Ծննդոց գրքի մեկնություն 28:11

Ա. Լոպուխին

Հասնելով մի տեղ՝  այնտեղ գիշերեց,  քանի որ արևը մայր էր մտել: Այնտեղի քարերից մեկը վերցրեց, բարձի տեղ դրեց գլխի տակ ու քնեց: [11] (Սինոդական թարգ․)
   
   Վայրը, որտեղ Հակոբը կանգ առավ, կոչվում է Բեթել, որը Երուսաղեմից 12 հռոմեական մղոն (մոտ 17 կիլոմետր, լրացումը` խմբ.)  հեռավորության վրա է՝ Սյուքեմ տանող ճանապարհին: Հակոբը մեկ օրում չէր կարող հասնել այնտեղ (ըստ ռաբբիների՝ Հակոբը «օրվա որդին» էր, այսինքն՝ Բերսաբեից դուրս գալու օրը հասավ Խառան, որը, իհարկե, անհավանական է)։ Սլավոներեն обрете место (շահել) բառին համապատասխանում է եբր. paga և հուն. α’πανταω բառերը։ Թալմուդի հեղինակները այս արտահայտությունը Հակոբի աղոթքի մասին ասված են հասկանում և սա հիմք ընդունելով՝ Հակոբին են վերագրում երեկոյան աղոթքի սահմանումը (Իսահակին վերագրում են ցերեկվա աղոթքը՝  եբր. Mincha՝ հիմնվելով  Ծննդ. 24:63–րդ համարի վրա, իսկ Աբրահամին՝ առավոտյան՝ ըստ Ծննդ. 12:26–րդ համարի): Այս դրվագը նույնացնում են Իսահակի զոհաբերման դրվագի հետ։ Այս ենթադրություններում ճշմարիտ է միայն այն միտքը, որ Հակոբը աղոթական վիճակում էր։ Անկասկած, նա գիշերում էր բաց երկնքի տակ, քանի որ խուսափում էր քանանացիների հետ շփումից. Հայրը պատվիրել էր ամուսնական կապեր չունենալ նրանց հետ (հմր. 1)։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Հասնելով մի տեղ՝ նա քնեց այնտեղ, որովհետեւ արեւն արդէն մայր էր մտել: Նա առաւ այնտեղի քարերից մէկը, դրեց գլխի տակ ու քնեց այնտեղ:
(Արարատ թարգ․) Եվ մի տեղ հասավ ու գիշերեց այնտեղ, որովհետև արեգակը մայր էր մտել: Վերցրեց այնտեղի քարերից, դրեց գլխի տակ ու այնտեղ պառկեց:
(Գրաբար) Եւ հասեալ ի տեղի մի` եւ ննջեաց անդ. քանզի արեւն ի մուտս էր, եւ առ ի քարանց տեղւոյն եւ եդ ընդ սնարս իւր, եւ ննջեաց ի տեղւոջն յայնմ: