Ծննդոց գրքի մեկնություն 28:10

Ա. Լոպուխի

Հակոբը Բերսաբեից ելավ գնաց Խառան։ [10] (Սինոդական թարգ․)
   
   Արդեն 10–րդ համարից սկսած՝ շարադրվում է գրեթե միայն Հակոբի պատմությունը (Իսահակի մահվան մասին մի փոքր հիշատակում կա Ծննդ. 35:28–29–ում), որն, ըստ բնակության վայրի, ինքնաբերաբար բաժանվում է 3 ժամանակաշրջանի՝ միջագետքյան, քանանական և եգիպտական։ Հակոբը Բերսաբեից գնաց հյուսիս՝ դեպի Քանան, ապա Հորդանանի և Գաղաադի միջով՝ Բասան, իսկ այնուհետև՝ դեպի Դամասկոս և այլուր։

   Ճանապարհի դժվարությունը և Հակոբի հաստատակամությունը անվիճելի էին:

   «Մարդ, որը դաստիարակվել էր նման ծառայություններից օգտվող տան մեջ, ճանապարհ ընկնելիս ո՛չ բեռնակիր կենդանիներ պահանջեց, ո՛չ շքախումբ, ո՛չ պարեն, այլ ճանապարհ ընկավ՝  որպես առաքյալ» (Հովհան Ոսկեբերան, Զրույցներ Ծննդոց գրքի վերաբերյալ, գլ. 54, էջ 581): Ըստ ռաբբիների՝ Ծննդ. 28:10–ում ընդգծված է, որ Հակոբը ցավով է թողնում հայրական տունը (Աբարբանելը), և որ բարեպաշտ այրի հեռանալով՝ քաղաքը (Բերսաբեեն) զրկվեց իր փառքից (Ռաշի):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Յակոբը Երդման ջրհորի մօտից ելաւ գնաց Խառան:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը Բերսաբեեից դուրս եկավ ու գնաց դեպի Խառան:
(Գրաբար) Եւ ել Յակոբ ի Ջրհորոյ անտի երդման, եւ գնաց ի Խառան: