Ծննդոց գրքի մեկնություն 26:7

Ա. Լոպուխին

7-11. Երբ տեղացիները հարցրին նրա կնոջ՝ Ռեբեկայի մասին, ասաց. «Իմ քույրն է», որովհետև վախեցավ ասել՝ «Իմ կինն է»: Միգուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին նրան, քանի որ Ռեբեկան գեղեցիկ էր: [7] Նա այնտեղ մնաց երկար ժամանակ: Երբ մի անգամ փղշտացիների արքա Աբիմելեքը պատուհանից տեսավ, թե ինչպես է Իսահակը փաղաքշում Ռեբեկային՝ իր կնոջը, կանչեց Իսահակին և նրան ասաց. «Ուրեմն քո կինն է: Ինչո՞ւ ասացիր՝ «Իմ քույրն է»: Իսահակը նրան ասաց. «Մտածեցի, թե գուցե նրա պատճառով ինձ սպանեն»: Աբիմելեքը նրան ասաց. «Ինչո՞ւ մեզ հետ այդպես վարվեցիր, քիչ էր մնացել իմ ազգակիցներից  մեկը քներ քո կնոջ հետ, և մենք անգիտությամբ մեղքի մեջ ընկնեինք»: Եվ Աբիմելեքը հրաման արձակեց իր ողջ ժողովրդին՝ ասելով. «Բոլոր նրանք, ովքեր կդիպչեն այդ մարդուն կամ նրա կնոջը, մահվան կդատապարտվեն»: (Սինոդական թարգ․)
   
   Յոթանասնից թարգմանության մեջ՝ նա գերարացիների արքան է (որոշ բնագրերում՝ փղշտացիների), սլավոներենում՝ գերարացիների, ռուսերենում, եբրայերենում՝ փղշտացիների, Վուլգաթայում՝ Պաղեստինի։ Այս միջադեպը նման է Աբրահամի և Սառայի հետ Եգիպտոսում (Ծննդ. 12:13–20) և Գերարայում (Ծննդ. 20:2–18) տեղի ունեցած երկակի միջադեպին, բայց տարբերվում է մի քանի մանրամասնություններով։ Իսահակի փոքրոգությունը ավելի քիչ է ներելի, քան Աբրահամինը, քանի որ նա, ըստ երևույթին, ավելի քիչ վտանգի էր ենթարկվել, քան Աբրահամը։ Իսահակի և Ռեբեկայի ամուսնական հարաբերությունները բացահայտվում են ոչ թե աստվածային հայտնությամբ (ինչպես Աբրահամի դեպքում), այլ պատահաբար՝ Իսահակի՝ կնոջ հետ սիրալիր վերաբերմունքից (դա էր նշանակում նրա «փաղաքշելը», Ծննդ. 26:8)։ Աբիմելեքը Ռեբեկային իր տուն չի տանում: Փարավոնը ու հետագայում նաև փղշտացիների արքան նույն կերպ վարվեցին Սառայի հետ: Աբիմելեքը միայն զգուշանում է հնարավոր հանցանքի՝ «աշամ»–ի  (Ծննդ 26:10–11, հմմտ. 20:9) համար, որ կարող էր իր ժողովրդից որևէ մեկը գործել նրա հանդեպ (Կուրտցն ու Դելիչն այստեղ  վկայում են Աբիմելեքի զառամյալ լինելու մասին)։ Համենայն դեպս, Գերարայի բնակիչների հիշողության մեջ դեռ թարմ էր Աբրահամի օրոք արքային և ժողովրդին տրված սարսափելի խրատը։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Տեղի մարդիկ հարցրին նրա կին Ռեբեկայի մասին, եւ նա ասաց. «Իմ քոյրն է»: Նա վախեցաւ ասել «Իմ կինն է». գուցէ Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանէին իրեն, որովհետեւ Ռեբեկան դէմքով գեղեցիկ էր:
(Արարատ թարգ․) Եվ տեղի մարդիկ հարցրեցին նրան իր կնոջ մասին, և նա ասաց, թե իմ քույրն է, որովհետև զգուշացավ ասել, թե իմ կինն է: Մտածեց՝ գուցե այստեղի մարդիկ իրեն կսպանեն Ռեբեկայի պատճառով, որովհետև նա տեսքով գեղեցիկ կին էր:
(Գրաբար) Եւ հարցին արք տեղւոյն։ զՌեբեկայ կնոջէ նորա. եւ ասէ` Քոյր իմ է, քանզի երկեաւ ասել թէ կին իմ է. թէ գուցէ սպանանիցեն զնա արք տեղւոյն վասն Ռեբեկայ. զի գեղեցիկ էր երեսաւք: