Ծննդոց գրքի մեկնություն 25:22

Ա. Լոպուխին

Նրա արգանդում երեխաները բախվում էին միմյանց: Եվ նա ասաց. «Եթե այսպես էր լինելու, ինչո՞ւ հղիացա»: Եվ գնաց հարցնելու Տիրոջը: [22] (Սինոդական թարգ․)
   
   «Եթե այսպես էր լինելու, ինչո՞ւ հղիացա»… Սուրբ Ֆիլարետը, հիմնվելով աստվածաշնչյան տարբեր թարգմանությունների վրա, այս դրվագում ուզում է Ռեբեկայի մեջ տեսնել իր կյանքի համար ինչ–որ վախի  արտահայտություն: Բայց մենք կարծում ենք, որ ենթատեքստին համապատասխանում  է ավելի բարձր գաղափար, այն է՝ իր սերնդի ճակատագիրն իմանալու մոր ցանկությունը, այն սերնդի, որն այսքան տարիների անպտղությունից հետո այժմ պարգևում է նրան Աստված: Ակնհայտ է նաև, որ այն կատարվում է ոչ առանց աստվածային Նախախնամության առանձնահատուկ բարձր նպատակների:
   «Եվ գնաց հարցնելու Տիրոջը»… Բուն տեքստից չի երևում, թե ինչ ճանապարհով է հարցնում Տիրոջը: Այդ պատճառով ոմանք մտածում են, որ Ռեբեկան դիմեց բարեպաշտ նախահայրերից որևէ մեկին՝ Սեմին, Աբրահամին, Մելքիսեդեկին, Եբերին կամ անգամ Իսահակին (Ծննդ. 26։46), իսկ ուրիշները ենթադրում են, որ նա  դա կարող էր անել անմիջապես աղոթքի կամ զոհաբերության միջոցով:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Նրա արգանդում իրար էին բախւում երեխաները: Նա ասաց. «Եթէ այսպէս էր լինելու ինձ, հապա ինչո՞ւ յղիացայ»: Եւ նա գնաց այդ մասին Տիրոջը հարցնելու:
(Արարատ թարգ․) Եվ մանուկները բախվում էին նրա որովայնում: Եվ նա ասաց. «Եթե այսպես պիտի լիներ, ապա ինչո՞ւ ինձ այս եղավ»: Եվ գնաց Տիրոջը հարցնելու:
(Գրաբար) Եւ խաղային մանկունք ի նմա։ Եւ ասէ՝ եթէ այսպէս լինիցի ինձ, ընդէ՞ր իցէ ինձ այս։ Եւ գնա՛ց հարցանել ի Տեառնէ։