Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:37

Հովհաննես Ծործորեցի

37-39. Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք. ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք. ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի»:

 

   Այդ ժամանակ արդարները Նրան կպատասխանեն` ասելով. «Տե՛ր, ե՞րբ տեսանք Քեզ քաղցած և կերակրեցինք, կամ ծարավ` և ջուր տվեցինք: Ե՞րբ Քեզ իբրև օտարական տեսանք և հարկի տակ առանք, կամ մերկ` և հագցրինք: Ե՞րբ տեսանք Քեզ հիվանդ կամ բանտում և եկանք Քեզ մոտ»:

   Սա ըստ երկու եղանակի ենք հասկանում ասված. կամ ասաց նախ` քաղցեցի, և Ինձ կերակրեցիք, այժմ արդարները պատասխանում են` հրաժարվելով ասվածից թե` «Ե՞րբ տեսանք Քեզ քաղցած», որովհետև Դու բնությամբ անկարոտ ես և կարոտյալներին հագեցնող` ժամանակին կերակրելով յուրաքանչյուրին 1422, և ինչպե՞ս ես ծարավում, որ իմաստության ու ամեն գիտության աղբյուրն ես, ինչպե՞ս ես օտարական, որ ընտանի ես արարածներին տարբեր տեսակ խնամքներով, այնքան, որ անգամ անասուններին քարոզվեցիր: Կամ ինչպե՞ս ես մերկ, որ լույսն ես իբրև զգեստ հագել 1423` բնակվելով միշտ դրա մեջ և անմատչելի լինելով բոլորին 1424, այլև եղար մկրտությամբ լուսավորվածների զգեստը 1425: Եվ ինչպե՞ս ես հիվանդ կամ բանտում, որ հիվանդությունները խափանող ես և բոլոր կապվածների ազատիչ, և այն էլ մահապարտների որդիներին կամ էլ կարկամությամբ բռնվածներին, էլ չեմ խոսում սրբերի մասին, քանի որ մեկը բանտից էր խնդրում ելնել, մյուսը` կապանքներից ազատվել. խոսում եմ Դավթի և ծերունի Սիմեոնի մասին 1426: Ուստի Դու, այս պիսիներիս արարիչը լինելով, ինչպե՞ս սրանց կարիքն ունեցար` [խնդրելով] մեզնից:

   Կամ էլ սրբերի պատասխանները մեզ ցույց են տալիս, որ այժմ շատ բաների ենք անտեղյակ և թեպետ խնդրում ենք ուսանել, չենք կարող` կամ մեր տկարության պատճառով, կամ դրանց անհասության: Եվ եթե նույնիսկ սովորում ենք, սակայն մասնակի և ո՛չ ամբողջապես: Իսկ երբ գրքերը բացվեն, բազմաթիվ իմաստությունների հետ սրան էլ հասու կլինենք, այսինքն` օրենքի գործերին, որոնք թեպետ մեր կողմից են կատարվում և ասում ենք, թե Աստծո փառքի համար են, բայց թե [իրականում] ում համար են, դա չգիտենք: Եվ թեև մենք մի փոքր նշմարում ենք, շատերը բնավ գիտություն չունեն, որովհետև մեկը կարծում է, թե որպես հատուցում [ենք իմանալու], ոմանք կարծում են, թե [այդ գործերը] փառքի համար են եղել, բայց այնտե՛ղ բացերևակի կհայտնվի 1247, ինչպես ասում է [Տերը].
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք.
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:31