Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:33

Հովհաննես Ծործորեցի

Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին:

 

    Եվ կբաժանի նրանց միմյանցից, ինչպես մի հովիվ, ով բաժանում է ոչխարներին այծերից: Եվ կկանգնեցնի ոչխարներն Իր աջ կողմում, իսկ այծերը` ձախում:

    Այստեղ [Տերը] սովորեցնում է դատավարության կերպը. թե պետք է դատախազներին բաժանել միմյանցից, ինչպես արեց Դանիելը 1415, [ում անունը] «Աստծո դատաստան» է նշանակում, և ապա՛ քննել: «Բաժանել»-ը նշանակում է [բաժանել] Նրա հրամանի սրով, քանի որ Աստծո խոսքն ամեն երկսայրի սրից էլ սուր ու հատու է: Այժմ չի բաժանել, այլ բոլորը խառն են շրջում, շատ ոչխարներ այծ են կարծվում, և այծեր` ոչխար, բայց այն ժամանակ ստույգ բաժանում է կատարվելու, որովհետև ժողովվելուց հետո է բաժանումը լինելու, բայց այժմ տակավին չենք ժողովվել, ուստիև չենք բաժանված: «Ինչպես մի հովիվ»,- ասում է. [Տերը] զանազան գործերի պատճառով զանազան անուններ է ընդունում. «փեսա»` կույսերի հետ միության պատճառով, «թագավոր»` դատաստանի իշխանության, այժմ էլ «հովիվ»` նախախնամությամբ արածեցնելու և հոտն ընտրելու պատճառով, ինչպես նաև դյուրության, որովհետև առանց ջանք թափելու է յուրաքանչյուրը ճանաչվելու` բաժանման համար: Իսկ «մի» է ասվում` նախ` ընդդեմ նեստորականների, ովքեր [Քրիստոսին] երկու որդու բաժանեցին, և ապա` որովհետև միևնույն հովիվն է թե՛ սկզբում վերին գավթում հավաքողը, թե՛ այժմ բաժանողն ու հարցաքննողը:

    «Եվ կկանգնեցնի ոչխարներն Իր աջ կողմում, իսկ այծերը` ձախում»:

    Տեղը նշելով` նաև դատավճիռն է ցույց տալիս, որովհետև ոչխարներն աջ կողմում կկարգվեն իրենց մեծ պիտանիության պատճառով, քանի որ տվեցին բուրդ, կաթ ու ծնունդներ, այլև հեզ ու անմեղ էին, այդ պատճառով էլ [Հովիվը նրանց կկարգի] ոչ թե պարզապես աջ կողմում, այլ «Ի՛ր» [աջ կողմում]: Իսկ այծերը սևության ու անպտղության 1416, ինչպես նաև թափառասիրության պատճառով կկարգվեն ոչ միայն ձախ կողմում, այլև Նրանից հեռու, քանի որ չասաց. «Ի՛ր ձախ կողմում»: Այլ կերպ ևս [կարելի է մեկնել]. [ոչխարներն] աջակողմյան դասին արժանացան Նրա՛ զորությամբ, և Նա բոլորին էր կամենում [դրան արժանացնել], սակայն [այծերն] իրենց անձնիշխանությա՛մբ խոտորվեցին դեպի ձախ:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:31