Ծննդոց գրքի մեկնություն 2:8

Սրբ. Եփրեմ Ասորի

Աստուած դրախտ տնկեց Եդեմում՝ արեւելեան կողմը, եւ այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն: 

 

Տե՛ս  Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 2:7

   

Ա. Լոպուխին

ԵՎ Աստված դրախտ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմը, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն: (Սինոդական թարգ․)[8]

   

   Արարելով առաջին մարդուն, Աստված նրան բախտի քմահաճույքին չթողեց, այլ նախախնամեց նրան: Ամենից առաջ դա արտահայտվում է նրանում, որ մարդուն Նա տեղավորեց երկրի վրա հատուկ պատրաստած, լավագույն կետում՝ «Եդեմի այգում» (եբր. «գան էդեն»), կամ, հունական և սլավոնական տեքստերի համաձայն՝ «բերկրության դրախտում»: Այդ տարբերությունը տեղի ունեցավ այն պատճառով, որ LXX-ը եբրայերեն «էդեն» բառը, որը երկրի հատուկ անունն է, ընդունել են իբրև նրան համահունչ հասարակ անուն, որն էլ թարգմանել են «բերկրանք» կամ «քաղցրություն»: Նույնպես և եբրայերեն «գան» բառը, որը նշանակում է ճաղերով պարսպապատ տեղ, որտեղից էլ՝ «այգի» բառը (Բ Օր. 11։10, Ես. 51։3, Երեմ. 31։8–9), LXX-ը փոխարինել է հունարեն παράδεισος բառով, որն էլ իր հերթին փոխառություն է պարսկերեն լեզվից և նշանակում է զբոսավայրը շրջափակող հողե կամ քարե պատնեշ, որտեղից էլ «այգի» կամ «պարտեզ» անվանումը: Աստվածաշնչի ուրիշ տեղերում դրախտը կոչվում է «Աստծու այգի» (Ծննդ. 13։10, Եզրաս. 28։13, 31։8) կամ՝ «Եդեմի պարտեզ» (Ծննդ. 2։15, 3։23–24, Հովհ. 2։3), կամ էլ՝ պարզապես «Եդեմ» (Եզրաս. 31։9):

   Արևելյան կողմը: Աստվածաշնչյան որոշ թարգմանություններ այդ աշխարհագրական ցուցումը փոխարինում են ժամանակագրականով՝ թարգմանելով եբրայական «միկկեդեմ» տերմինը «սկզբում» բառով (Վուլգաթե, Ակիլա, Սիմմախ, Թեոդոտիոն): Բայց հունական, ասորական և ռուսական երկու թարգմանություններն առավել ճշգրիտ են փոխանցում՝ թարգմանելով «արևելյան կողմը», քանի որ Աստվածաշնչի նաև այլ տեղերում տվյալ տերմինը սովորաբար նշանակում է վայր, այլ ոչ թե ժամանակ (Ծննդ. 3։24, 4։16): Եդեմ երկիրը, որը ըստ ուրիշ սրբազան գրքերի (Ես. 37։12, Եզրաս. 27։23) պետք է փնտրել Միջագետքի մոտ՝ Տիգրիսի և Եփրատի ավազանում, որն իսկապես ընկած էր Պաղեստինից արևելք, մի տեղ, որտեղ ապրել և գործել է Հնգամատյանի հեղինակը, որտեղ նա գրի է առել նաև դրախտի մասին այդ աստվածային հայտնությունը:

   Եվ այնտեղ դրեց ... մարդուն... Հետևաբար, առաջին մարդը արարվեց դրախտից դուրս, և հետո դրվեց այնտեղ:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Աստուած դրախտ տնկեց Եդեմում՝ արեւելեան կողմը, եւ այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն:
(Արարատ թարգ․) Եվ Տեր Աստված արևելյան կողմում` Եդեմում, մի պարտեզ տնկեց և այնտեղ դրեց Իր ստեղծած մարդուն։
(Գրաբար) Եւ տնկեաց Աստուած զդրախտն յԵդեմ ընդ արևելս, և եդ անդ զմարդն զոր ստեղծ: