Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:23

Հովհաննես Ծործորեցի

Իր տէրը նրան ասաց.«Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»:

 

   Տերն ասաց նրան. «Ազնիվ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ սակավի մեջ հավատարիմ ես, շատի վրա կկարգեմ քեզ. մտի՛ր տիրոջդ ուրախության մեջ»:

    Սա կրկնաբանություն չէ, այլ մեծ իմաստության ավանդում: Որովհետև ինչպես որ այլ փառք ունի արևը, այլ` լուսինը, այդպես էլ արդարների պատիվն ու պսակները, Աստծո արդար կշեռքով կշռվելով, ըստ արժանավորության են բաշխվում, որպեսզի երբ սրբերը հատուկ կերպով պսակվեն` նախ գովեստով, ապա փառքի վայելչությամբ, կրկնակի կսկիծ պատճառվի ծույլերին ու հեղգերին, քանի որ ինչպես որ նրանց ընթացքն էր զանազան, այդպես էլ զանազան են լինելու նրանց դրվատանքն ու փառքը: Բայց եթե մեկը հարցնի, թե այս [գովեստը] նախորդից ինչով է տարբերվում, քանի որ ինչպես առաջինին [Տերն] ասաց, թե նա սակավի [մեջ էր հավատարիմ], այդպես էլ` սրան, և ինչ խոսքով որ նրան պսակեց, նույնով էլ` սրան, կպատասխանենք, որ թեպետ նրանց գործերը [միմյանց համեմատ] առավել կամ պակաս էին, ուստի նաև` փառքը, սակայն շնորհը նույնն էր, քանի որ հավասարապես աճեցրին, և [Տերն] առաջինին ըստ նրա՛ չափի, սրան էլ ըստ սրա՛ արժանիքի պատվեց: Իսկ որ երկուսի այս կյանքն էլ «սակավ» կոչեց, հանդերձյալի շնորհի և փառքի հետ համեմատությա՛մբ [այդպես ասաց]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իր տէրը նրան ասաց.«Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:14