Ա. Լոպուխին
17-22. Իսահակն այդտեղից գնաց և իր վրանները գերարացիների ձորում խփեց ու բնակվեց այնտեղ: [17] Իսահակը դարձյալ բացեց այն ջրհորները, որ փորել էին նրա հոր՝ Աբրահամի ծառաները, և որոնք Աբրահամի մահից հետո խցանել էին փղշտացիները, և այդ ջրհորները կոչեց այն անուններով, որ անվանել էր իր հայր Աբրահամը: Իսահակի ծառաները գերարացիների ձորում փորեցին և ըմպելի ջրի ջրհոր գտան: Բայց գերարացի հովիվները կռվեցին Իսահակի հովիվների հետ՝ ասելով. «Ջուրը մերն է»: Եվ նա ջրհորը կոչեց Էսեք, քանի որ դրա համար կռվեցին: Իսահակը գնաց այդտեղից ու մեկ այլ ջրհոր փորեց: Սրա համար էլ վիճեցին, և Իսահակն այն կոչեց Սիտնահ: Այնտեղից էլ գնաց ու մեկ այլ ջրհոր ևս փորեց: Դրա շուրջ վեճ չծագեց, և այդ պատճառով այն կոչեց Ռխոբոթ՝ ասելով. «Տերը մեզ տվեց ընդարձակ տարածք, և մենք կբազմանանք երկրի վրա»: (Սինոդական թարգ․)
Հեզաբարո Իսահակը զիջում է բռնությանը և լքում Աբիմելեքի տարածքը (հմմտ. 26։8) և բնակություն հաստատում Գերարայի մոտակայքում։ Սակայն ջրի համար բախումները շարունակվում են, և Իսահակը նորից է զիջում փղշտացիներին: Իսահակն իրենից խլված ջրհորների վրա իր իրավունքը և դրանց նկատմամբ հավակնությունների անօրինականությունը հավերժացնում է ջրհորների անվանումների մեջ՝ «Էսեք» (վեճ, վիճաբանություն)՝ ըստ Յոթանասնիցի (քանի որ «էշեք» են ընթերցել), ἀδικία՝ սլավ. վիրավորանք, Ծննդ. 26։20, և «սիտնահ» (դաժան, սատանայական թշնամություն), ըստ Յոթանասնիցի՝ τἐχυρία, իսկ Ակյուղասի մոտ՝ ἀντικειμένη, Ծննդ. 26։21։ Սակայն դրանից հետո Աստված հեզաբարո Իսահակին ազատում է թշնամիներից, և նա ջրհորը կոչում է «Ռխոբոթ» (ընդարձակ վայր), Յոթանասնիցում՝ Εὐρυχωρία: Այս վեճերի ժամանակ Իսահակը, հավանաբար, շատ անգամ էր փոխել իր բնակության վայրն ու կացարանը (ուստի իմաստավորված է Յոթանասնիցի հավելումը Ծննդ. 36։21–ում. «Իսահակը գնաց այդտեղից»)։ Վերջին երկու ջրհորների անունների վերաբերյալ ակնարկ կարելի է տեսնել Գազայից հյուսիս արևելք գտնվող «Կատակ» և «Ավերակ» (Schutein և Ruhaibeh) ջրհորների անվանումներում։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Իսահակն այդտեղից գնաց ու վրան խփեց գերարացիների ձորում: Նա բնակուեց այնտեղ:
(Արարատ թարգ․) Եվ Իսահակը հեռացավ այդտեղից, իր վրանները խփեց Գերարի ձորում ու բնակվեց այնտեղ:
(Գրաբար) Եւ գնաց անտի Իսահակ, եւ բնակեցաւ ի ձորն Գերերացւոց. եւ անդ բնակեաց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: