Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 2:7

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Այդ ժամանակ Հերովդեսը, գաղտնի կանչելով մոգերին, նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը»։
   

    Հերովդեսն այդ ճշտումը կատարում էր` մտադրություն ունենալով սպանել նորածին Մանկանը: Սա վկայվում էր ոչ միայն Հերովդեսին բորբոքած զայրույթով, այլ նաև` նրա ծայրահեղ խելագարությամբ։ Թե՛ այն, ինչ ասվել էր իրեն, և թե՛ տեղի ունեցած իրադարձություններն ինքնին կարող էին Հերովդեսին հետ պահել ցանկացած նմանօրինակ մտադրությունից։ Բանն այն է, որ այս կարևորագույն իրադարձությունները տեղի չէին ունեցել մարդկային գործերին հատուկ եղանակով։ Աստղը «կանչում» է մոգերին, այդ օտարազգի մարդիկ այդքան երկար ճամփորդության են մեկնում, որպեսզի երկրպագեն բարուրով փաթաթված և մսուրի մեջ խանձարուրված Մանկանը, Որի մասին մարգարեները դեռ հնուց ի վեր կանխասացություններ էին հռչակել։ Այս բոլոր իրադարձություններն ավելին էին, քան մարդկային գործերի բնականոն ընթացքը։ Այդուամենայնիվ, սակայն, ոչինչ ի զորու չեղավ կանգնեցնել Հերովդեսին։
    Չարությունն ինքնին այդպիսինն. այն ինքն իրեն է վնասում և միշտ նախաձեռնում է գործել անհնարինը։ Տե´ս, թե ինչպիսի անմտություն է ձեռնարկում Հերովդեսը: Եթե նա հավատում էր մարգարեությանը և դրա իրականացումն անխուսափելի էր համարում, ապա, ակնհայտորեն, գիտակցաբար ծրագրում էր գործել անհնարինը։ Եվ եթե Հերովդեսն իրականում չէր հավատում մարգարեությանը և չէր կարծում, որ այդ կանխասացությունն իրականանալու է, ապա այդ դեպքում էլ վախենալու և սարսափելու առիթ չպետք է ունենար, ու հետևաբար նաև` դավադրության դիմելու կարիք չպիտի տեսներ։ Այնպես որ, երկու դեպքում էլ Հերովդեսի այս «խորամանկությունն» ավելորդ էր։
    Իսկ այն, որ Հերովդեսը կարծում էր, թե մոգերը պիտի նախընտրեին կատարել իր կամքը, քան թե` «ընտրել» Նորածնին հետևելու ճանապարհը, Ում համար այդքան երկար ճանապարհ էին անցել, արդեն իսկ այդ մտածո´ւմն իրենից մի ծայրահեղ խելագարություն էր ենթադրում։ Եթե մոգերը նախքան Մանկանը տեսնելն էին բոցավառվում Նրա հանդեպ այդքան ուժգին սիրով, ապա ուրեմն Հերովդեսն ինչպե՞ս կարող էր հույս ունենալ, որ այդ նույն մոգերը կհամաձայնեին իրեն հանձնել Մանկանը` Նրան տեսնելուց և մարգարեության հանդեպ հավատքով լցվելուց հետո:
    Եվ, այսուամենայնիվ, չնայած այս բոլոր հանգամանքներին, որոնք Հերովդեսին պետք է շեղեին իր մտադրությունից, նա չի դադարում խորհել հիշյալ մտածումն իրականացնելու մասին. «Այդ ժամանակ Հերովդեսը, գաղտնի կանչելով մոգերին, նրանցից ճշտեց»։ Հերովդեսը կարծում էր, որ հրեաները մեծապես պետք է կարևորեին նորածին Մանկանը: Հերովդեսի մտքով անգամ չէր անցնում, որ տարիներ անց հրեաները կատաղության այնպիսի աստիճանի կհասնեին, որ կհամաձայնեին իրենց թշնամիների ձեռքը մատնել այդ Մանկանը, Որն իրենց իսկ (հրեաների) Բարեխոսն ու Փրկիչն էր և Որը եկել էր իրենց ազատագրելու: Ահա թե ինչու Հերովդեսը գաղտնի կանչում է մոգերին և նրանից ճշտում է, սակայն, ո´չ թե Մանկան Ծննդյան, այլ` աստղի հայտնվելո´ւ ժամանակը` կամենալով խորամանկությամբ «որսալ» իր ավարը:
    Ես այնպես եմ կարծում, որ աստղը հայտնվել է շատ ավելի վաղ, քան եղել է Ծնունդը, քանի որ մինչև նոր ծնված Մանկանը առերեսվելը մոգերը պետք է երկար ժամանակ անցկացնեին իրենց ճանապարհորդության վրա: Եվ, բացի դա, Քրիստոս մոգերի երկրպագությանը պետք է արժանանար հենց բարուրով խանձարուրված վիճակում, որպեսզի տեղի ունեցած իրադարձությունը հռչակվեր որպես հրաշք, որպես արտասովոր մի երևույթ: Ահա թե ինչու է աստղը հայտնվում Քրիստոսի Ծնունդից շատ ավելի վաղ։ Եթե այդ աստղը մոգերին հայտնվեր արևելքում ա´յն ժամանակ, երբ Քրիստոս արդեն իսկ ծնվել էր Պաղեստինում, ապա, իրենց ճանապարհորդության վրա երկար ժամանակ ծախսելով, մոգերն այլևս չէին կարողանա ժամանելուն պես Մանկանը տեսնել բարուրով խանձարուրված վիճակում:
    Զարմանալի չէ այն, որ Հերովդեսը սպանում է երկու տարեկան և դրանից ցածր երեխաներին: Հերովդեսի կատաղությունն ու սարսափն այստեղ նրան «ստիպեցին» իր հաջողությունը հաստատապես ապահովելու համար երեխաների տարիքի հաշվման ավելի մեծ ժամանակ դիտարկել, որպեսզի ոչ ոք չխուսափեր պատժից:
    Մինչդեռ մոգերը, առաջնորդվելով իրենց խորին բարեպաշտությամբ, չնկատեցին Հերովդեսի այդ արարքի մեջ թաքնված մտադրությունը, քանի որ իրենք` մոգերը, բնավ չէին պատկերացնի, որ Հերովդեսը կդիմեր այդ աստիճան չարագործության և այդպիսի դավադրություն կծրագրեր` փորձելով խոչընդոտել աստվածային այդ հրաշալի տնօրինությանը։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

7-8․ Այն ժամանակ Հերովդէսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստուգեց աստղի երեւալու ժամանակը: Եւ նրանց Բեթղեհէմ ուղարկելով՝ ասաց. «Գնացէ՛ք ստոյգ իմացէք մանկան մասին եւ երբ գտնէք, տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»:

   

    Այդ ժամանակ Հերովդեսը գաղտնի կանչեց մոգերին և նրանցից ճշտեց աստղի երևման ժամանակը: Ապա ուղարկեց նրանց՝ ասելով. «Գնացեք ստուգե՛ք Մանկան մասին և երբ գտնեք, լո՛ւր տվեք ինձ, որ ես էլ գամ երկրպագեմ Նրան»: Այն պատճառով գաղտնի կանչեց, որ կարծում էր, թե հրեաները կխնայեն Մանկանը և մոգերին կհայտնեն Նրա վերաբերյալ իր նենգ [մտադրության] մասին, և չգիտեր, որ իրենց ժողովրդի Փրկչին և Ազատչին [հրեաները] մատնելու էին թշնամիների ձեռքը: Մոգերից ճշտեց, ասում է [ավետարանիչը], ոչ թե Մանկան ծնվելու ժամանակը, որպեսզի չկարծեին, թե [Հերովդեսը] վնասել է կամենում, այլ աստղի երևման, որպեսզի առանց կասկածի պատասխանեին, որովհետև [Հերովդեսը] մեծ հնարներով որսացանց էր գցում՝ Մանկանը բռնելու համար, ինչը մեծ անմտության գործ էր: Որովհետև եթե հավատում էր, որ մարգարեությունն անշրջելի է, ինչը նաև իրականանալիս էր տեսնում աստղով և երկրպագության համար այլազգիների գալստյամբ, ապա պիտի հասկանար, որ անհնարին գործ է հանդգնում կատարել և [իզուր] ընդդիմանում: Իսկ եթե չէր հավատում ու սպասում ասվածների իրականություն դառնալուն, էլ ինչո՞ւ էր ընդհանրապես վախենում: Բայց երևում է՝ [մոգերն] անմեղությամբ հայտնեցին խորամանկին աստղի երևման ժամանակը, ինչպես [ասում է] ավետարանիչը, թե՝ «ճշտեց նրանցից»: Եվ ըստ [ժամանակի] այդ չափի էլ կոտորեց երկու տարեկան և ավելի փոքր մանուկներին, որովհետև [աստղը] վաղուց էր երևացել մոգերին 65, քանի որ կարողացել էին այդքան վայրեր կտրել-անցնել և գալ ու Մանկանը երկրպագել, երբ դեռևս խանձարուրների մեջ էր:

   Եվ նրանց ուղարկեց Բեթղեհեմ: Երբ օրենսգետներից լսեց մարգարեի այն խոսքը, որ [Քրիստոսը] Բեթղեհեմում էր ծնվելու, մոգերին այնտեղ ուղարկեց՝ ջանալով մոլորեցնել նրանց ազնիվ միտքն իր այս խոսքով. «Երբ գտնեք, լո՛ւր տվեք ինձ, որ ես էլ գամ երկրպագեմ Նրան»: Տե՛ս նրա անմտությունը. եթե ասածդ ճիշտ է, ինչո՞ւ ես գաղտնի կանչում, իսկ եթե նենգել ես կամենում, ինչպե՞ս չես հասկանում, որ գաղտնի հարցնելուցդ կհասկանան քո նենգությունն ու չեն մատնի Մանկանը [Նրան] տեսնելուց և [Նրա Փրկիչ լինելու մեջ] մարգարեությամբ համոզվելուց հետո: Սակայն չարով բռնված հոգիները միտքն էլ են կորցնում, այլապես ինչպե՞ս կվստահեր մոգերին, թե [Մանկան տեղը] կհայտնեն իրեն, և [նրանց] հետևից չէր ուղարկի իր մարդկանցից մեկին՝ տեսնելու, թե արդյոք մանո՞ւկ է նա, ում երկրպագելու են, որպեսզի իմանալով՝ հեշտությամբ որսար Նրան՝ կորստյան մատնելու համար: Բայց այս ամենն Աստծո գործն էր, Ով ապուշացրեց [Հերովդեսի] միտքը, որպեսզի նա իր չար ցանկությունը չիրագործի:
   Եվ [Հերովդեսը] չասաց. «Ստուգեք այն, ինչ ասացիք թագավորի մասին», այլ՝ «մանկա՛ն մասին», որովհետև «թագավոր» բառով չէր կամենում կոչել Նրան: Իսկ մոգերը, Հերովդեսի այդպիսի կեղծավորությանն անտեղյակ, չմտածեցին, թե նա նման նենգ մտադրություն ունի, և գնացին՝ միայն իրենց նպատակին ուշադրություն դարձնելով:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Այդ ժամանակ Հերովդեսը, գաղտնի կանչելով մոգերին, նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը»։ (Սինոդական թարգ․)[7]
   
   Հերովդեսը հույս չուներ, որ մոգերն իրեն ճշգրիտ որևէ տեղեկություն կհաղորդեին Թագավորի մասին, սակայն նա ճշգրտորեն կարող էր մոգերից տեղեկանալ աստղի հայտնվելու ժամանակի´ մասին: Աստղի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունը Հերովդեսին կարող էր օգնել` կողմնորոշվելու իր համար այդքան մութ թվացող այս խնդրի լուծման ճանապարհին և որոշելու, թե այդուհետ ինչպես պետք էր գործել, քանի որ աստղի հայտնվելու ժամանակը, ըստ Հերովդեսի կարծիքի (որը նաև մոգերի համոզումն էր) համընկել էր նոր Թագավորի Ծննդյան ժամանակի հետ:
   «Աստղի երևալու» բառերը հունարենից կարելի է նաև այլ կերպ թարգմանել. «Հայտնվող աստղի ժամանակը»: «Աստղի հայտնվելու ժամանակը» թարգմանությունը համարվում է ոչ ճշգրիտ։ Որոշ մեկնիչներ կարծում են, որ արդեն իսկ այդ պահից սկսյալ Հերովդեսի մեջ կասկած առաջացավ այն հարցում, որ հնարավոր է` մոգերն այլևս չվերադառնան իր մոտ, ուստի և նա մոգերից տեղեկացավ աստղի հայտնվելու ժամանակի մասին, որպեսզի ի վիճակի լիներ նույնիսկ առանց մոգերի հետագա օգնության լուծելու իր խնդիրը:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այն ժամանակ Հերովդէսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստուգեց աստղի երեւալու ժամանակը։

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:1
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ Հերովդէսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստուգեց աստղի երեւալու ժամանակը:
(Արարատ թարգ․) Այդ ժամանակ Հերովդեսը, գաղտնի կանչելով մոգերին, նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը։
(Գրաբար) Յայնժամ Հերովդէս գա՛ղտ կոչեաց զմոգսն, եւ ստուգեա՛ց ի նոցանէ զժամանակն աստեղն երեւելոյ,