Ա. Լոպուխին
5-10. Ռեբեկան լսեց, որ Իսահակը խոսում էր իր որդու հետ: Եվ երբ Եսավը գնաց դաշտ՝ եղնիկ որսալու և բերելու, [5] Ռեբեկան իր որդուն՝ Հակոբին ասաց. «Ես լսեցի, թե ինչպե՛ս էր քո հայրը եղբորդ՝ Եսավին ասում. «Ինձ ո՛րս բեր և ինձ համար խորտիկնե՛ր պատրաստիր, որ ուտեմ և օրհնեմ քեզ Տիրոջ առաջ, քանի դեռ կենդանի եմ»: Արդ, որդյա՛կ իմ, լսի՛ր ինձ, թե ինչ եմ ասում քեզ: Գնա՛ և հոտի միջից երկու մատղաշ ու ընտիր ո՛ւլ բեր ինձ, որ դրանցով քո հոր համար նրա սիրած խորտիկները պատրաստեմ: Դու այն կմատուցես քո հորը, որ ուտի և մինչ մեռնելը քեզ օրհնի»: (Սինոդական թարգ․)
Ինչպես Իսահակի մտադրություններում, այնպես էլ, առավել ևս, Ռեբեկայի արարքներում նկատելի է մարդկային կամքի չափազանց մեծ դրսևորում: Այն հանգամանքը, որ Ռեբեկան հիշում էր Աստծո հայտնությունը, ըստ որի՝ «ավագը պիտի ծառայի կրտսերին» (Ծննդ. 25։23), պարզ է դարձնում, որ նա վստահ էր, որ իր գործը կհաջողվի, և մինչև իսկ պատրաստ էր անեծքի տակ ընկնելու (Ծննդ. 27։13)։ Սակայն դա չի օրինականացնում նրա արարքը, ինչպես նաև չի արդարացնում Հակոբի խաբելը և Եսավի անդրանկության վաճառելը։ Ե՛վ Ռեբեկան, և՛ Իսահակը ցույց տվեցին իրենց մոտ առկա ամուր հավատքի և կատարյալ բարոյականության պակասը։ Բնական հարց է ծագում Աստծո Նախախնամության և մարդկային անարդարության փոխհարաբերության վերաբերյալ, որին ի պատասխան կարելի է ասել, որ ամբողջությամբ արդար չէին նաև Հին կտակարանի ընտրյալները. բարոյական հասկացությունները, ինչպես և կրոնական հավատալիքները աստիճանաբար էին զարգանում նրանց գիտակցության մեջ։
Ծննդ. 27։5–ում ռուսերեն սինոդալում կիրառված «բերել»–ը եբրայերենի le–habi բայի թարգմանությունն է, իսկ սլավոներենում հետևելով հունարեն τῶ πατρὶ αὐτοῦ արտահայտությանը թարգմանվել է «իր հորը», քանի որ Յոթանասնիցում՝ «le–habi»–ին սխալմամբ ընթերցել էին «le–abiv»՝ «իր հորը»։
«Տիրոջ առաջ»…Այս բառերը Իսահակի խոսքում չկան, սակայն միանգամայն տեղին մտցված են Ռեբեկայի երկխոսության մեջ. Իսահակը հենց Յահվեի անունով էր ուզում օրհնել Եսավին (թեև օրհնեց Հակոբին) և Տիրոջ առաջ նրան փոխանցել Աբրահամի հոգևոր ժառանգությունը։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ռեբեկան լսեց այն, ինչ ասաց Իսահակն իր որդուն: Եսաւը գնաց դաշտ, որ որս անի իր հօր համար,
(Արարատ թարգ․) Եվ Ռեբեկան լսեց, թե ինչ ասաց Իսահակը Եսավին: Եվ Եսավը գնաց դաշտ՝ որսի:
(Գրաբար) Եւ լուաւ Ռեբեկա զի խաւսէր Իսահակ ընդ որդւոյ իւրում: Գնաց Եսաւ ի դաշտ որսալ որս հաւր իւրում:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: