Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:66

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ նրանք գնացին գերեզմանի ապահովութեանը հոգ տանելու եւ վէմը կնքեցին՝ զինուորներ նշանակելով:

 

   Եվ նրանք գնացին, գերեզմանը պահպանեցին ու քարը կնքեցին զինվոր ների հետ:

    Իրենք գնացին ու պահպանեցին, որպեսզի հետո ոչինչ չկարողանային ասել. որովհետև իրենք մոտեցան, իրենք խնդրեցին, իրենք կնքեցին զինվորների խմբի հետ, որպեսզի իրենց իսկ անձերի ամբաստանիչն ու հանդիմանիչը դառնային և իրենց կամքին հակառակ` ճշմարտության վկա: Այս պատճառով էլ ավետարանիչն ասում է. «Նրա՛նք գնացին պահպանեցին»: Իսկ ինչպե՞ս պահպանեցին. ասում է` երկու բանով` կնքելով ու զինվորներով, որպեսզի ծածուկ գողացողներից կնիքը պահպաներ, իսկ բացահայտորեն վերցնողներից` զինվորները 1644: Կնքեցին քահանայապետի մատանիով, որն ուներ Է անփակ գիրը. Աստծո անունն էր դրոշմված մատանու ակի վրա. ասում են` այդ քարն այն առաջին տախտակներից էր, որոնք կոտրեց Մովսեսը 1645: Դրանով կնքեցին վեմ Քրիստոսին, այսինքն` վկայեցին, որ այդ Նա էր, որ երևաց Քորեբ լեռան վրա և ասաց. «Ես եմ, որ Է՛» (Ելք 3։14):

    Ոմանք ասում են, թե կնիքը կապարե էր, ուրիշներ էլ` թե թղթի վրա էր: [Տերը կնիքով] անկորուստ է պահում արարածներին` մեզ նորոգելով մեղքի հնությունից` առաջին կնիքը շնորհելով վերստին ծննդյան միջոցով: Կնքված քարի հետևից հարություն առնելով` մեր Տերը վկա դարձավ Իրեն կրած Կույսի որովայնի կնիքին, որովհետև ինչպես որ Կույսի կուսությունն էր կնքված, և կենդանի Որդին նրա միջից ելավ, այդպես էլ [գերեզմանի առաջ] դրված քարն էր կնքված, և Նա ելավ այդ գերեզմանից, որպեսզի ամեն տեղ լիներ անդրանիկը: Դրանով նաև մեզ կորզեց դժոխային կործանումից, որում ամրացել էինք մեղքի կնիքով, և բարձրացրեց դեպի Իր փառքը` նստեցնելով Աստծո աջ կողմում: Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից: Ամեն:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նրանք գնացին գերեզմանի ապահովութեանը հոգ տանելու եւ վէմը կնքեցին՝ զինուորներ նշանակելով:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 27:62