Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 28:16

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Իսկ տասնմէկ աշակերտները գնացին Գալիլիա, այն լեռը, ուր Յիսուս իրենց հետ ժամադրուել էր:

 

   Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա` այն լեռը, ուր Հիսուսը ժամադրվեց նրանց հետ:

   Այստեղ [ավետարանիչը] «Գալիլեա» է կոչում ո՛չ այն գավառը, որում Նազարեթն էր: Ձիթենյաց լեռան մոտ ևս մի վայր կար այդ անունով, մոտ այն վայրին, որտեղից [Հիսուսը] համբարձվեց երկինք 1678: Իսկ ժամադրության լեռը հենց այն է, որի մասին Տերն ասաց աշակերտներին հինգշաբթի երեկոյան. «Իմ հարությունից հետո ձեզնից առաջ կգնամ Գալիլեա» (Մատթ. 26:32): Հրեշտակները խնկաբեր [կանանց] պատգամավորության միջոցով առաքյալներին ասացին, որ այնտե՛ղ գնան` տեսնելու Տիրոջը Գալիլեայում, որը թարգմանվում է «ժողով» կամ «հայտնություն» 1679, որովհետև այնտեղ ժողովված առաքյալներին հայտնվեց նրանց Տերը հարուցյալ մարմնով: Բայց պետք է իմանալ, որ ոմանք ասում են, թե սա [Տիրոջ] վերջին երևումն է աշակերտներին, որոնց ուղարկեց մկրտելու` ըստ Ղուկասի. «Քարոզել Նրա անունով ապաշխարություն և մեղքերի թողություն բոլոր ազգերի մեջ` սկսած Երուսաղեմից» (Ղուկ. 24:47): Եվ սա ասելով` օրհնեց նրանց և հեռանալով նրանցից` բարձրացավ երկինք: Արդ` եթե այդպես է, ճշմարի՛տ է, ես էլ եմ համաձայն, իսկ եթե երկու անգամ եղավ [այս երևումը], դա էլ է հարմար գալիս, որովհետև ըստ կանանց ավետիսի` աշակերտները գնացին Գալիլեա և տեսան Նրան ու լսեցին Նրանից Նրա ասածը:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

16-17. Իսկ տասնմէկ աշակերտները գնացին Գալիլիա, այն լեռը, ուր Յիսուս իրենց հետ ժամադրուել էր: Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին:
   
   Գալիլիայում կատարված երևումներից մեկը Հովհաննեսի պատմածն է ծովակի եզերքին, մյուսն էլ Մատթեոսն է պատմում` լեռան վրա: Մատթեոսն իր պատմածի մեջ այնպիսի ոճ է գործածում, կարծես թե երևումը թե առաջինը և թե վերջինը լիներ, և Գալիլիայի լեռան վրա կարծես թե առաջին անգամ են առաքյալները Հիսուսին տեսնում ու այնտեղ էլ վերջնական հանձնարարություններ ստանում: Սակայն Մատթեոսի խոսքերը լավ քննելով` այդ մտքին հայտնապես չենք հանգի, և ոճի վրա հիմնված ենթադրական մեկնությունները մյուս ավետարանների հայտնի պատմությունները եղծանել չեն կարող: Հիսուսի` որպես ժամադրավայր ցույց տված լեռը, ամենայն հավանականությամբ, Կափառնայումի ետևում գտնվող բարձունքն է, Երանությունների լեռը, որը լեռան քարոզի էլ տեղն է եղել, Հիսուսի քարոզությունների սովորական բեմն էր, և պատշաճ էլ էր, որ ինչպես ամբողջ Գալիլիան, նույնպես այդ լեռն էլ` հարությունից հետո Հիսուսի նորօրինակ ու նորահրաշ գործունեության ասպարեզը լիներ:
   Այդ լեռան վրա հավաքվողներն այս անգամ Տասնմեկ էին միայն, և Մատթեոսի հիշած ժամադրությունը ոչ թե լոկ վերջին ընթրիքին կամ հարության առավոտյան հիշված ժամադրություններին կարեղ ենք վերագրել, այլև հատուկ և որոշակի մի ժամադրության, որ Գալիլիայի ծովակի երևման և կամ ուրիշ չպատմված մի երևման ժամանակ կարող է տրված լինել, այնտեղ հատկապես հավաքվելու, որպեսզի իրենց առաքելական պաշտոնի վերաբերյալ իրավասություններն ու հրահանգները բացատրի, ինչպես ստորև պիտի ցույց տանք:
   Թեպետ ժամադրությամբ ու գիտակցելով են եկել, թեպետ Հիսուսին քանիցս տեսել են, թեպետ Հիսուսին սպասելու համար են այնտեղ գտնվում, սակայն միշտ առաքյալների սրտերը վարանումից ու կասկածից զերծ չէ, և նույնիսկ այդ ընթացքում, երբ Հիսուսին տեսնելով իրենց խորին հարգանաց ողջույնն էին մատուցում և առջևը երկրպագություն անում, տակավին սրտերի վրա տարակուսանք էր տիրում. Ոմանք յերկուացան, Այդ տևական և շարունակվող կասկածն ու վարանումը ոմանց կողմից մեղադրելի արարք է համարվում առաքյալների համար, որոնք մեկ անգամ հավատալուց ու Հիսուսի վերքերը զննելուց, մարմինը շոշափելուց և սպիները տեսնելուց հետո այլևս չպետք է տարակուսեին և վարանման նշաններ ցույց տային: Իսկ մենք, ընդհակառակը, պիտի համարձակվենք մինչև իսկ խոհական ու գովելի հռչակել առաքյալների ընթացքը:
   Նկատի ունենալով եղելության տարօրինակ և անօրինակ վիճակը, ինչպիսին էր մեռածի ու թաղվածի երրորդ օրը վերակենդանանալը, նկատի ունենալով նաև վերակենդանացած և հարություն առած անձի նորօրինակ ընթացքն ու կենցաղը, որ փակված դռներով մտնում ու ելնում է և աներևութանում առանձին-առանձին և հեռավոր տեղերում գտնվելու համար ժամանակ չի դնում, և որի ոչ բնակությունը և ոչ կենցաղը կարող է ճշտվել, առաքյալներն ամեն իրավունք ունեին երևմանը հավատալ, և երևումից հետո` հավատքը փոխել, համոզվել մի իրողության մեջ և իրողությունից հետո` տարակուսանքի մեջ ընկնել, իրենք էլ չկարողանալով գլխում տեղավորել և բացատրել հրաշափառ հարության հրաշալի եղելությունը: Մյուս կողմից առաքյալների քննադատական հետապնդումները, նորանոր կասկածները փարատելու ջանքերը, եղելությունների և երևումների կրկնությամբ հավատքներն ամրապնդելը` ապացուցում են նրանց մտավոր կարողության զորությունը, և ոչ երբեք տկարությունը: Եվ մեզ և մեր նախնիների համար, որ Հիսուսի հարության հավատքով քրիստոնեությանն ենք հետևել, շատ ավելի վստահության հիմք և համոզման փաստ են ընծայում այդ հարության վկաները, որոք երկար վարանումներից, շարունակվող երկմտություներից և կրկնվող կասկածներից հետո համոզվեցին Հիսուսի հարության մեջ ու այն քարոզեցին և իրենք կյանքով ու արյունով հաստատեցին, և ոչ թե մի երևումով և անցողիկ տեսիլքով հավատացողներ եղան: