Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:34

Հովհաննես Ծործորեցի

Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը.
   

   Այդ ժամանակ Թագավորը կասի աջ կողմում գտնվողներին. «Եկե՛ք, Իմ Հո՛ր օրհնածներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը:

   [Տերն այստեղ Իրեն] նաև «թագավոր» է կոչում դատավճիռ կայացնելու պատճառով: Այլև հայտնում է թե` որ անասունների հետ համեմատեցի, մի՛ կարծեք, թե բնությամբ է անպտղությունը նրանց մեջ, ինչպես անասունների պարագայում: Սա երևում է այս պատվական կոչումից. որովհետև ինչպես որ Ինքն է իշխան, այդպես էլ դուք, ուստի դուք պսակվում եք, իսկ մյուսները` պատժվում: «Եկե՛ք,- ասում է,- Իմ Հո՛ր օրհնածներ». այսինքն` [եկեք]` ազատվելով մեծ վշտերից ու անիրավություններից, զրկանքներից ու հայհոյիչ շուրթերից, այլև խստամբեր աշխատանքից և հոգևոր ու մարմնավոր պատերազմողների վտանգներից, որպես նավ` եկե՛ք` [ազատվելով] ալեկոծություններից, ու հանգստացե՛ք անքույթ ու խաղաղ նավահանգստում: Ասում է.

   «Իմ Հոր օրհնածներ»,

   որը երկու կերպ է հասկացվում: Կամ Հոր հայտնությամբ վայելե՛ք այս շնորհը, քանի որ «օրհնած»-ը «հայտնած» է նշանակում, կամ ժառանգեք Հոր օրհնությունը, որը հաստատում է որդիների տները, և որին` այս մեծ շնորհին, զուգապատիվ բարիք չկա, որովհետև ամբողջովին բարություն ու անպատմելի երանություն է: «Ժառանգե՛ք» և ոչ թե «ստացեք» է ասում. ժառանգեք որպես ձեր հայրական սեփականությունը. բայց ի՞նչը. «աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը»: Նախքան ձեր գոյություն ստանալը, ասում է, Հայրը գիտեր, որ այդպիսին էիք լինելու, ուստի նախօրոք է պատրաստել ձեր հանգիստը, և Աստծո փառքը ոչ միայն ձեր գոյությանն է նախորդում, այլև աշխարհի ստեղծմանը` ըստ առաքյալի. «Մեզ ընտրեց նախքան աշխարհի լինելը» (հմմտ. Եփես. 1:4), Դավիթն էլ երգում է. «Նախքան լեռների ստեղծվելը, [այդ ժամանակվանից] Դու ես մեր ապավենը» (հմմտ. Սաղմ. 89:8): Իսկ եթե մեկը հարցնի. «Ի՞նչ վաստակի դիմաց», [Տերը] պատասխանում է.
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը.
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:31