կույսերն ու ասացին. «Տե՛ր, Տե՛ր, բա՛ց մեր առաջ»: Նա պատասխանեց` ասե լով. «Ճշմարի՛տ եմ ասում ձեզ, չգիտե՛մ ձեզ»:

    Սա է այս առակի նպատակակետը, որը [Տերն] այսպես է կարգում: Կամ այնպես կպատահի, ինչպես նրանց հետ, ովքեր ասում էին. «Չէ՞ որ Քո անունով հրաշքներ գործեցինք ու դևեր հանեցինք, և մեր հրապարակներում ուսուցանեցիր», որոնց ասաց. «Չգիտեմ ձեզ» (հմմտ. Մատթ. 7։22-23, Ղուկ. 13։26), և ինձ թվում է` ինչ որ այստեղ կատարվում է, այնտեղ պատկեր ու ձև է ստանում, և քանի որ սրանք ողորմության [գործեր] չունեին, [ուստի ողորմության չարժանացան]: Կամ էլ, ինչպես ասացինք, իրենց գործերն ու աշխատանքը ծախեցին մարդկանց գովեստների դիմաց, և թեպետ [Սուրբ] Գիրքը բազում անգամ հորդորում էր ողորմություն գործել և միշտ քարոզում էր. «Տերը ցրվում է մարդահաճոների ոսկորները» (Սաղմ. 52։6), և` «Մի՛ արեք մարդկանց ցուցադրելու համար» (հմմտ. Մատթ. 6։1), սակայն սրանք լսելով` նրանք հապաղում ու չէին հնազանդվում, այլ Աստծո ողորմածության վրա էին հույսը դնում և իրենց գործերին ապավինում, մինչ [Սուրբ] Գիրքն այդպիսի օրենք չգիտեր. ուստի երբ ընթացան այն [կյանք], կրեցին այն նույնը, ինչ այստեղ գործեցին:

    Կամ էլ, «հետո եկան» խոսքի պատճառով, ուրիշ բան է ցույց տրվում: Թեպետ այնտեղ գնալուց հետո մեկը մարդասիրություն ունենա, ոչինչ չի շահի և պատիժներից չի ազատվի, քանի որ այստե՛ղ [մարդասեր չեղավ]: Չափազանց մեծ դժբախտություն ու դառը տանջանք է ինձ թվում այն, որ [հոգևոր] պատերազմներում այդքան հաղթանակներ տանելուց, այդքան գործեր կատարելուց հետո վտարվելու են, հանգած լապտերներով և ամոթալից ու գլխահակ հետ դառնալու` ոչ մի օգուտ չստանալով իրենց կուսությունից, որն անյուղ էր, և ոչ էլ գործերից, որոնք աշխարհի փառքի համար կատարեցին, լսելն այդ ահավոր խոսքը թե` «Չգիտե՛մ ձեզ», այսինքն` Իմ փառքի համա՛ր չեք ճգնել կամ Իմ օրենքի՛ն չեք հետևել: Գեհենից էլ ավելի չար, անհնարին ու դաժան տանջանք է ինձ թվում հեռանալն այն վայելչական փառքից, որի գեղեցկությանը չափ չկա, և մոտ լինելը դևերին, որոնց համար կորուստն է պատրաստված: Նրանցից թող փրկի մեզ մեր Քրիստոս Աստվածը, Ում միշտ վայել են փառք ու պատիվ` Նրա Հոր և Հոգու հետ, այժմ և միշտ և անբավ հավիտյաններում: Ամեն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:1