Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:75

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի խօսքը, որ նա ասել էր, թէ՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս: Եւ դուրս ելնելով՝ դառնապէս լաց եղաւ:

 

    Եվ իսկույն աքաղաղը կանչեց: Եվ Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքը, որ ասել էր. «Աքաղաղը դեռ չկանչած` երիցս կուրանաս Ինձ»

    Նախքան աքաղաղի մի անգամ կանչելը` երիցս ուրացավ` ըստ Մատթեոսի խոսքի. «Աքաղաղը դեռ չկանչած` երիցս կուրանաս Ինձ»: Իսկ որ Մարկոսն ասում է, թե երբ [Պետրոսը] մի անգամ ուրացավ, աքաղաղն այդ ժամանակ կանչեց, և երբ երկրորդ ու երրորդ անգամ [ուրացավ], աքաղաղն էլ կրկնեց 1548, չի հակասում [Մատթեոսի ասածին], այլ հույժ համաձայն է, որովհետև աքաղաղը մի ժամում սովոր է երկիցս, երիցս և շատ անգամ կանչել: Ուստի Մարկոսն այն է հայտնում, որ աքաղաղի ձայնն անգամ չկասեցրեց նրան և հիշողությունը չթարմացրեց, որովհետև ինքնուրույն չսթափվեց, աքաղաղի ձայնից էլ վեր չթռավ, մինչև Հիսուսը չնայեց նրան` ըստ Ղուկասի 1549 , և դա եղավ խոսքի փոխարեն: Որովհետև [Պետրոսի] միտքն ապուշացել էր և զորացավ, երբ Տերը նայեց Պետրոսին, և [վերջինս] հիշեց Հիսուսի խոսքը` «Աքաղաղը չեռ չկանչած` երիցս կուրանաս Ինձ»: Կամ էլ այդ խոսքը կարելի է այսպես շարադրել.«Աքաղաղը դեռ չկանչած երիցս` կուրանաս Ինձ», այսինքն` երբ աքաղաղը կանչելն ավարտի, կավարտվի նաև քո ուրանալը. սրանով Մատթեոսն էլ, Մարկոսն էլ ճիշտ են լինում:

    Եվ դուրս գալով` դառնապես լաց եղավ:

    Քանի որ բացահայտ չէր համարձակվում լաց լինել, թեպետ Տերը հուշեց նրան նրա հանցանքը, սակայն քանի որ ամբաստանություն կլիներ նրա արտասվելու պատճառով, դուրս եկավ և լաց եղավ դառնապես, այսինքն` հեծեծանքով ու հոգոց հանելով: Որովհետև երբ տրտմությունից սիրտը փղձկում է, սովորաբար քաղիրթի բերանին մաղձ է կաթում և դառնացնում ստամոքսն ու քիմքը: Կամ էլ, ինչպես ոմանք ասում են, [Պետրոսը] լաց եղավ, մինչև արտասուքն արյան փոխարկվեց, ինչպես Հիսուսի քրտինքը: Եվ բնավ զարմանալի չէ, որովհետև ինչպես հեշտալից ցանկությամբ տանջվելու ժամանակ, երբ վավաշ ցանկության կիրքը շատանում է և սերմնահյութը` պակասում, արյուն են արտադրում, ինչպես ասում են, այդպես էլ` հակառակը. երբ անչափ տրտմությամբ մեկը ճնշում է մարմինը արտասուք թափելու, և ջուրը պակասում է, արյուն է կաթում: Սրա համար օրինակ ունենք սովորական իրողություններից. երբ պարզված գինին տիկից կամ կարասից թափվում է, և հստակ մասը պակասում է, այնուհետև պղտորն է հոսում:

    Նաև` առաքյալների գլուխը չարչարվեց ու փորձվեց, որպեսզի իր չափը ճանաչեր, ուրիշներին գթար և դառնար վիրավորների բժիշկ: Եվ եթե պատահի, որ հանցավորներն ամաչեն ապաշխարել, հանցավոր Շմավոնի միջոցով թող քաջալերվեն գալու Նրա մոտ, Ով վեր է հանցանքից. քանզի [Շմավոն Պետրոսը] գիշերն ուրացավ, ցերեկը խոստովանեց: Ուրացավ` երկիրն է վկայում, և խոստովանեց` ծովն ու ցամաքը: Որովհետև ուրացավ նրա լեզուն և խոստովանեց դարձյալ, [Պետրոսն] իրեն լծի տակ մտցրեց, ուսն այն խաչին հարեց ու մաքրվեց, և սիրո երեք հարցով 1550 երեք ուրացումները բժշկեց:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի խօսքը, որ նա ասել էր, թէ՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս: Եւ դուրս ելնելով՝ դառնապէս լաց եղաւ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:71