Հովհաննես Ծործորեցի (†1338)
Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց:
Տե՛ս այդ կանանց առաքինությունն ու գութը, որ մինչև [Հիսուսի] մահվան ու թաղման ժամը չհեռացան Նրանից, որովհետև իսկապես ամեն տեղ առընթեր էին Նրան և ամեն ինչ տեսնում էին: Բայց ինչո՞ւ էին նստել գերեզմանի դիմաց. որովհետև Նրան վերաբերող մեծ ու բարձր [խորհուրդները] չէին հասկանում, ուստի յուղեր էին պատրաստել, որպեսզի երբ հրեաների մոլեգնումը հանդարտվեր, գնային լցնեին Նրա վրա: Որովհետև սա էր, որ ժամանակին [Հիսուսի] ոտքերն ու գլուխն օծեց 1641. այժմ էլ կամենում է ամբողջ մարմինն օծել, որպեսզի այդ երեք օծումների միջոցով մաքրվի հոգով, մարմնով ու մտքով: Իսկ մյուս Մարիամը, որ ասում է [ավետարանիչը], ոմանք համարում են, թե [սուրբ] Կույսն է, բայց ճիշտ չէ: Որովհետև թեպետ փշրված սրտով գտնվում էր խաչի մոտ, սակայն տրտմության, ինչպես նաև հրեաների մոլության պատճառով բնավ չգնաց գերեզման: Այլև եթե Մագդաղենացու մասին բացահայտ ասում է [ավետարանիչը], ինչո՞ւ Կույսի անունն էլ [չի տալիս] ու չի ասում, թե Հիսուսի մայրն էր. բայց նա չէր, այդ պատճառով էլ Մագդաղենացուց հետո է հիշատակում: Այստեղից հասկանում ենք, որ մյուս Մարիամը [Հիսուսի] մորաքույրն էր, ով Կղեովպասի դուստրն էր` Հակոբոսի ու Հովսեսի մայրը, Ալփեոսի կինը, ինչպես ասել ենք արդեն 1642:
Այլաբանորեն` նախասացյալ սպասավորների գործին մասնակցում են նաև որոշ մարիամանք, ովքեր հոգու և մարմնի զգայարաններով լուսավորված են և երկյուղով ծառայում են [Հիսուսին], կամ էլ, ըստ այլոց, դառնացած ծով են, որից չի խմում մեղքի ծարավ սատանան 1643:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց:
Գալիլիացի կանանց խումբը Գողգոթայի վրա, խաչյալներից հեռու կանգնած, դիտել էր Հիսուսի մահը (Մատթ. 27:55-56) և անշուշտ չէր կարողացել հեռանալ, երբ կատարվում էր նրա մարմնի թաղման գործողությունը։ Այս «կանայք, որ եկեալ էին ընդ նմա ի Գալիլէէ», Հիսուսի թաղման ժամանակ «երթային զհետ նորա», Գողգոթայի խաչելության տեղից մինչև Արեմաթացու պարտեզը հետևում էին թաղման թափորին, եթե այդպես ներելի է խոսել, և, առանց գործողություններին մասնակցելու, լոկ հանդիսատես էին թաղման կարգի կատարմանը, որովհետև, ըստ ավետարանչի գրածի, միայն «Տեսին զգերեզմանն, եւ որպէս եդաւ մարմինն նորա»։ Երևում է, թե գերեզմանի տեղն ու կարգադրությունները տեսնելուց հետո, առանց գործողությունների ավարտին սպասելու, ետ դարձան, որովհետև առաջին հոգսը եղավ Հիսուսի մարմինը խնկելու պատրաստությունները ձեռնարկել և, առանց ժամանակ վատնելու, նույն ուրբաթ երեկոյից «պատրաստեցին խունկս եւ իւղս»։
Այդ պատրաստությունների մասին հիշատակում են երեք ավետարանիչներն էլ և յուղաբեր կանանց հոգածության մասին տեղեկություններ են տալիս՝ պատմելով թե՛ ուրբաթ երեկոյան և թե՛ միաշաբաթվա առավոտյան արածները։ Իսկ Հովհաննեսը լռում է յուղաբեր կանանց այդ հոգածության մասին, դրա փոխարեն հիշատակում է Նիկոդեմոսի բերած հարյուր լիտր խունկը, որով ուրբաթ երեկոյից խնկվեց Հիսուսի մարմինը։ Հարյուր լիտր խունկը, որ մեր կշռով քսանհինգ օխայի հետ է համեմատվում, բավական քանակություն է և անհնար է, որ յուղաբեր կանայք տեսած չլինեին Նիկոդեմոսի պատրաստությունը։ Հետևաբար, պետք է ասել, որ ոչ թե պակասը լրացնելու և ոչ էլ թաղման արարողություններն ամբողջացնելու դիտավորությամբ էր յուղաբերների պատրաստությունը, այլ միայն գերեզմանին բարեպաշտական այցելություն անելն էր, ինչպես այլ տեղերում սովորություն էր մոմեր վառելով և խունկ ծխելով հանգուցյալի հիշատակը պատվել, այդպես էլ հրեական սովորություն էր նոր թաղվածների գերեզմանում, պատանյալ, այլ ոչ թե ծածկված մարմնի վրա յուղեր և խունկ դնելով հարգանք ընծայել։ Այդ արարողությունը ստիպողական չէր, շաբաթ օրն այդ նպատակով մինչև գերեզման գնալու անհրաժեշտությունը չկար, և այդ կանայք լավագույնը համարեցին հարգել օրինական հանգիստը․ «եւ ի շաբաթուն հանդարտեցին վասն պատուիրանին»։
Գողգոթայից քաղաք վերադարձող կանանց գլուխը Մարիամ Տիրամայրն էր, և Հովհաննեսը պարտավոր էր նրան առաջնորդել, չլքել նրան՝ համաձայն Հիսուսի հանձնարարության (Հովհ. 19:26-27)։ Սողոմեին էլ պետք չէ նրանցից առանձնացներ, որովհետև Հովհաննեսի կողմից մի անուղղակի պարտավորություն էլ իր վրա էր ընկնում, մնացած խումբն էլ հետևեց նրանց և վերադարձան Երուսաղեմ։ Իրենցից միայն երկուսը, ավելի ժիր ու գործունյաները, բոլոր աշխատանքներում առաջին դերն ստանձնողները, խմբի հետ չվերադարձան, մնացին մինչև ամեն ինչ ավարտվի, որ ամեն ինչ իմանան, բոլոր պարագաներին ծանոթ լինեն։ Այդ երկուսն են Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը՝ Հակոբի ու Հովսեփի մայրը, ում ավելի հաճախ անվանում ենք Մարիամ Կղեովպա։ Նրանք դեռևս մնացին, «տեսին զտեղին ու եդաւ», այսինքն՝ մինչև գերեզմանի ներքին մասի մեջ տեղադրելն էլ տեսան, գերեզմանի փակվելուց և թաղողների մեկնելուց հետո էլ դեռևս «նստէին հանդէպ գերեզմանին», կարծես չկարողանալով Հիսուսից բաժանվել։ Սակայն, ի վերջո, անհրաժեշտ էր իրենց ետ վերադառնալ, չէին գիշերելու գերեզմանի պահպանության համար, իսկ այն երկուսը, դեռ մութը չընկած վերադարձան Երուսաղեմ։
Արևը մայր մտավ և խոր լռություն տիրեց Գողգոթայի վրա, Գողգոթայի շուրջը և Գերեզմանի տեղում։ Դադարեցին մեծ ժխորն ու խառնակ եռուզեռը։ Մեծ Անօրինության հետ կատարվեց նաև Մեծ Տնօրինության մի խորհուրդ․ Հիսուս մեռավ՝ մարդ կենդանացավ, մարմին անշնչացավ՝ հոգին ներշնչվեց։ Որպես Մեծ Եղելության իրական նշանը՝ առանց մարմին թափուր խաչն էր կանգուն մնում Գողգոթայի գագաթին և լիալուսին գիշերվա մեջ սոսկալի, բայց և սխրալի մի տեսարան էր բացահայտում։ Ահեղ օրվա անխոս վկան էր այն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: