Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:18

Հովհաննես Ծործորեցի

Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց:

 

   Եվ ով մեկը վերցրեց, գնաց հողը փորեց և իր տիրոջ արծաթը թաքցրեց:

    Սա նրանք են, որ հավատացին, բայց գործերի մասին բնավ չհոգացին, որովհետև կամ վերցնելիս մեռան ու հողի մեջ թաղվեցին, ինչպես նրանք, որ մահվան ժամին են մկրտություն կամ հաղորդություն խնդրում, կամ էլ վերցրին ու երկրասեր եղան, իրենց գարշապարներով խրվեցին հողի մեջ ու շնորհի արծաթը մաքուր գործերով չաշխատեցրին, այլ չարությամբ ամփոփեցին և Հոգու լույսը մարեցին` չսովորելով առաքյալից, [ով ասում է]. «Մի՛ հանգցրեք Հոգին» (Ա Թես. 5։19), «որով կնքվեցիք փրկության օրը» (Եփես. 4։30): Նաև նրանք են, ովքեր շնորհները չմատակարարեցին շատերի օգտի համար, այլ իրենց անձի կարիքների համար խորեցին: Նաև նրանք են, ովքեր գրին են նայում և ոչ թե Հոգուն, ինչպես հրեաներն ու թանձրամիտները, ովքեր [Սուրբ] Գրքի իմաստները` Աստծո օրենքի լուսավոր խոսքը, թաքցրին իրենց սրտի խորության մեջ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:14